Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը՝ գազի նոր սակագնի, ՀԷՑ-ի վարկի եւ բենզինի բարձր գների մասին (Տեսանյութ)

Փետրվար 25,2016 14:24

ԱԺ նիստում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագիրը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ երկու օր առաջ է եկել Վրաստանից, որտեղ ուսումնասիրել է բենզինի, դիզելային վառելիքի գները. «270-280 դրամ բենզինն է, մոտ 220 դրամ դիզելն է, սա 40-50 տոկոսով էժան է, քան մեզ մոտ է: Ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս է գինը ձեւավորվում Վրաստանում, ինչպե՞ս է ձեւավորվում ՀՀ-ում, ինչո՞ւ է այդքան մեծ տարբերություն»:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ դա իր գործառույթը չի. «Ես բենզինի գներով չեմ զբաղվում: Նույն հարցը կարող եմ ձեզ տալ՝ ինչո՞ւ է այդպես»:

Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ գազի սակագներից: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ հիմա նոր բանակցություններ են գնում, թե սահմանի վրա գազի գինը որքան պետք է լինի:

Արամ Մանուկյանի հարցին՝ պաշտոնապես հայտարարվեց, որ ՀԷՑ-ում 2 տոկոս քիչ են կորուստները, արդյոք դա հիմք չէ սակագինը վերանայելու, չէ՞ որ 2 տոկոս կորուստները քչացել են՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ ՀԷՑ-ում ֆինանսական վատ վիճակի համար 2 պատճառ կա՝ հաշվեկշռի իրենց կանխատեսումների անհամապատասխանությունը, որը ՀԷՑ-ի մեղքով չէ, երկրորդը՝ ՀԷՑ-ի վատ կառավարումը. «Վատ կառավարման բաղադրիչներից մեկն էլ կորուստներն են: Հիմա իրենք դեռ նոր հասնում են կորուստների այն մեծությանը, որը դրված էր մեր՝ սակագնի հաշվարկման»:

Նա ասաց, որ եթե կարողանան կորուստները այնքան իջեցնեն, որ դա պակաս լինի իրենց հաշվածից, նոր սակագնի վրա դա կանդրադառնա:

ՀԱԿ պատգամավորը նաեւ հարցրեց. «Օգոստոսի 1-ին 7 դրամ ավելացրինք սակագինը՝ պատճառաբանելով, որ դրանով փակելու են պարտքերը ՀԷՑ-ի: Այդ դեպքում որտեղի՞ց առաջացավ ՀԷՑ-ի նոր վարկի գաղափարը, ընդ որում, ՀԷՑ-ի սեփականատերն ասում է՝ դա իմ վարկը չի, ես դրա հետ գործ չունեմ»:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ էներգետիկայի նախարարության կայքում կարդացել է, որ այդ վարկային պարտավորությունը որեւէ լումայի բեռ չի դնի բաժանորդի վրա: Այդ վարկերը չեն կապվում ՀԷՑ-ի հետ: Դրանք տրամադրվում են ատոմակայանին եւ Երեւանի ՋԷԿ-ին: ՀԷՑ-ը պարտավոր է իր պարտքերը մարելու, եթե չմարի, ֆինանսական պատժամիջոցներ կարող ենք կիրառել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29