Հարցրին, թե ի՞նչ հեղափոխական փոփոխություններ է կատարելու Հայաստանի մենաշնորհային տնտեսությունում, այսօր առաջին անգամ կառավարության նիստին շտապող էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց.
«Ինձ ժամանակ տրամադրեք, ծանոթանամ՝ ինչ ծրագրեր կան, ինչ է կատարվել, դրանից հետո առաջարկները՝ հիմնված թե համաձայնագրի, թե նախագահի ելույթի հիմնական մոտեցման վրա, կհրապարակենք: Խնդրելու եմ ձեզ, որ մեզ աջակցեք մեր գործունեության ընթացքում»:
Այն դիտարկմանը, որ գաղտնիք չէ՝ Հայաստանի տնտեսության առողջացման համար էական քայլեր չեն արվում, պարոն Մինասյանն ասաց, որ համամիտ չէ այն քաղաքական գնահատականին, թե ոչ մի քայլ չի իրականացվում. «Մենք կարող ենք խոսել ձեռնարկված գործողությունների արդյունավետության չափի, մակարդակի մասին, նոր գործողությունների մասին: Դրա համար եմ ասում՝ սպասեք, շատ չէ: Ես կծանոթանամ համակարգին եւ դրան համապատասխան հրապարակային կլինեն բոլոր ծրագրերը եւ գործողությունները»:
Հարցին, թե հնարավո՞ր է նախարարությունում կադրային փոփոխություններ կատարվեն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ընդամենը մեկ ժամ է, որ ներկայացվել է որպես նախարար՝ «Մի խեղդեք ինձ, սպասեք մի քիչ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ