Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 25-ին դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ սկսվեց Դավիթ Ազատյանի գործի քննությունը:
Մեղադրող Տիրայր Կարապետյանը հայտարարեց, որ 25-ամյա Դավիթ Ազատյանը մեղադրվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, հանդիսանալով 4/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, քվեարկել է այլ անձի՝ Գայանե Գյուլնազարյանի փոխարեն:
Դատական նիստի ընթացքում Դավիթ Ազատյանը միջնորդեց, որպեսզի դատաքննության արագացված կարգ կիրառվի: Նա հայտարարեց, որ համաձայն է մեղադրանքի հետ, եւ զղջում է կատարած արարքի համար: Մեղադրողն ասաց, որ չի առարկում, իսկ Դավիթ Ազատյանի պաշտպան Էլիզա Կոստանյանը միացավ իր պաշտպանյալի միջնորդությանը:
Մեղադրողը հայտարարեց, որ Դավիթ Ազատյանը նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, ընդունել է իր մեղքը, զղջացել, ինչը հանդիսանում է մեղմացնող հանգամանք: Նա պահանջեց Դավիթ Ազատյանին ճանաչել մեղավոր եւ որպես պատիժ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
Կարդացեք նաև
Էլիզա Կոստանյանը նշեց, թե մեղմացնող հանգամանք է, որ Դավիթ Ազատյանը միակողմանի ծնողազուրկ է, մայրը գտնվում է իր խնամքին, սակայն դատարանին ապացույց չներկայացրեց:
Դավիթ Ազատյանը, օգտվելով վերջին խոսքի իրավունքից, ասաց, որ զղջում է եւ խնդրում մեղմ պատիժ կիրառել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, գործով դատական ակտը կհրապարակվի փետրվարի 25-ին, ժամը 12:40-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ