Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ավելի բարոյական կլիներ, եթե Բաբայանն ինքնակամ լքեր ԲՀԿ-ն. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 25,2016 12:20

Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ ԲՀԿ-ում, երբ այդ խմբակցության պատգամավորներից Էլինար Վարդանյանն  ու  Ստեփան Մարգարյանը հակառակ ԲՀԿ-ի՝ սահմանադրությանն «այո» ասելու որոշմանը, ԱԺ-ում չմասնակցեցին սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը։ Նրանց ԲՀԿ խմբակցությունն անմիջապես հեռացրեց միջխորհրդարանական պատվիրակություններից, Է.Վարդանյանին՝ նաեւ կուսակցության սկզբնական կառույցից։ Ընդ որում, այդ պատգամավորները ԲՀԿ-ի հասցեին որեւէ ավելորդ արտահայտության չէին ասել ու մինչեւ հիմա էլ չեն արել, այլ միայն բացատրել էին ԱԺ քվեարկությանը չմասնակցելու քայլը, այն է՝ շարունակում են մնալ իրենց նախկին դիրքորոշմանը՝ դեմ են սահմանադրական փոփոխություններին։

Հիմա Վահան Բաբայանն արդեն որերորդ օրն է՝ բաց հայտարարում է, որ ինքը չի կիսում ԲՀԿ տեսակետը, նույնիսկ քննադատում է իր կուսակցության ղեկավարությանը՝ իշխանական կերակրատաշտի մոտ հայտնվելու իր մանկության երազանքը չիրականացնելու համար, ավելին՝ լրատվամիջոցներով ու ԱԺ ամբիոնից ոչ կոռեկտ արտահայտություններ է անում իր կուսակից ընկերների հասցեին։

Այսինքն՝ իր ամեն քայլով Բաբայանը դեմ է գնում կուսակցության գծին, բայց ԲՀԿ ղեկավարությունը նրա հանդեպ հանկարծ դարձել է ժողովրդավար, հանդուրժողականություն է ցուցաբերում՝ ոչ միջազգային պատվիրակություններից է այս երիտասարդին հեռացնում, ոչ էլ կուսակցությունից։ Եվ սա այն դեպքում, երբ, նկատենք, որ Վահան Բաբայանը շարքային կուսակցական չէ, այլ 2014թ.-ից նա նաեւ կուսակցության քաղխորհրդի քարտուղարն է, ի պաշտոնե՝ երրորդ դեմքը ԲՀԿ-ում՝ նախագահից ու փոխնախագահից հետո։ Ու ստացվում է, որ ԲՀԿ- ի երրորդ դեմքը համաձայն չէ կուսակցության որոշումներին ու քաղաքականությանը։ Այս դեպքում շատ ավելի բարոյական կլիներ, եթե Բաբայանն ինքնակամ լքեր ԲՀԿ-ն (եթե իհարկե, ունի այդքան կամք ու բարոյականություն). դա է հուշում նաեւ տարրական տրամաբանությանը։ Մինչդեռ, նա շարունակում է մնալ ԲՀԿ-ում։

Համաձայնվեք, այս ամենը, մեղմ ասած, աբսուրդ է։ Բայց շատ ավելի աբսուրդ է նրա նկատմամբ ԲՀԿ ղեկավարության, մասնավորապես՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հանդուրժողականությունը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29