Նախարարն ասաց, որ փոքր ինչ անսովոր է նոր աշխատասենյակում գտնվելը. «Պարոն Աշոտյանին ասել եմ` եթե գունային փոփոխություն լինի, որեւէ անձնական բան չկա: Կարծում եմ կփոխեմ գույնը: Ոչ թե սրտովս չի, այլ անսովոր է»:
Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախարարության աշխատակազմի որոշ անդամների հետ նախկինում էլ է աշխատել. «Երբ 1998թ. եւս նշանակվեցի նախարար, նրանք այդ ժամանակ էլ էին աշխատում եւ բավականին պատասխանատու: Կադրային փոփոխությունների առումով ինձ ժամանակ է պետք, բայց չափանիշը հստակ է` պրոֆեսիոնալիզմը»:
Կրթության նախարարը նկատեց, որ վերջին տարիներին ոչ միայն հետեւել է արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեությանը, այլեւ ենթակա է եղել նրան` դասավանդելով Երեւանի պետական համալսարանում. «Դա հետաքրքիր փորձառություն էր: Որպես դասախոս` զգացել եմ Բոլոնյան գործընթացի բարեփոխումները: Այդ առումով որոշակի դրական եւ դիսկոմֆորտ պահեր կան, որոնք ինձ կօգնեն: Երբ մարդ որոշակի պրակտիկա ունի, արդյունքը ստանում է»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Լեւոն Մկրտչյանն այսօր Արմեն Աշոտյանից խորհրդանշական հուշանվեր ստացավ (լուսանկարում):
Հուշանվերի վրա գրված էր. «Որքան կարողացել եմ, աշխատել եմ, մաղթում եմ, որ ինձնից լավ աշխատեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ