Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Մենք մեր երկրի զարգացման համար առանցքային ենք դիտարկում շարժունակությունը և փոխադրումները»

Փետրվար 25,2016 11:49

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «2030 օրակարգի ֆինանսավորումը. Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրի կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հարցերի շուրջ» քննարկմանը

Ձերդ գերազանցություններ,

«Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են. մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված, մեր համադրված ջանքերը պետք է առաջնորդվեն միասնական հաստատակամությամբ առ այն, ինչը հիսուն տարի առաջ հիմք ծառայեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրման համար՝ ապահովել առավել բարեկեցիկ կյանք բոլորի համար՝ առանց բացառության: Մենք պետք է միասնական և վճռական գործենք՝ բարելավելու ամենախոցելի խմբերի և համայնքների պայմանները, որոնք դրա կարիքն առավելագույնն են զգում:

Տիկնայք և պարոնայք,

2030 թվականին միտված օրակարգում միջազգային հանրությունը վերահաստատել է կայուն զարգացման և խաղաղության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջև առկա փոխկապակցվածությունը: Ճգնաժամային և արտակարգ իրավիճակներին մարդասիրական արձագանքը միջազգային հանրության նշանակալի ռեսուրսներ է կլանում և աստիճանաբար առավել մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհային օրակարգում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում: Միավորված ազգերի կազմակերպության համար շարունակում է առաջնային խնդիր մնալ իր հայեցակարգային, նորմատիվ և գործառնական կարողությունների բարելավումը՝ ուղղված կանխարգելիչ հնարավորությունների կատարելագործմանը:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանում ՄԱԶԾ ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական կառավարումը, աղքատության կրճատումը, սահմանների համալիր կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և աղետների ռիսկի նվազեցումը: Անցյալ տարի ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը ստորագրեցին ՄԱԿ-ի զարգացման աջակցության երրորդ ծրագիրը. ռազմավարական մի փաստաթուղթ, որն ուղղորդելու է մեր համագործակցությունը 2016-2020թթ. ժամանակահատվածում՝ արտացոլելով Հայաստանի տեսլականը և հանձնառությունը` բարելավելու իր բնակչության կենսական պայմանները:

Տիկնայք և պարոնայք,

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ընդունումը և դրա ներառումը «2030 օրակարգ»-ի մեջ կարևոր քայլ է՝ կայուն և ներառական զարգացման քաղաքականությունը խթանելու առումով: Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և մեր աշխատանքներում ընդգրկելու համար մի քանի շաբաթ առաջ Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն: Կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքների բավարարմանն ուղղված միջազգային պարտավորությունների իրականացմանը՝ «2030 օրակարգ»-ի համապարփակ գլոբալ հաշվետվողականության շրջանակներում: Այս մեխանիզմը պետք է վերաբերի բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ տարանցիկ երկրներին։

Այսօրվա մեր նստաշրջանի ուշադրության կենտրոնում գտնվող հարցերն ուղղակիորեն առնչվում են ընթացիկ զարգացման ծրագրերի համադրմանը, ոչ միայն «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ին, նաև ավելի վաղ ընդունված մի շարք փաստաթղթերի` Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրին, Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրին և COP 21 պատմական համաձայնագրին:

Կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման խնդիրը համընդհանուր մոտեցում է պահանջում՝ ելնելով մի շարք տեսանկյուններից: Ենթակառուցվածքային և կայուն զարգացման նպատակով ներդրումները, ներառյալ՝ համադրված ֆինանսավորման միջոցով, կարևոր նշանակություն կունենան զարգացման հավակնոտ օրակարգի իրականացման գործում: Տարբեր նախագծերի իրականացմանն ուղղված ներդրումային գրավչության խնդիրը, պետական ու մասնավոր ֆինանսավորման ապահովումը կարևոր տեղ են զբաղեցնում մեր երկրի և միջազգային ֆինանսական կառույցների շփումներում:

Գլոբալ մակարդակով հետևողական քայլեր են անհրաժեշտ՝ ենթակառուցվածների համար ոչ բավարար ներդրումների խնդրիրը լուծելու նպատակով: Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրում ենթակառուցվածքների ֆինանսավորման բացը լրացնելու անհրաժեշտությունը ճանաչվել է որպես կարևոր առաջնայնություն: Ողջունելի է այդ միջազգային հանձնառությունը, այդ թվում՝ զարգացող երկրների պարագայում 1-1,5 տրիլիոն ԱՄՆ դոլարի պակասը լրացնելու իմաստով։

Կարևոր է, որ ֆինանսական դժվարությունների հետ մեկտեղ մենք առավել ուշադրության արժանացնենք կայուն զարգացմանն ուղղված խոչընդոտները՝ փակ սահմաններ, շրջափակումներ, անտեղի խտրական առևտրային ռեժիմներ։ Սրա վառ օրինակներից է այն, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող անօրինական շրջափակման պատճառով չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղին (Գյումրի-Կարս)՝ խոչընդոտ հանդիսանալով տարածաշրջանային կայուն զարգացմանը։

Հայաստանի համար ենթակառուցվածքային զարգացումը առաջնահերթություն է, որը պատշաճ կերպով արտացոլված է վերջերս ընդունված «Առաջիկա տասնամյակի հեռանկարային զարգացման ռազմավարության» մեջ: Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի՝ դեպի ծով երաշխավորված մուտքը հարևան տարանցիկ երկրի միջոցով, ըստ էության, մերժվում է, բնական է, որ մենք մեր երկրի զարգացման համար առանցքային ենք դիտարկում շարժունակությունը և փոխադրումները:

Ադիս Աբեբայի գործողության ծրագրի պարտավորություններին համապատասխան՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրների միջև անհավասարությունները հաղթահարելու նպատակով պետք է խթանել օրենքի վրա հիմնված, բաց, թափանցիկ, կանխատեսելի, համապարփակ, ոչ խտրական և անաչառ բազմակողմ առևտրային համակարգերի ներդրումը: Մենք կիսում ենք այն մոտեցումը, որ դա կարող է նպաստել կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Տիկնայք և պարոնայք,

2016 թվականը «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի իրականացմանն անդրադառնալու առաջին տարին է: Նախագահելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործադիր խորհրդում՝ Հայաստանը տրամադրված է շարունակել համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում՝ կայուն զարգացման նպատակների իրականացման և դրանց հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29