Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ով ցանկություն չունի իր պարտականությունները պատշաճ կատարելու, թող մտածի այլ աշխատանքի մասին»

Փետրվար 25,2016 11:41

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բոլոր աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել վարչության կողմից քաղաքացիների դիմումների պատասխանների տրամադրման ժամկետներին, Երևանի ավագանու հաստատմանը ներկայացվող որոշման նախագծերի լիարժեք պատրաստմանը, վարձակալությամբ տրամադրված համայնքային գույքի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելուն և մի շարք այլ հարցերի:

Խոսելով վարչության աշխատանքի մասին՝ քաղաքապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել փաստաթղթաշրջանառության և քաղաքացիներին պատասխանելու հարցում վարչության բացթողումներին:

«Քաղաքապետարան ուղղված դիմում-գրությունների գրեթե 50 տոկոսը ուղիղ կապ ունի հենց ձեր վարչության հետ: Ուստի պարտավոր եք ժամանակին և հիմնավոր պատասխաններ տրամադրել բնակիչներին: Եղել են դեպքեր, երբ քաղաքացին ստիպված մեկ ամիս շարունակ սպասել է պատասխանի, այնինչ պարզվել է, որ խնդրին կարելի էր պատասխանել շատ ավելի սեղմ ժամկետում: Այս աշխատաոճն անընդունելի է: Անգամ եթե պատասխանը բացասական է կամ ձեր վարչության գործառույթի շրջանակում չէ, օպերատիվ արձագանքեք մեր համաքաղաքացիների դիմումներին: Քաղաքապետարանը պետք է թեթևացնի մեր համաքաղաքացիների հոգսերը, ոչ թե բարդացնի դրանք թղթաբանության միջոցով»,-ասել է քաղաքապետը: Նա նաև պահանջել է պատասխանատու և հետևողական լինել բնակիչների հետ աշխատանքում:
Քաղաքապետի կողմից առանձնակի կարևորվել է բնակչության հետ հետևողական ու մշտական աշխատանք տանելը հատկապես ոլորտի գործառույթներն ու անելիքները ներկայացնելիս:

«Այսօր, անշուշտ, ավելացել են մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները քաղաքային իշխանությունից, և մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել այդ պահանջների կատարումը: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պետք է շեշտը դնել նաև ձեր գործառույթների ու պարտականությունների հիմնավոր ներկայացման վրա: Պետք է լինել համբերատար, ու եթե ձեզանից մեկը ցանկություն չունի իր պարտականությունները հավուր պատշաճի կատարել, թող այսօր ևեթ մտածի այլ աշխատանքի անցնելու մասին: Անշարժ գույքի վարչությունից 2016թ. ակնկալում եմ ավելի բծախնդիր և պատասխանատու աշխատանք»,- նկատել է քաղաքապետը և ընդգծել, որ նման գործելաոճ դրսևորողները կենթարկվեն պատասխանատվության:
Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից՝ քաղաքապետն այնուամենայնիվ նկատել է, որ ձեռքբերումներով բավարարվել պետք չէ ու անհրաժեշտ է աշխատանքներ տանել ոլորտում նկատված թերացումները շտկելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29