Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի խորհրդարանական ընտրությունները և իրանահայությունը

Փետրվար 25,2016 10:32

Մովսես Քեշիշյան

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,

Թեհրան, 25 փետրվարի 2016 թ.:

Դոկտ. Վահիկ Ռաթեոսյան.

«Եթե նշյալ կողմի (ՀՅԴ-ի) թեկնածուն, հավատում է արդար պայմաններում իր հաղթանակին, ինչու է սարսափում արդար և հավասար պայմաններում մրցակցելուց»:

 Ուրբաթ, փետրվարի 26-ին, Իրանում անցկացվելու են Իսլամական խորհրդարանի և «Առաջնորդության բանիմացների խորհուրդ»-ի ընտրությունները: (Այս վերջինը քննարկում է Իրանի առաջնորդության և սահմանադրական հարցերը:)

Շուրջ 6300 թեկնածուներ մրցակցելու են խորհրդարանի 290 և 189 թեկնածուներ «Առաջնորդության բանիմացների խորհուրդ»-ի 88 աթոռների համար:

Այս շրջանի ընտրությունների հատկանիշներից առաջադրված թեկնածուների մեծ թիվն է. Խորհրդարանի համար՝ 12 հազար 123 հոգի, և Առաջնորդության բանիմացների խորհրդ»-ի համար՝ 801 հոգի:

Հայ համայնքի ընտրությունների հատկանիշներն ու հիմնահարցերը.

Իրանի Սահմանադրական օրենքի համաձայն հայերը երկու պատգամավոր ընտրելու իրավունք ունեն: Այդ երկու տեղերի համար առաջադրվել էին 9-ը թեկնածու, վեցը՝ Թեհրանի և հյուսիսային իրանահայության և երեքը՝ Սպահանի և հարավային իրանահայության համար:

Սակայն դեռ ընտրական քարոզարշավը չսկսած, ըստ էության, որպես բողոքի արտահայտություն իր թեկնածությունը հանեց Թեհրանի և հյուսիսային իրանահայության թեկնածու դոկտ. Վահիկ Ռաթեոսյանը:

Խնդիրն ինչում է.

Դեռ սրանից ամիսներ առաջ Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի ներկայացուցիչները ԻԻՀ Ներքին գործերի նախարարության պատասխանատու անձանց հետ հանդիպման ժամանակ այլ կարևոր հարցերի կողքին մատնանշել էին ընտրությունների արդար կայացման հիմնախնդիրը: Որի առիթով պետական կողմը վստահեցրել էր, որ ամեն ինչ անելու է բացառելու համար ՀՅԴ-ի նախկին ընտրություններում ցուցաբերած մեքենայությունները, արդար ընտրություններ իրականացնելու և ամենից առաջ անկողմնակալ գործադիր հանձնախումբ կյանքի կոչելու: Սակայն դեպքերի ընթացքը գնալով ապացուցեցին որ պետական կողմը իր խոստումը իրականացնելու հետաքրքրությունը կամ ցանկությունը չունի:

Այս մոտեցումը Իրանահայ ժողովրդավարական ուժերին կանգնեցրեց քննության առջև՝ կամ հարգելով սեփական արժանապատվությունը հրաժարվել ընտրություններում թեկնածու առաջադրելուց կամ ենթարկվել մեծամասամբ ՀՅԴ-ի դրածո «գործադիր հանձնախմբի» հերթական կամայականության, որ ընտրվեց առաջինը և փետրվարի 3-ին դոկտ. Վահիկ Ռաթեոսյանը իր հրաժարականն հանձնեց պատկան մարմիններին:

Իրանի ներքին գործերի նախարարության «Ընտրությունների կենտրոնական հանձնախմբին» հղած իր վերջին նամակում դոկտ. Վահիկ Ռաթեոսյանը շեշտել է. «Ակնկալում էի, անկախ ընտրությունների արդյունքից, մասնակցել արդար մրցակցության, սակայն ցավոք, դա այդպես չեղավ և ընտրությունների «Գործադիր հանձնախումբը» ամբողջովին կազմվեց մեկ թեկնածուի պաշտպանող կողմնակիցներով, ինչը, ուզենք թե չուզենք, հարցականի տակ է դնում նրա ԱՐԴԱՐ լինելու հիմնական սկզբունքը»:

Դոկտ. Ռաթեոսյանը իր հղած նամակում հարց է բարձրացրել. «Եթե նշյալ կողմի թեկնածուն, հավատում է արդար պայմաններում իր հաղթանակին, այլ խոսքով՝ հզոր մրցակից է, ինչո՞ւ է սարսափում արդար և հավասար պայմաններում մրցակցելուց»:

Այնուամենայնիվ, ընտրությունները չկայացած հայտնի է, որ խորհրդարան են մտնելու դաշնակցական թեկնածուներ, արհամարհելով իրանահայ համայնքի բոլոր հատվածների երկրի քաղաքական կյանքում և ընտրություններում մասնակցություն բերելու ցանկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29