Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին՝ «պատվերի» մասին

Փետրվար 25,2016 10:08

Պատգամավոր Մհեր Սեդրակյանը քայլում է Ազգային ժողովում` հայհոյելով լրագրողներին, եւ երբ վերջիններս դրա դեմ ընդվզում են, հայտարարում է` իշխանության որոշ ներկայացուցիչներ իմ դեմ հրապարակումներ են պատվիրում: Իհարկե, բացառված չէ, որ նրանք այնտեղ` «վերեւներում», ինչ-որ կիսելու բաներ ունենան (ի վերջո, կկիսեն, մի կասկածեք), բայց իշխանության ոչ մի ներկայացուցիչ Սեդրակյանի լեզվից չէր քաշում, որ նա հայհոյի, եւ ոչ ոք չէր ստիպում, որ նա խորհրդարանում իրեն պահի այնպես, ինչպես պահում է քյաբաբնոցներում` իր հոգեհարազատ միջավայրում:

«Օրինաց երկիրն» իր շուրջը հավաքել է հասարակությանը հիմնականում անհայտ, հաճախ տարօրինակ անուններով կազմակերպություններ՝ «կոնսոլիդացիայի» պատրանք ստեղծելու համար: Եթե դու ընդամենը արձանագրում ես այդ փաստը, ՕԵԿ-ի պատասխանն «ավանդական» է. «Ռեժիմը խուճապի մեջ է, ռեժիմը լեղապատառ է եղել մեր կոնսոլիդացիայից եւ մեր դեմ հոդվածներ է պատվիրում»:

ՀՀԿ-ն Դաշնակցության համար տեղ է բացել, այսպես ասած` «շուշաբանդ է կիսել»` ՀՅԴ-ի համար նոր սենյակ (նոր նախարարություն) բացելու համար: Դաշնակցականները դրա մասին գրողներին դարձյալ մեղադրում են «մութ ուժերի պատվեր» կատարելու մեջ: Ստացվում է, որ երկու կուսակցությունների համագործակցության արդյունքում Հայաստանը պետք է դրախտ դառնա, եւ դրան խոչընդոտող միակ գործոնը լրագրողներն են:

Հիմա եթե ես գրեմ, որ 21-րդ դարի անկախ Հայաստանին բացարձակապես հարիր չէ կիրառել խորհրդային շրջանի «պատժիչ հոգեբուժությունը», ինչպես որ դա արվում է Վարդգես Գասպարիի դեպքում, արդյո՞ք ես կատարում եմ ամերիկյան իմպերիալիզմի պատվերը, որպեսզի թույլ չտամ «Սովետի նման գյոզալական երկրի» վերականգնումը:
Մենք բոլորս, բայց հատկապես՝ քաղաքական գործիչները, պետք է սովորենք մի բան. ցանկացած գրավոր կամ բանավոր խոսք մենք պետք է ընկալենք որպես դրա հեղինակի (հեղինակների) կարծիք` ոչ ավելին: Կա՞ն դրա հետեւում «մութ ուժեր», թե՞ չկան` չորրորդական խնդիր է: Միակ պայմանն այն է, որ այդ կարծիքի հեղինակն ունենա անուն-ազգանուն: Եթե տեսակետը հայտնվում է անանուն կամ կեղծանունով` ես դրա մասին կարող եմ ցանկացած բան մտածել:

…Հազվադեպ է հանդիպում կուսակցական պարանոյային հակառակ մոտեցում: Երբ 2004 թվականին Լարիսա Ալավերդյանը նշանակվեց Մարդու իրավունքների պաշտպան, շատերը (այդ թվում՝ «Առավոտը») ակնարկում էին, որ նա կամակատար կլինի: Երբ տիկին Ալավերդյանի «բարի կամեցողներն» ուզում էին համոզել նրան, թե դա «պատվեր» է, առաջին օմբուդսմենի արձագանքը հետեւյալն էր` «Նորմալ է, թող գրեն, ես իմ աշխատանքով կապացուցեմ, որ սխալվում են»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    “Հիմա եթե ես գրեմ, որ 21-րդ դարի անկախ Հայաստանին բացարձակապես հարիր չէ կիրառել խորհրդային շրջանի «պատժիչ հոգեբուժությունը», ինչպես որ դա արվում է Վարդգես Գասպարիի դեպքում, արդյո՞ք ես….” եւայլն. [մնացեալ տեսակէտը հասկցայ, I got the point, եւ ընդհանրապէս համաձայն եմ. երբեմն աժան փախուստի միջոց են այդ մթին-ուժերի վարկածները. սակայն ոչ՝ միշտ… յատկապէս, երբ խօսքը արտաքին ուժերի մասին է… -. նաեւ, նկատի ունենանք որ ոեւէ անձ կրնայ manipulate ըլլալ, անգիտակցաբար] :

    Սակայն ահա, ըստ վերոնշեալ մէջբերումին՝ նկատի ունենալով որ Խորհրդային ժամանակներուն հոգեբուժութիւնը կը գործածուէր որպէս պատժական միջոց, ձերբակալութեան կամ բանտարկութեան պատրվակ, ուրեմն, ներկայ օրերին երբեք ու բնաւ պէտք չէ՞ ոչ մի ամբաստանեալ հոգեբուժական քննութեան ենթարկել…

    Նոյնի՞սկ երբ որ, ինչպէս, օրինակի համար ՝ այն յատուկ պարագային որուն կ’ակնարկէ վերեւի խմբագրականը, խնդրոյ առարկայ անձը նշանակալից եւ տեւական ախտանշաններ կը յայտնաբերէ, որոնք գոնէ հաւանական կը դարձնեն՝ հոգեկան խախտումի կամ մտային խանգարումի վարկածը, եւ հետեւաբար, լովին կը հիմնավորեն եւ կ’արդարացնեն հոգեբուժական քննութեան պատեհութիւնը:

    Թէ, ոմանց համար՝« չէ՜ճանըմ, ի՞նչ խենթութիւն, ինչ բան… մարդը մի քիչ ձեւ է անում… ամէնը խաղ է… ստեղծագործական ձեւեր են՝ բողոք արտայայտելու», շատ բարի: Մոռացայ որ Հայաստանում ամէն մարդ ամէն բանի մասնագէտ է արդէն… Սակայն եթէ այդ ամբաստանեալը, դատի աւարտին, սովորական պատիժ ստանայ, այդ նոյն անձիքը կարող են ասել՝ այս ի՜նչ թերաճ, հետամնաց օրինական համակարգ. հոգեբուժական խնամքի կարօտ մարդը, խնամելու տեղ, բռնեցին, բա՛նտ նետեցին…

    Մի խօսքով, բացի եթէ տրամաբանութիւնը այն է թէ՝ ամէն դէպքում, ամբողջ երկիրը արդէն գժանոց մըն է, անհասկնալի է թէ ինչու պէտք է գայթակղիլ, փոխանակ գնահատելու, որ այդ անձին հոգեբուժական քննարկում կը շնորհվի: Զորս, նկատի ունենալով իր վերաբերմունքը, հաւանաբար օրինական լաւագոյն պաշտպանութիւնն է իրեն հանմար…

    Ի դէպ, ստուգեցէք թէ անցած երկու տասնամեակներուն քանի՞ անձեր, Հայաստանի մէջ, օրինական համակարգի մէջ, ստացած են հոգեբուժական ուշադրութիւն: Տեսնելով թէ որքան հազվադէպ են այդ պարագաները, հաւանաբար… հակառակ մտահոգութիւնը ունենաք:

    Մինչ այդ, ինչ լաւ կ’ըլլար եթէ կարգ մը քաղաքական գործիչներ դադրէին տեւաբար շահագործելէ այսպիսի կացութիւններ…

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    (միշտ շատ հեշտ է ստուգելը որ այս Կայքէջում «Հ.Շ»-ն ես եմ.
    սակայն ամէն անգամ լրիվ անունս չեմ հրատարակում, որպէսզի աւելորդ «ծանուցում» չըլլայ)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29