Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին քաղբանտարկյալները «կողմ» քվեարկեցին Արման Թաթոյանին

Փետրվար 25,2016 17:00

Մինչդեռ նա այդպես էլ չասաց, որ Հայաստանում մարդիկ
հետապնդվել են քաղաքական հայացքների համար

Երեկ խորհրդարանում, 96 «կողմ», 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ իշխող քաղաքական մեծամասնության ներկայացրած թեկնածուն` Արման Թաթոյանը, ընտրվեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների չորրորդ պաշտպան: «Դեմ» քվեարկող պատգամավորներից մեկն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն է: «Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւախեղված է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացման կարգը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Քոքոբելյանը` հավելելով, որ ինքն ի սկզբանե «դեմ» է եղել ՄԻՊ-ի ընտրության այս կարգին: Այդ մասին նա բարձրաձայնում էր նաեւ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ: «ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովով բառիս բուն իմաստով նշանակվում է Մարդու իրավունքների պաշտպանը: Ազգային ժողովը ոչ թե ընտրում է պաշտպանին, այլ հաստատում է: Այստեղ անձերի խնդիր չկա, բայց սա զուտ հաստատման գործընթաց էր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ոչ պակաս կարեւորում է նաեւ պաշտպանի համարձակության խնդիրը. «ՄԻՊ-ի թեկնածու պիտի լիներ այնպիսի մարդ, ում համարձակությունը գոնե պետք է բավարարեր նշել, որ Հայաստանում եղել են քաղաքական հետապնդումներ եւ քաղբանտարկյալներ»: ԱԺ լիագումար նիստում Խաչատուր Քոքոբելյանն ու Տիգրան Ուրիխանյանն այդ մասին հարց ուղղեցին Արման Թաթոյանին: Տիգրան Ուրիխանյանը նույնպես «դեմ» է քվեարկել Արման Թաթոյանի թեկնածությանը: «Իր պատասխանում ինքը միարժեքորեն պնդեց, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ եւ քաղբանտարկյալներ չեն եղել: Խոսքը չի վերաբերում միայն այսօրվան: Առհասարակ: Նաեւ այն դեպքերում, որոնք եվրոպական բարձր ատյաններում որակվել են այդպիսին: Աչք փակել նման դեպքերի վրա, իմ կարծիքով, անհնար է: Սա անձի խնդիր չէ, մասնագիտական ունակությունների հետ կապված չէ, ինստիտուցիոնալ մոտեցում է»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում Հայաստանում նաեւ բազմաթիվ քաղհալածյալներ եւ քաղբանտարկյալներ եղան: Նրանցից շատերը նաեւ իրենց գործերը վիճարկեցին ՄԻԵԴ-ում եւ փոխհատուցումներ ստացան: Այդ ժամանակ քաղաքական հայացքների համար բանտախցում հայտնված, ներկայումս ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը «կողմ» քվեարկեցին Արման Թաթոյանի թեկնածությանը: Խաչատուր Քոքոբելյանը հրաժարվում է մեկնաբանել իր գործընկերների կեցվածքը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ իր համար Օմբուդսմենի նախընտրելի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն էր, բայց վերջնական որոշել է, որ «կողմ» է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը. «Սա ավելի շատ պոստ ֆակտում վստահության քվե է ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտին»: Սրան ավելացնելու ոչինչ պարոն Փաշինյանն այս պահին չունի: Համենայնդեպս, մեր հարցին ի պատասխան՝ այդպես արձագանքեց նա: Ալեքսանդր Արզումանյանին էլ բավարարել է այն, որ Արման Թաթոյանի` ՄԻԵԴ-ոմ ՀՀ ներկայացուցիչ լինելու ընթացքում շահերի բախում չկա իր հայցերով:

Արման Թաթոյանին «դեմ» քվեարկածներից մեկն էլ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն է: Նա էլ է ՄԻՊ-ի թեկնածության առաջադրման մեխանիզմին դեմ: ՄԻՊ թեկնածությունների առաջադրումների մեխանիզմի քննարկումների ժամանակ Թեւան Պողոսյանը միակ պատգամավորն էր, ով գրավոր առաջարկներ ներկայացրեց` մի քանի թեկնածություններ առաջադրելու եւ ԱԺ մարդու իրավունքների եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասով: Իր առաջարկները նա կանի նաեւ ԱԺ նոր կանոնակարգի մշակումների ժամանակ:

Ուշագրավ է, որ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարեց, որ առաջարկում է Էլեոնորա Ասատրյանի թեկնածությունը, ինչը բավական աննկատ անցավ: Միայն Թեւան Պողոսյանն իր ելույթում հիշատակեց Էլեոնորա Ասատրյանի թեկնածության մասին: «Հանձնաժողովում խոսակցություն ունեցել եմ եւ առաջարկել եմ, որ չորրորդ թեկնածուին էլ ընդգրկենք, անպայման օգտագործենք սա, քանի որ առաջին դեպքն է, երբ խոսում ենք հանրային սեկտորի հետ համագործակցելու մասին, ու մարդիկ ինքնակազմակերպվել են: Բայց մենք դրան ընթացք չենք տալիս, գոնե մշակույթ ձեւավորելու, որ հարգանք ունենք այդ ինքնակազմակերպման հանդեպ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը:

«Ես թերթերից եմ տեղեկացել եւ ցավում եմ, որ մի փոքր ուշ ենք տեղեկացել, բայց նման նամակ հանձնաժողովում մուտք չի եղել»,- այդ առիթով մեր հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Փաստորեն, քաղաքացիական հասարակության կողմից կար առաջադրված թեկնածու, իսկ մեր որոշ գործընկերներ, առանց անուններ հրապարակելու, նշում էին, որ միասնական թեկնածու չկա: Իրենք, որպես ընդդիմադիր, կարող էին այդ իրավունքից օգտվել, բայց քանի որ բոլորն, այսպես ասած, իրենց տաքուկ տեղն էին փորձում գտնել, անտեսել են Էլեոնորա Ասատրյանին»,- իր կարծիքը բարձրաձայնեց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ ԱԺ նոր կանոնակարգ օրենքն ընդունելուց այս հարցերն ի նկատի կունենան. «Առնվազն մեխանիզմներ պիտի լինեն, որ գոնե ՄԻՊ-ի դեպքում քաղաքացիական հասարակությունը հնարավորություն ստանա թեկնածու առաջադրելու: Մեխանիզմների մասին այս պահին չասեմ, բայց այս քննարկումները նաեւ լակմուսի թուղթ էին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
24.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29