Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անունից ՌԴ-ի համար պատերազմի գնալու «զինվորագրվողներ» կան

Փետրվար 25,2016 16:00

Շուտով Ռուսաստանի համար Թուրքիայի դեմ կռվողների հերթեր կգոյանան

Վերջին շրջանում գնալով մեծանում է այն գործիչների թիվը, որոնք պուտինյան ռեժիմի խեղկատակ համարվող Ժիրինովսկուն զուգահեռ Հայաստանի անունից հայտարարություններով են հանդես գալիս, «հայերով` Թուրքիայի «հարցերն» են լուծում»:
Ժիրինովսկուն դեռ կարելի է հասկանալ, նա այսօրվա Ռուսաստանի իշխանական քարոզչամեքենայի գործիք է. մեկ Արարատն է վերադարձնում հայերին, մեկ, երբ Կրեմլին անհրաժեշտ է Պուտին-Ալիեւ «եղբայրական հարաբերություններն» ի ցույց դնել, Ալիեւի գովքն է անում, նրան Ռուսաստանի «ամենահավատարիմ» գործընկերն անվանում:

Կարելի էր առանձնապես ուշադրություն չդարձնել նաեւ հայաստանցի գործիչների հայտարարություններին, ինչպես լուրջ չի կարելի վերաբերվել Ժիրինովսկուն, որովհետեւ ինչպես պարզ են վերջինիս, այնպես էլ հայ ռուսասերների մոտիվացիաները: Նման հայտարարություններ անողները պարզապես պարտավորված են իրենց զգում Ռուսաստանին ցույց տալ սեփական նվիրվածությունը: Միայն անհասկանալին ու զավեշտալին այն է, թե նրանց ով է թույլ տվել խոսել Հայաստանի Հանրապետության անունից` այն էլ առանց որեւէ տրամաբանական հիմնավորում ներկայացնելու:

ՕԵԿ նախկին առաջնորդ, այժմ «Հայկական վերածնունդ միավորում» անվանմամբ նոր կուսակցության հիմնադիր Արթուր Բաղդասարյանը, որն, ինչպես վստահեցնում են, մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ու հանրությանն անհայտ «էկզոտիկ» անվանումներով հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ է միավորել, օրերս ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հարցազրույց է տվել:
Նախ` լրագրող Դարյա Ասլամովայի ենթատեքստերով նախաբանն է ուշագրավ: Վերջինս իր պարտքն է համարում արձանագրել, որ որքան սրվում են Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները, այնքան լուռ են Հայաստանում, «տեղի քաղաքական էլիտան բերանը ջուր է լցրել», դժգոհում է ռուս լրագրողը` հարց բարձրացնելով` «ի՞նչ է սա` հայկական պրագմատի՞զմ, թե՞ հեռատեսություն…»:

Բայց ահա Դարյա Ասլամովային օգնության է հասնում նրա բնորոշմամբ` «խելացի», «զգուշավոր», «հեռանկարային» եւ «քաղաքական Հայաստանի նոր հույսը»` Արթուր Բաղդասարյանը: Լրագրողը նրան ուղիղ հարց է տալիս` եթե ռուս-թուրքական պատերազմ բռնկվի Սիրիայի տարածքում, ավելին` պատերազմը դուրս գա Սիրիայի տարածքից, ի՞նչ կանի Հայաստանը: «Եթե Ռուսաստանին պետք լինի Հայաստանի աջակցությունը (իսկ մենք ընդհանուր սահման ունենք Թուրքիայի հետ), մենք միարժեք պետք է անենք ամեն ինչ, ինչ պետք կլինի մեր դաշնակից Ռուսաստանին»: Ռազմակա՞ն աջակցություն՝ հարցնում է Ասլամովան: «Բնականաբար եւ ռազմական: Ոչ միայն պարզապես կաջակցենք, այլեւ պարտավոր ենք աջակցել: Եվ ոչ միայն որպես ՀԱՊԿ անդամ: Մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, որը երաշխավորում է մեր սահմանների անվտանգությունը: Հայաստանի տարածքում տեղակայվում է 102-րդ ռուսական ռազմակայանը: Ես կարծում եմ, որ նրա ներուժի ինտենսիվ ուժեղացումը անվտանգության ապահովման կարեւոր տարր է: Իր հերթին, մենք էլ ունենք պարտավորություններ»,- պատասխանում է Բաղդասարյանը:

Լրագրողը նկատում է՝ բայց չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է: «Դե, իսկ մենք էլ ՀԱՊԿ անդամ ենք: Չէ՞ որ ՀԱՊԿ-ն ինչ-որ ժամանակ մտածվեց որպես ՆԱՏՕ անալոգ: Իսկ այժմ դա մի վտիտ երեխա է, վեց պետության ծնունդ, եւ եթե մենք չձեռնարկենք նպատակային քայլեր, նա կդառնա պարզապես որբ: Իսկ մենք հույս ունենք նրան մեծացնել եւ դարձնել լիարժեք հասուն խաղացող: Հենց այդ նպատակով ենք մենք այժմ Երեւանում կառուցում ՀԱՊԿ ակադեմիա, որտեղ կդաստիարակվեն ռազմական կադրեր եւ կադրեր անվտանգության ոլորտի համար: ՆԱՏՕ-ն ունի փորձի փոխանակման իր գործիքները, ընդհանուր ռազմավարության մշակման, ստաժավորման, իսկ մենք ոչինչ չունենք: Այ, երբ մենք մեր երեխային կանգնեցնենք ոտքի՝ ՀԱՊԿ-ը, այդ ժամանակ կվերանան նաեւ շատ սպառնալիքներ: Մենք պետք է ստիպենք բոլորին հաշվի նստել մեզ հետ»,- ասում է Արթուր Բաղդասարյանը:

Շատերը գիտեն, որ ժամանակին Արթուր Բաղդասարյանը ՆԱՏՕ-ական ու ԵՄ-ական էր, ու հիշում են, թե ինչպես էր նա զայրացրել Ռոբերտ Քոչարյանին` այն բանից հետո, երբ հարցազրույց էր տվել ու խոսել Հայաստանի` ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ սերտ ինտեգրացիայի օգտին: Այժմ Ա. Բաղդասարյանը ՀԱՊԿ-ական է, բայց ոչ միայն` նա նաեւ արեւմտյան արժեքների կրող է, որովհետեւ «Հայկական վերածննդի» լոգոյի վրա նկատվում են նաեւ ԵՄ կապույտ դրոշի խորհրդանիշները` դեղին աստղիկները:

«Երեքը մեկում» սկզբունքներով առաջնորդվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը եթե այսօր հարկ է համարում խոսել Հայաստանի ինչ-որ պարտավորությունների մասին, վատ չէր լինի նաեւ խոսեր Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ-ի պարտավորությունների մասին, օրինակ՝ երբ Ադրբեջանի կողմից գնդակոծվում են Հայաստանի սահմանները, խաղաղ բնակիչներ են սպանվում ու վիրավորվում: Բայց սա, կարելի է եզրակացնել, այնքան էլ կարեւոր բան չէ Ա. Բաղդասարյանի համար, նրա համար ավելի «հայրենասիրական» հարցեր էլ կան` Հայաստանի «պարտավորությունների» մասով:

Ցավալին այն է, որ խոսքը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի մասին է, որը, թվում էր, Հայաստանի կայունության, պետության շահի ու քաղաքացիների անվտանգության մասին ավելի խորը պատկերացումներ պետք է ունենար: Բայց, կարծես, նա այնքան «հայրենասեր» է, որ գտնում է, որ հայկական կողմին մեկ պատերազմական` ղարաբաղյան ճակատ ունենալը դեռ քիչ է, մեկն էլ կարելի է ավելացնել` թուրքականը, եւ, հավանաբար, նա իր զավակներին պատրաստ է ուղարկել Ռուսաստանի կողմից Սիրիա` Թուրքիայի դեմ կռվելու:

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ քաղաքական դաշտում երկարակեցություն պահպանելու, «վերածնվելու» հնարավորություններ ունենալու համար, ինչպես երեւում է, շուտով հայաստանյան քաղաքական դաշտում Ռուսաստանի համար Թուրքիայի դեմ կռվողների հերթեր էլ կգոյանան:

Օրինակ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Օրեր առաջ նա լրագրողների հետ զրույցում նշել է, թե Ռուսաստանի կողմից 1921թ. Մոսկվայի պայմանագրի վերանայումը կարող է Հայաստանի համար օգտակար լինել։ Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը՝ Հարությունյանը նշել է, թե ռազմաքաղաքական պլանում նրանք երբեք սերտ համագործակցությամբ աչքի չեն ընկել. «Նման բան երբեք չի եղել։ Զբոսաշրջության ոլորտում՝ այո, բայց ոչ՝ ռազմաքաղաքական պլանում։ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այսինքն՝ նաեւ Թուրքիան սպառնալիք են ներկայացնում»:

Իսկ ավելի կոնկրետ` ինչո՞վ Հայաստանի համար կարող է օգտակար լինել 1921թ. Մոսկվայի պայմանագրի չեղարկումը: Ոչ ոք այս հարցին հարկ չի համարում անդրադառնալ, լուսավորել հանրությանը: Գուցե այն, որ, օրինակ` Թուրքիան այդ դեպքում կարող է պարտավորված չզգալ Հայաստանի սահմանների ճանաչման տեսանկյունից եւ մի օր որոշի, որ ասենք, պետք է գրավի Երեւա՞նը… Թե՞ այս մարդիկ իսկապես հավատում են, որ Մոսկվան որոշել է շտկել բոլշեւիկյան Ռուսաստանի սխալները եւ մեզ վերադարձնել Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Արարատ լեռը…

Օրերս հրապարակվեց «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը մի քանի ամիս առաջ տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը: Նա էլ իր հերթին Ռուսաստանին անվերապահ հավատարմություն հայտնեց` նշելով. «Ես ռուսական կրթություն ունեմ, դաստիարակությունս որոշակիորեն հայկական ավանդույթների ու ռուսական մշակույթի, արվեստի, գրականության խառնուրդն է: Այդ պատճառով ինձ համար Ռուսաստանն ավելին է, քան ուղղակի պետությունը, հարեւանը, երկիրը, որի հետ մենք շատ սերտ հարաբերություններ ունենք: Ռուսաստանն առաջին հերթին ասոցացվում է հենց այդ՝ ռուսական մշակույթի, արվեստի, գրականության առումով: Ռուսաստանն ինձ դուր է գալիս»:

Ռուսաստանի հանդեպ Քոչարյանի վերաբերմունքը վաղուց է հայտնի` Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունները ռուսական ընկերություններին հենց ինքն է փոխանցել, ի վերջո՝ այժմ նա Հայաստանում ռուսական բիզնես շահի ներկայացուցիչ է` ռուսական «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն է:

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՌԴ Պետդումայում Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ էին հղել ՌԴ նախագահին ու ԱԳ նախարարին, առաջարկել էին չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը «1in.am»-ի հետ զրույցում թեեւ նշել է, որ բոլշեւիկյան Ռուսաստանի կնքած պայմանագիրը մեզ համար բավականին մեծ կորուստ էր՝ կորցրինք մեր պատմական հայրենիքի մի վիթխարի տարածք, սակայն բխեցնում է, որ «հիմա պետք է աջակցենք, որպեսզի այդ պայմանագիրն իսկապես չեղարկվի»:

Փաստորեն՝ նաեւ պատմաբանները պատմությունից դասեր չեն քաղել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ани says:

    Не роман пишешь, а статью! Сократите объём статьи! Пишите объективно, утверждая фактами, без воспроизведения вашего мнения. Ваша задача информировать, а не комментировать!
    Длина статьи – не знак интеллекта!
    После первого абзаца, нет желания дочитать текст. Ваша статья показывает вашу компетенцию.
    Это касается и Ваших коллег.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29