Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մեթոդն ավելացնում է երեխայի բառապաշարը եւ խոսեցնում չխոսողին»

Փետրվար 25,2016 15:30

Լենա Հարությունյանն առաջարկում է խոսքի զարգացման ու շրջակա միջավայրի հետ շփման խնդիրներ ունեցող երեխաների համար կիրառել Դիսկրետ վիդեո մոդելավորման մոդելը:

Նարեկն ինը տարեկան է եւ ունի խոսքի զարգացման ու շրջակա միջավայրի հետ շփման խնդիրներ: Նարեկի մայրը՝ Լենա Հարությունյանը, «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Բազում փորձություններից հետո հասկացանք, որ մեր ջանքերը ապարդյուն են, եւ մենք չենք կարողանում ապահովել նրա սոցիալիզացումը, հասկացանք նաեւ, որ մենք մենակ չենք, կան բազում այսպիսի երեխաներ, որոնք ունեն այս հիվանդություն կոչվածից, իսկ առավել տանջվում ենք մենք՝ ծնողներս: Ինչպես գիտենք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ այսպիսի երեխաների շահերը դժվար է պաշտպանել»:

Նարեկի եւ նման խնդիրներ ունեցող այլ երեխաների համար Լենա Հարությունյանը երկար որոնումներից հետո գտել է մի մեթոդ, որն ադեն 15 տարուց ավելի է՝ գործում է ԱՄՆ-ում: Ըստ Լենա Հարությունյանի՝ մեթոդը կոչվում է (DVM) Դիսկրետ վիդեո մոդելավորում: Լինելով անգլերեն լեզվի մասնագետ եւ հոգեբան՝ Լենա Հարությունյանը գտել է նաեւ այդ մեթոդի հիմնադիրներ Լաուրա եւ Բրայան Կասբարներին, որոնց 7 երեխաներից 3-ը ունեն աուտիզմ հիվանդություն եւ խոսքի զարգացման հապաղում, եւ սկսել է համագործակցել նրանց հետ:

Lena_Harutyunyan-2

«Լաուրա եւ Բրայան Կասբարների կողմից ստեղծված այս մեթոդը նպատակ ունի կամաց-կամաց սովորեցնել խոսքի հապաղում ունեցող երեխաներին հասկանալ շրջակա միջավայրը եւ վերարտադրել այն համակարգչային մոդելավորման միջոցով: Այսօր դիսկրետ վիդեո մոդելավորումն ավելին է, քան նկարահանման տեխնիկան: Դա մի ուսուցողական գործիք է, որի օգնությամբ տեղեկատվությունը մատուցվում է ամենահեշտ եւ առավել արդյունավետ կերպով: Նյարդաբանական համակարգում աուտիզմով մարդկանց ուղեղը ավելի մեծ է, քան տիպիկ անձինը, որը հնարավորություն է տալիս նրանց սովորել եւ կուտակել ահռելի մեծ քանակությամբ ինֆորմացիա, բայց ավելի քիչ են կարողանում նրանք այդ ինֆորմացիան կիրառել, օգտագործել: Դիսկրետ վիդեո մոդելավորումը կարող է կատարել այդ աշխատանքը երեխաների համար»,- պարզաբանում է Լ. Հարությունյանը՝ նշելով, որ երկար աշխատանքներից հետո ստեղծել է այդ մեթոդի հայերեն տարբերակը եւ առաջինը փորձարկել որդու՝ Նարեկի վրա:
«Այս մի քանի ամիսների ընթացքում Նարեկը մեծ հաջողությունների է հասել, այդ ամենից ոգեւորված՝ իմ նպատակն է այն ներկայացնել հասարակությանը եւ օգնել խնդիրներ ունեցող հայ բալիկներին ունենալ խոսք, ադեկվատ շարժումներ, հաղորդակցվել, լինել երջանիկ: Այս մեթոդը օգնում է երեխային՝ ավելացնելով նրա բառապաշարը, եւ խոսեցնում չխոսողին»,- ասում է Լենա Հարությունյանը: Նա հայերեն լեզվով արդեն 15 վիդեո մոդելինգներ ունի:

«Այսօր աշխարհում ավելանում է խոսքի եւ հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների թիվը: Մասնագետներին, ծնողներին եւ ուսուցիչներին անհանգստացնող այս փաստը բազում հետազոտությունների առիթ է հանդիսացել: Արդեն երեք տասնամյակ է, ինչ հետազոտությունները ցույց են տվել, որ վիդեո մոդելավորումը ամենաարդյունավետ միջոցն է երեխաների ուսուցման համար, իսկ այսօր արդեն դրան փոխարինելու է գալիս դիսկրետ վիդեո մոդելավորումը»,- ասում է Լ. Հարությունյանը:
Տիկին Հարությունյանը, որը նաեւ TMM Teach Me More ուսուցման եւ զարգացման կենտրոնի հիմնադիրն է, փետրվարի 27-ին անցկացնելու է Դիսկրետ վիդեո մոդելավորման վերաբերյալ առաջին դասընթացը, որին կմասնակցեն ծնողներ, մանկավարժներ եւ լոգոպեդներ:

Ինչպես վստահեցնում է մեր զրուցակիցը, իր կողմից իրականացվող գործընթացը բիզնես նպատակ չի հետապնդում եւ հիմնված է լինելու մարդասիրության եւ սիրո վրա. «Ես միայն օգնում եմ երեխաներին՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին: Թող աշխարհի բոլոր երեխաները լինեն առողջ՝ ի դեմս իմ սիրելի Նարեկի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29