Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին կառքով հեռու չես գնա»

Փետրվար 25,2016 14:30

Հարցազրույց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Էմիլ Ավանեսովի հետ:

– ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում գործում են 27 բաժիններ եւ 16 բաժանմունքներ: Ներկայացրեք Ձեր բաժինը:

-Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը գործում է 2006 թվականից։ Բաժինը ստեղծելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, ավելացել են հանցագործությունները՝ կապված մշակույթի հետ։ Մեր բաժնում կատարվում են կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի, հնագիտական եւ այլ տիպի փորձաքննություններ։ Բացի այդ, վերջին տարիներին ավելացել են փորձաքննությունները կապված հեղինակային եւ արտոնագրային իրավունքների խախտման դեպքերի, ինչպես նաեւ տեսանյութերի բնույթը որոշելու հետ։ Կատարվում են գեղագիտական փորձաքննություններ՝ կապված դեմքի անջնջելի այլանդակումը որոշելու նպատակով։ Փորձաքննությունները մեզ մոտ կատարվում են երկու ուղղությամբ։

ռաջնահերթը պետպատվերի շրջանակներում կատարվող քրեական, քաղաքացիական եւ դատական գործերով փորձաքննություններն են։

Կատարվում են նաեւ փորձաքննություններ պայմանագրային հիմունքներով՝ քաղաքացիների համար։ Բաժնում աշխատող փորձագետներն ունեն մշակույթի տարբեր բնագավառների որակավորումներ եւ փորձաքննություն կատարելու իրավասություններ, որոնք ստացվել են ՀՀ մշակույթի նախարարությունից եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից։ Փորձաքննություններ կատարելուց բացի, բաժնի աշխատակիցների կողմից անց են կացվում սեմինար պարապմունքներ, դասախոսություններ։ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ արտերկրի հեղինակավոր իրավաբանական պարբերականներում բազմիցս տպագրվել են մասնագիտական հոդվածներ։ Ի դեպ, հարկ եմ համարում նշել, որ բյուրոն հագեցված է այնպիսի սարքավորումներով, որոնք օգտագործվում են նաեւ մշակութաբանական համալիր փորձաքննություններ իրականացնելու ժամանակ։

Մեզ մոտ կատարվում են համալիր փորձաքննություններ, որոնք Հայաստանում ոչ մի տեղ չեն արվում։ «Հին կառքով հեռու չես գնա» կարգախոսը, որն ընդունված է ամբողջ աշխարհում, նշանակում է, որ մշակութաբանական փորձաքննությունները չեն համարվում լիարժեք եւ հիմնավորված, եթե արվում է միայն մշակութաբան-փորձագետի կողմից: Բյուրոյում մշակութաբանական փորձաքննությանը մասնակցում են նաեւ փորձագետներ ձեռագրաբանական, փաստաթղթաբանական, նյութագիտական եւ կենսաբանական փորձաքննությունների ոլորտներից։

Ամեն անձ ունի իր ձեռագիրը, իսկ նկարիչն ունի իր վրձնահարվածների ձեռագիրը: Մենք ունենք համեմատական նմուշներ, տվյալների շտեմարան, որից օգտվում ենք փորձաքննությունների կատարման ժամանակ:

– Ի՞նչ տեսակի փորձաքննություններ եք կատարում պետպատվերի շրջանակներում։

-Բաժնում անց են կացվում փորձաքննություններ՝ կապված մշակութային արժեքների մաքսանենգ ճանապարհով արտահանման, կեղծարարության, գողության, խաբեբայության, վանդալիզմի դեպքերով եւ այլն…

– Ո՞ր դեպքերում են կատարվում պայմանագրային հիմունքներով փորձաքննություններ։

-Պայմանագրային հիմունքներով վճարովի փորձաքննությունները կատարվում են քաղաքացիների համար՝ նրանց դիմումի համաձայն։ Օրինակ, քաղաքացին ցանկություն ունի այս կամ այն մշակութային առարկան արտահանի Հայաստանից, որի համար նա դիմում է Փորձաքննությունների ազգային բյուրո՝ ներկայացված առարկայի համար փորձագետի եզրակացություն ստանալու նպատակով։ Ստացած փորձագետի եզրակացությունը պատվիրատուն ներկայացնում է մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալություն, որը եւ տալիս է թույլտվություն այդ առարկան Հայաստանից արտահանման վերաբերյալ՝ հիմնվելով մեր կողմից տրված փորձագետի եզրակացության վրա։ Մեկ այլ օրինակ. քաղաքացին ցանկանում է իմանալ, թե իր մոտ գտնվող առարկան՝ գորգը, սրբապատկերը, նկարը, քանդակը, գոտին, դաշյունը եւ այլն, ինչ մշակութային արժեք է ներկայացնում եւ ինչ գին ունի։

Այստեղ արտահանման խնդիր կարող է եւ չլինել։ Այս դեպքում փորձագետի եզրակացությունը հանդիսանում է որպես տվյալ առարկայի անձնագիր։ Ինձ համար մեկ է, թե ինչ են բերում, պարզաբանվելու են այն հարցերը, որոնք առկա են մշակույթի նախարարությունում մշակված չափորոշիչների մեջ։ Պատվիրատուին չեմ հարցնում, թե ինչ է ցանկանում, որ պատասխանեմ։ Տալիս եմ լիարժեք, արժանահավատ փորձագետի եզրակացություն՝ հիմնվելով մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչների վրա։ Ըստ այդ չափորոշիչների՝ փորձագետը պարզաբանում է հետեւյալ հարցերը՝ հեղինակը, անվանումը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, օգտագործված նյութերը, կատարման տեխնիկան, պահպանվածության աստիճանը եւ ինչ մշակութային արժեք եւ նշանակություն ունի հետազոտելի առարկան։ Այդ ամենը թույլ է տալիս պարզել առարկայի իսկությունը եւ գնահատել այն։

-Եթե բերվում են գողացված իրե՞ր:

-Եթե քաղաքացին գիտի, որ իրը գողացված է, ապա մեզ չի դիմի։ Բայց եթե ինձ մոտ բերված իրի վերաբերյալ կասկած է առաջանում, ապա այդ դեպքում ես «Ինտերպոլի» կողմից մեր բյուրոյին տրամադրված՝ հետախուզման մեջ գտնվող մշակութային արժեքների ցուցակով ստուգում եմ այդ առարկայի առկայությունը։ Մինչ օրս մեզ մոտ գողացված առարկա քաղաքացու կողմից չի բերվել։ Այլ բան է պետպատվերի շրջանակներում քրեական գործերով նշանակված փորձաքննությունները։ Մեր բաժնում բազմիցս կատարվել են գողացված մշակութային արժեքների փորձաքննություններ։

-Կեղծված գործեր է՞լ չեն բերվել:

– Մշակութաբանական փորձաքննությունների բաժնի ստեղծման օրվանից չի եղել որեւէ դեպք, որ քաղաքացին փորձաքննությանը ներկայացնի կեղծված մշակութային արժեք։ Այլ բան է պետպատվերի շրջանակներում իրականացվող փորձաքննությունները։ Ըստ քրեական գործերի եւ նախապատրաստվող նյութերի կայացրած որոշումներով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ՝ կապված կեղծված մշակութային արժեքների հետ։ Այդ ժամանակ փորձաքննության առարկա են հանդիսացել նկարների, սրբապատկերների, դեկորատիվ կիրառական արվեստի եւ հնագիտական արվեստի կեղծ աշխատանքները։

-Պարոն Ավանեսով, իսկ եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր բաժնի տված եզրակացության եւ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գնահատականների միջեւ տարբերություններ լինեն:

-Նման նախադեպ երբեք չի եղել:

– Անցյալ տարի որքանո՞վ եք ներգրավված եղել դատական գործընթացներում:

-Ավելացել է իրավապահ մարմինների կողմից կայացրած որոշումներով նշանակված մշակութային արժեքների փորձաքննությունների քանակը, այդ թվում ավելացել են հնագիտական փորձաքննությունները: Շատ անգամ մենք տեղյակ չենք լինում կայացած քրեական գործերով դատական նիստերի մասին, ինչը վկայում է այն մասին, որ մեր կողմից տրված փորձագետի եզրակացությունը եղել է հստակ եւ սպառիչ պարզաբանվել են որոշման հարցերը։ Լինում են դեպքեր, երբ փորձագետին հրավիրում են դատական նիստին։ Փորձագետը գնում է դատարան, որ օգնի դատարանին եւ պաշտպանի իր կողմից տրված եզրակացությունը: Լինում են դեպքեր, երբ դատարանները նշանակում են լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն:

-Հնագետների հացը ձեռքներից չե՞ք խլում:

-Ոչ, մեր կազմակերպությունն ասպետական կազմակերպություն է, մենք ոչ մեկի ձեռքից հաց չենք խլում: Մենք բաժնում հնագետ-փորձագետ չունենք: Եթե այդ մասնագետը չունենք, ապա մեր կողմից փորձաքննությունը նշանակող մարմնին գրվում է միջնորդություն, որ փորձաքննության կատարմանը ներգրավեն հնագիտական որեւէ կազմակերպության համապատասխան մասնագետի։ Իրականացվող փորձաքննության տեսակը կոչվում է՝ դատահնագիտական, դատամշակութաբանական:

-Ի՞նչ են սիրում մաքսանենգ ճանապարհով տանել:

-Այստեղ, ինձ թվում է՝ նախասիրություններ լինել չեն կարող։ Բայց կարող եմ նշել, որ մեր բաժնում կատարված փորձաքննությունները՝ կապված մաքսանենգ ճանապարհով արտահանման հետ, հիմնականում կատարվել են գեղանկարների եւ սրբապատկերների հետ։ Իրազեկ մարդը մաքսանենգ ճանապարհով արժեք չի տանի: Քաղաքացիները, որոնք տեղյակ չեն, որ մշակութային արժեքը արտահանելու համար պիտի գային մեր բյուրո, ստանային փորձագետի եզրակացությունը, այնուհետեւ գնային մշակույթի նախարարություն՝ արտահանման թույլատվություն ստանալու համար, բնականաբար, պատժվում են ըստ գործող օրենքի: Վերջերս 25 սրբապատկեր էր վաճառվել խանութում, եւ քաղաքացին ինքը դրա համար պատասխան տվեց:

-Իսկ ինչո՞ւ գնորդը, որը բարեխիղճ է եղել, եւ խանութից գնել էր, պիտի պատասխան տա:

-Վաճառողն էլ պետք է պատասխանատվություն ունենա: Բոլորը պետք է տեղյակ լինեն արտահանման օրենքներից, եթե զբաղվում են մշակութային արժեքների վաճառքով:

-Արդյո՞ք Ձեր բաժնի լիազորությունների շրջանակում ընդգրկված է մտավոր սեփականության իրավունքի պահպանությունը, հեղինակային փորձաքննությունների ապահովումը:

– Մեր բաժնի լիազորությունների շրջանակում ընդգրկված չէ մտավոր սեփականության իրավունքի պահպանությունը եւ հեղինակային փորձաքննությունների ապահովումը, դա այլ կառույցների գործընթացն է։ Մշակութաբանական փորձաքննությունների բաժնում, պետպատվերի շրջանակներում բազմիցս կատարվել են փորձաքննություններ՝ կապված արտոնագրային եւ հեղինակային իրավունքների խախտման հետ։ Փորձաքննության առարկա են հիմնականում հանդիսացել հուշանվերները, ապրանքանիշները եւ նույնիսկ տաք խմիչքների սարքավորումները։

-Համակարգչատեխնիկական բազան ինչպիսի՞ն է:

-Մենք այդանուն բաժին ունենք: Ամեն ստացած նյութի համար, որը վերաբերում է մշակույթին՝ կարող եմ ուրախանալ, ասելով, ապրի նյութն ուղարկողն ու գրողը: Մշակույթը գիտեք՝ ինչ յուրահատուկ ոլորտ է, նույն թեման երկրորդ անգամ չի լինում: Մշակութաբանական փորձաքննություն անելիս փորձագետն էլ է սովորում: Եվ մեզ օգնում է նշյալ տվյալների շտեմարանը:

-Մի մասնավոր հարց էլ տամ, որին կարող եք նաեւ չպատասխանել. Ձեր տանն ունե՞ք այնպիսի իրեր, որը գնելիս կամ գնահատելիս նույնքան բծախնդիր եք եղել:

-Ես երբեք ոչ մի յուրահատուկ իր չեմ գնել, ես չեմ սիրում որեւէ հնություն տան ինտերիերում: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում շատ եմ շփվել հնաոճ առարկաների հետ, որոնք իրենցից ներկայացրել են բարձր մշակութային արժեք։ Ես հագեցել եմ այդ արժեքներից եւ տան համար գնումներ կատարելիս գնում եմ ամենաժամանակակիցը եւ ամենապրակտիկը:

-Նախընտրելի նկարիչ ունե՞ք:

– Նախընտրելի նկարիչ չունեմ, չունեմ նաեւ նախընտրելի ոճ կերպարվեստում։ Խոնարհվում եմ Հայ դարավոր մշակույթի առջեւ։ Հպարտանում եմ աշխարհահռչակ նկարիչներ Հովնաթանյանների, Բաշինջաղյանի, Սուրենյանցի, Թերլեմեզյանի, Թադեւոսյանի, Սարյանի, Մահտեսյանի, Մախոխյանի անուններով եւ արվեստով։

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

«Առավոտ» օրաթերթ
24.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29