Լրահոս
Օրվա լրահոսը

Նավամոդելային սպորտը ուշադրության կարիք ունի

Փետրվար 25,2016 13:00

Հայաստանի ավիամոդելային եւ նավամոդելային մարզիկները տասնամյակներ առաջ առաջնակարգ դիրքեր են զբաղեցրել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ Եվրոպայում ու աշխարհում ու գրեթե բոլոր մրցումներից տուն են վերադարձել որպես չեմպիոն կամ մրցանակակիր՝ սահմանելով նաեւ ռեկորդներ: Նրանք ավանդույթները հիմա էլ են շարունակում:

Տեխնիկական-կիրառական այս մարզաձեւերում մեր ամենատիտղոսակիր մարզիկը, թերեւս, եղել է աշխարհի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ եւ վաստակավոր մարզիչ, այժմ Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Շահազիզյանը, որն այսօր էլ իր սաների հետ միասին պահպանում ու զարգացնում է տասնամյակների ավանդույթները: «Առավոտը» զրուցել է հայկական սպորտի պատմության մեջ ամենից շատ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հրաչյա Շահազիզյանի հետ:

– Դուք սկսեցիք ավիամոդելային սպորտով, որտեղ մարզական մեծ նվաճումներ ունեցաք, այնուհետեւ տեղափոխվեցիք նավամոդելային սպորտ: Ինչո՞ւ:

– Ստացվեց այնպես, որ ավիամոդելային սպորտում հաջողություն ակնկալելու համար անհրաժեշտ էր, որպեսզի ինքներս շարժիչներ պատրաստեինք: Այդպես մենք Խորհրդային Միության քաղաքներում գործող ավիացիոն ինստիտուտների կամ գործարանների համեմատ հայտնվեցինք անհավասար պայմաններում: Մի հանգամանք էլ կար: Շատ դժվար էր բնակվել Կովկասում եւ ընդգրկվել ԽՍՀՄ հավաքական: 1976 թվականին նավամոդելային սպորտի ֆեդերացիան ինձ խնդրեց մասնակցել իրենց մրցումներին, քանի որ այնտեղ կար դաս, որտեղ պտուտակները օդային են եւ շատ մոտ են ավիամոդելային սպորտին: Մեջս սպորտային հետաքրքրություն առաջացավ: Նաեւ մտածեցի, որ կարող եմ այնտեղ օգտակար լինել: Ստացվեց այնպես, որ մեկ ամսվա ընթացքում մասնակցեցի երկու ձեւերի ԽՍՀՄ առաջնություններին եւ երկուսում էլ զբաղեցրի 4-րդ տեղեր: Այդ ժամանակ զգացի, որ նավամոդելը ավելի հետաքրքիր բնագավառ է: Ավիամոդելիզմը դարձել էր շատ ստանդարտացված, մտցված էին բազմաթիվ պարտադիր պարամետրեր, որոնք մարզիկին ստիպում էին որոշակի կաղապարների մեջ մնալ եւ ստեղծագործական միտքը երկրորդ պլան էր մղվում: Մի տեսակ հետաքրքրությունը մարել էր: Նավամոդելում միանգամայն այլ է: Մարզիկն ստեղծագործելու ազատ հնարավորություն ունի, ճիշտ է, նաեւ պահպանելով պարտադիր պարամետրերը: Երկրորդ, օդային պտուտակներով մոդելները սլանում են միաժամանակ երկու միջավայրում՝ ջրի եւ օդի, որը թելադրում է յուրահատուկ մոտեցում եւ գիտական ու սպորտային մոտեցում է պահանջում: Այդպես տեղափոխվեցի նավամոդելային սպորտ:

– Նավամոդելային սպորտում ձեր նվաճումներն ավելի ակնառու եղան եւ որքան տեղյակ եմ, ձեր հավաքածուն համալրված է հնարավոր բոլոր տիտղոսներով:

– Այո: Եթե միջազգային մրցումները չհիշենք, ութ անգամ դարձել եմ աշխարհի, մեկ անգամ՝ Եվրոպայի եւ մի քանի անգամ՝ ԽՍՀՄ չեմպիոն, սահմանել բազում ռեկորդներ:

– Ձեր զավակներն արժանիորեն շարունակում են ձեր մարզական հաջողությունները:

– Ավագ որդիս՝ Արմանը, աշխարհի քառակի, Եվրոպայի՝ կրկնակի, ԽՍՀՄ չեմպիոն է, աշխարհի յոթակի ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, դուստրս՝ Գայանեն, աշխարհի եռակի չեմպիոն ու ռեկորդակիր է, Եվրոպայի չեմպիոն, իսկ կրտսեր որդիս՝ Բաբկենը, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է ու աշխարհի կրկնակի ռեկորդակիր:

– Հայաստանում նավամոդելային սպորտը հիմա ի՞նչ վիճակում է:

– ԽՍՀՄ փլուզումից հետո ԴՕՍԱԱՖ-ը, որը տեխնիկական մարզաձեւերի հովանավորն էր, չկարողացավ իր գործառույթները լիարժեք կատարել, որովհետեւ վերացավ ֆինանսավորումը: Դա շատ մեծ հարված էր ընդհանրապես տեխնիկական մարզաձեւերին: Շատ արագ վերացան պատանի տեխնիկների կայանները, պիոներ պալատներում շատ քիչ տեխնիկական խմբեր են պահպանվել, սակայն նավամոդելային սպորտի ոչ մի օջախ Հայաստանում արդեն չկա: Այդ ժամանակ մտածելով, որ եթե իմ ընտանիքը երբեւէ հեռանա նավամոդելային սպորտից, որը նաեւ մեր մյուս երախտավորների շնորհիվ անչափ մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում, ավանդույթներն ի՞նչ են լինելու, 1997-ին ԿԳՆ համակարգում կարողացա ստեղծել Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնը, որը հիմա էլ գործում է:

– Հաջողություններ կա՞ն:

– Մենք, ինչպես ասում են, ԿԳՆ-ի առջեւ պարտքի տակ չմնացինք ու արդեն մեր սաներն սկսեցին մարզական ձեռքբերումներ գրանցել՝ տարբեր տարիների դառնալով աշխարհի, Եվրոպայի, միջազգային մրցումների չեմպիոններ եւ մրցանակակիրներ, սահմանելով ռեկորդներ:

– Ստեղծագործական միտքը, նվիրվածությունը շատ կարեւոր է, բայց նաեւ նյութատեխնիկական բազա է անհրաժեշտ:

– Անխոս: Մեր ամենացավոտ խնդիրն այն է, որ Հայաստանում չկա նավամոդելների փորձարկում անցկացնելու եւ ոչ մի ջրային տարածք: Դրա համար լավագույն դեպքում մրցավայր մեկնում ենք մի քանի օր շուտ, որպեսզի այնտեղ կարողանանք մարզվել՝ մոդելները փորձարկել: Եվ որեւէ խնդիր լինելու դեպքում ամբողջ գիշեր զբաղվում ենք դրանք շտկելով կամ որոշ հանգույցներ ձեւափոխելով: Ու պատկերացրեք, որ կարողանում ենք հաղթել: Բուլղարիայում կայացած աշխարհի վերջին առաջնությունը, որտեղ Արման եւ Գայանե Շահազիզյանները կանգնեցին պատվո պատվանդանի 1-ին եւ 2-րդ աստիճաններին, իսկ Բաբկեն Շահազիզյանը գրավեց 4-րդ տեղը, տեղի լրագրողները մեր թիմի մասին գրել էին, որ Հայաստանը օդային պտուտակներով արագընթաց նավամոդելներով աշխարհում հեգեմոն դեր է կատարում:

– Ձեր ֆեդերացիան պետական ֆինանսավորում ունի՞:

– Ինչպես մյուս ֆեդերացիաները՝ ոչ: Սակայն հաշվի առնելով մեր նվաճումները եւ մեծ հեղինակությունն աշխարհում, կառավարության որոշմամբ 2006 թվականից միջնաժամկետային ծրագրով մեզ ամեն տարի գումար է հատկացվում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար:

– Ու դա բավարարո՞ւմ է:

– Աշխատում ենք խնայողական ռեժիմով տեղավորվել, իսկ դրանից առաջ ունեցել ենք հովանավորներ: Դեպք է եղել, որ ես ստիպված միայնակ եմ գնացել մրցման, որպեսզի Հայաստանի անունը չջնջվի միջազգային օրացույցում:

– Մոդել պատրաստելու համար նյութեր են պետք ու պահեստամասեր: Ինչպե՞ս եք հայթայթում:

– Դա թանկ հաճույք է ու հատուկ նյութեր են հարկավոր, որոնք Հայաստանում չկան: Էժան ձեռք բերելու համար մեզ օգնում է Հայաստանի նավամոդելիզմի հեղինակությունը, արտասահմանի մեր գործընկերները: Հաճախ ինքներս ենք մեր անձնական միջոցների հաշվին արտասահմանում գնում անհրաժեշտ նյութերն ու պահեստամասերը:

– Վերջին հարցը: Նավամոդելային սպորտում ձեր մտցրած նորույթներն ու հայտնագործությունները նաեւ կիրառական նշանակություն ունե՞ն:

– Այո եւ կարող են կիրառվել մեծ ավիացիայում, քանի որ դրանք նպաստում են արագության աճին եւ վառելանյութի տնտեսմանը:

– Պետությունը հոգ տանո՞ւմ է ձեր մարզաձեւի համար:

– Երբեն մտածում եմ՝ այլեւս ոչ ոքի չդիմել: Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում հատկապես օլիմպիական մարզաձեւերին: Ինչ խոսք, արժանի են եւ փառք ու պատիվ նրանց: Տեխնիկական մարզաձեւերն էլ առանց ֆինանսավորման զարգանալ չեն կարող: Ասում են՝ ԴՕՍԱԱՖ-ն է ձեր ներկայացուցիչը: Բայց ԴՕՍԱԱՖ-ը շատ չնչին ֆինանսավորում ունի ու մի կերպ է գոյությունը պահպանում: Ավելին ասեմ. նավամոդելային սպորտը գրեթե մոռացված է: Դիմել եմ մարզական պատկան մարմիններին, որպեսզի գոնե Հայաստանի մարզական նվաճումների շարքում նավամոդելային սպորտի արդյունքներն էլ գրանցեն: Չէ՞ որ մենք էլ ենք Հայաստանի դրոշ բարձրացնում, օրհներգը հնչեցնում, այլ ոչ թե ֆեդերացիայի: Ու ոչ քիչ, քան մյուս մարզաձեւերը: Որպեսզի մենք էլ իմանանք, որ մեր երկրի համար գործ ենք անում ու մոռացության չենք մատնված:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
24.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29