ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալլա Սերոբյանը նաեւ ստեղծագործում է, ասում է՝ դա իրեն գեղագիտական հաճույք եւ հոգեւոր բավարարություն է պատճառում:
Օրերս նա հնարավորություն է ունեցել Խնկո-Ապոր անվան գրադարանում երեխաների համար կարդալու իր «Վասիլը» պատմվածքը: Ալլա Սերոբյանը նշեց, որ իրական հիմքով ստեղծագործությունն արծարծում է նվիրումի, երախտագիտության, պատասխանատվության գաղափարը: «Վասիլն» ընդգրկված է «7 գույն» խորագրով պատմվածքների ժողովածուում, որը ստեղծվել է պատանիներին հասցեագրված` «Պատանին եւ շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթի արդյունքում:
Նախագիծն իրականացրել են Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի (IBBY) հայաստանյան ներկայացուցչությունը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը` IBBY-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
«Վասիլը» պատմվածքը ծեր կատվի եւ շան ձագի մասին հուզիչ մի պատմություն է: Կատուն, որին ագրեսիվության պատճառով հաճախ «վայրենի» էին կանչում, թփերի մեջ գտած շան ձագին ոչ միայն չի վնասում, այլեւ կյանքի գնով փրկում է շնագայլերից: Շնիկը տեսնելով, որ կատվի վերքերը լիզելով չի կարողանում նրան փրկել` հեռանում է: Տիկին Սերոբյանը նշեց, որ պատմվածքի ընթերցմանը երեխաներն ունկնդրում էին մեծ հետաքրքրությամբ, ընթացքում տարբեր հարցեր տալիս կամ իրենց դիտարկումներն անում: Նրանց անչափ հետաքրքրել էր հեռացած փոքրիկ շնիկի` Լեդիի ճակատագիրը, ոմանք էլ փորձում էին կռահել՝ արդյոք երջանիկ ավարտ կունենա՞ պատմությունը, Լեդին կվերադառնա՞: Ընթերցանության ընթացքում փոքրիկները նաեւ նկարեցին Վասիլ կատվին եւ Լեդի շանը:
Ալլա Սերոբյանը հայտնեց, որ «Վասիլը» պատմվածքն ունի շարունակություն` «Լեդիի վերադարձը»: Այն արդեն պատրաստ է հրատարակության: Երկու պատմվածքները՝ որպես ամբողջություն, առաջիկայում կհրատարակվեն մեկ գրքով: Իսկ գիրքի կազմը կնկարազարդվի փոքրիկների ձեռքով արված նկարներով:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.02.2016