Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էյնշտեյն. «Չարությունը պարզապես Աստծո բացակայությունն է»

Փետրվար 25,2016 11:30

Այսօր հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնք այդքան էլ լավ չեն տրամադրված շրջապատի նկատմամբ: Մարդիկ, որոնք իրենց արարքներով ոչ միայն չեն նպաստում իրենց շրջապատում խաղաղությանը, երջանկությանը, այլ հակառակը` իրենց գործերով նպաստում են, որ իրենց ընտանիքում, իրենց բարեկամական, ընկերական շրջապատում որոշակի խնդիրներ առաջանան: Այդ տեսակ մարդկանց հիմնականում չեն սիրում, քանի որ նրանց ստեղծած խնդիրները թույլ չեն տալիս ճիշտ հարաբերություններ ձեւավորել: Մենք այդ խնդիրներին, այդ վատ արարքներին հաճախ անվանում ենք չար, վատ գործեր, եւ այդ գործերը հաճախ խոսքից կարող են նաեւ փոխվել գործնական դաշտ, ինչը էլ ավելի է իրավիճակը սրում եւ սաստկացնում:

«Բնորոշվում են որպես չար գործեր, որովհետեւ դրանք չեն համապատասխանում Աստծո կամքին, պատվիրաններին: Ընդհանրապես, յուրաքանչյուր արարքի ճիշտը կամ սխալը որոշելու համար մենք պետք է դիտարկենք Աստծո խոսքի, կամքի տեսակետից: Եթե ուզում ենք որոշել ու հասկանալ՝ այս կամ այն արարքը բարի է, ապա պետք է այն համապատասխանեցնել Աստվածաշնչին եւ Աստծո պատվիրաններին. եթե համապատասխանում է պատվիրաններին, ապա այդտեղ կա Աստծո կամքը»,- «Առավոտի» լրագրողի հետ զրույցում ասաց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Մեր օրերում նաեւ սոցիալական դաշտի վրա կա ձեւավորված չարություն.
երբ մարդու անձնական կյանքում լինում են խնդիրներ` ամուսնանում է եւ չի ստացվում ամուսնական կյանքը, ինչ-որ գործ է ձեռնարկում` չի ստացվում, մարդու մոտ կամաց-կամաց սկսում է ձեւավորվել վատատեսություն, որը փոքր շրջանակից` իր, ընտանիքից փոխվում է դեպի երկիրը, աշխարհը: Բարկությունը վերափոխվում է չարության: Մարդ սկսում է չհարգել, նախանձել, ատել եւ հասնել մինչեւ սպանության: Այս կապակցությամբ տեր հայրը նշեց, որ սոցիալական խնդիրներ չունեցող մարդիկ պետք է բարի լինեին, բայց իրականում մենք տեսնում ենք, որ այդպես չէ: Եվ հիշատակեց մի գեղեցիկ պատմություն, որը բացահայտում է մարդկանց կողմից չարիքներ գործելու պատճառը. «Մի այսպիսի պատմություն կա. երիտասարդը պրոֆեսորին հարցնում է, թե ի՞նչ եք կարծում, չարությունը գոյություն ունի՞: Պրոֆեսորը պատասխանում է, որ այո, իհարկե, չարությունը մենք տեսնում ենք ամեն օր: Մարդկանց հանդեպ ճնշումները, դաժանությունները, հանցագործությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարության արտահայտություն: Ուսանողը լսելով պրոֆեսորին՝ ասում է, որ չարություն գոյություն չունի, կամ ծայրահեղ դեպքում գոյություն չունի հենց իր համար։ Չարությունը պարզապես Աստծո բացակայությունն է։ Դա նման է մթությանը կամ սառնամանիքին, որ ստեղծել են մարդիկ՝ լույսի կամ ջերմության աստիճանը բնորոշելու համար։ Այդպես էլ չարությունը։

eynshteyn8

Աստված չարություն չի ստեղծել։ Այն պարզապես անհավատության ու սիրո բացակայությունն է։ Չարությունը` մարդու մեջ աստվածայինի բացակայությունն է, ինչպես սառնամանիքը, որ վրա է հասնում ջերմության բացակայության ժամանակ, կամ ինչպես մթությունը, որ տարածվում է լույսի բացակայության արդյունքում: Ուսանողի պատասխանից հետո պրոֆեսորը լռել է: Այդ ուսանողը Ալբերտ Էյնշտեյնն է եղել: Այս պատմությունից մենք հասկանում ենք, որ չարության պատճառը բարության պակասն է»:
Տեր հայրն ասաց, որ մարդը Աստծո կողմից այնպես է ստեղծվել, որ պետք է միշտ շարժվի, այդ շարժումը մենք այլ բառով անվանում ենք գործողություն, որը դրսեւորվում է խոսքով կամ արարքով, իսկ ընդհանուր առմամբ դրանց հետեւանքները դրական են կամ բացասական` կախված խոսքի կամ արարքի տեսակից. «Այսինքն, եթե խոսքը բարի է, ապա հետեւանքն էլ է բարի լինում: Հիսուս Ղուկասի ավետարանի մեջ ասում է. բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարիք է բխեցնում, իսկ չար մարդը` չարիք, քանի որ բերանը սրտի մեջ եղածից է խոսում»:

Հոգեւորականի խոսքերով՝ մարդն ինքն իր նկատմամբ պետք է շատ ուշադիր լինի, քննի իր մտքերը, որ եթե վատ, բացասական մտքեր ընկեն իր հոգու մեջ` թույլ չտա դրանց արմատավորվել, էլ ուր մնաց՝ պտուղներ տալ:

«Ոչ ոք ապահովագրված չէ այս աշխարհում խնդիրներից, մենք ամեն ինչ պետք է անենք, որ չարությունը մեր մեջ չարմատավորվի»,- նշեց տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
24.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29