Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնը իրականացնում է զբաղվածության աջակցության պետական ծրագրեր: 2015 թվականին իրագործվել են աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման համար գործատուին աշխատավարձի 6-ամսյա փոխհատուցման, անմրցունակ անձին աշխատանքի տեղավորած գործատուին՝ միանվագ դրամական փոխհատուցման, հաշմանդամներին աշխատանքի ընդունած գործատուներին միանվագ դրամական փոխհատուցման, այլ վայրում աշխատանքի տեղավորված գործազուրկին օգնության, սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսություններին աջակցության, մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործազուրկին օգնության ծրագրեր:
Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սամվել Բուդաղյանը հայտնեց, որ 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների պիլոտային ծրագիր է իրականացվել: Այդ ծրագրում Նոյեմբերյանի տարածաշրջանից ընդգրկվել է սահմանամերձ 14 գյուղ, աշխատանքներին մասնակցել է 120 մարդ:
Գյուղերում կատարվել են գերեզմանոցների տարածքների ցանկապատման, համայնքային ճանապարհների խճապատման, հուշարձանների տարածքների բարեկարգման աշխատանքներ: Աշխատողների օրական վճարը կազմել է 7 հազար դրամ, նրանք ստացել են 5 հազար դրամ, 2 հազար դրամը նրանց համար, որպես աշխատողի, հարկ է վճարվել:
Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնը զբաղվածության պետական աջակցության 2016 թվականի առաջադրանքները կատարելու համար համագործակցություն է հաստատել տարածաշրջանի 10 գործատուի հետ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ