Վարչական դատարանում փետրվարի 24-ին շարունակվում էր ոստիկանությունն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի գործի քննությունը:
Aravot.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում ոստիկանությունը որոշ ապացույցներ է ներկայացրել. «Ոստիկանությունը նմանատիպ գործերով որեւէ լուրջ մարտավարություն չունի: Իրականում, նրանք ուղղակի փաստարկում են, որ ոստիկանությունը այն պահանջը, որ ներկայացնում է, օրինական է: Որեւէ հիմնավորում այդ մասով ուղղակիորեն չկան, իսկ այն փաստարկները, որոնք որ ներկայացնում են, որեւէ իրավական նորմի վրա հիմնված չեն, ուղղակի ոստիկանության դիտարկումներն են, եւ իրենք գտնում են, որ այդ պահանջը եղել է օրինական, զուտ այն առումով, որ դատախազության դիմաց չի կարելի անցկացնել հավաք, որովհետեւ դրանով չգիտես՝ ինչ տեղի կունենա: Այսինքն՝ իրենք կարծում են, որ դրանով կխաթարվի դատախազության շենքի ելումուտը:
Բայց դա իրականում աբսուրդային է, որովհետեւ նախեւառաջ Արգիշտի Կիվիրյանը դատախազության շենքի մուտքի մոտ չի եղել, ավելին՝ այնտեղ փակ էր, բացի այդ՝ ինքը ո՞նց էր փակելու մուտքը: Երրորդը՝ ինքնանպատակ չի եղել մուտքը փակելը՝ բողոքի ակցիայի անցկացման նպատակ է եղել: Բացի այդ՝ ցանկության դեպքում, դատախազության շենքը մի մուտքանի չէ, այսինքն՝ ոստիկանությունը, կատարելով իր վրա դրված պարտականությունը, իսկ այդ պարտականությունը հանդիսանում է հավաքին օժանդակել, իրականում, ինքն իր գործողությունները իրականացրել է, վարչական ռեսուրսն է կիրառել, որպեսզի այդ հավաքը խաթարի եւ հնարավորություն չընձեռնի, որպեսզի քաղաքացիները լիարժեք կարողանան իրենց հավաքն անցկացնել»:
Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը հայտարարել է, որ ոստիկանությունը ցանկացել է կանխարգելել Արգիշտի Կիվիրյանի գործողությունները, քանի որ նա միայնակ էլ ամեն ինչի ընդունակ է: Արամազդ Կիվիրյանը համարում է, որ այդ հայտարարությունը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում. «Ստացվում է, որ ոստիկանությունը տեղեկացված է, որ Արգիշտի Կիվիրյանը կարող է կատարել այս կամ այն գործողությունները: Նախեւառաջ, այստեղ հարցը հետեւյալն է՝ ի՞նչ գործողություն էր պատրաստվում իրականացնել Արգիշտի Կիվիրյանը: Ըստ ոստիկանության, ուզում էր դատախազության մուտքը փակել, բայց Արգիշտի Կիվիրյանը մուտք փակելու ո՛չ ցանկություն է ունեցել, ո՛չ նպատակ: Իր ցանկությունը եւ նպատակը եղել է բողոքի ակցիային մասնակցել, եւ իր ձայնը լսելի դարձնել կոնկրետ այդ օղակի համար, այսինքն՝ դատախազության համար»:
Կարդացեք նաև
Արամազդ Կիվիրյանը համարում է, որ ենթադրելով, որ անձը կարող է որեւէ գործողություն կատարել, եւ այդ պատճառով նրան պատասխանատվության ենթարկելը իրավաբանության մեջ չի տեղավորվում. «Երբ ոստիկանությունը նմանատիպ դիտարկումներ է անում, ես ցավում եմ, այդ ոստիկանության համար: Անկեղծորեն, ես ցավում եմ, որ մեր ոստիկանությունը ընդհանրապես չի տիրապետում իրավական ոլորտին, եւ փաստարկները, փաստական առումով, զուրկ են տրամաբանությունից»:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին:
Հիշեցնենք՝ Արգիշտի Կիվիրյանին բերման էին ենթարկել 2015 թվականի հունվարի 15-ին, երբ Գյումրիում կատարված հանցագործության առիթով կազմակերպված բողոքի երթին մասնակցելիս մայթով բարձրանում էր դեպի ՀՀ դատախազության շենք:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ