ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, այսօր ստորագրված համագործակցության հուշագրով պարտավորվում են Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում ու անցկացում, ազատ, արդար դատական համակարգի ձեւավորում, տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկայական կողմնորոշումը, կառուցվածքային բարեփոխումների միջոցով բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը, ժողովրդագրական եւ դեմոգրաֆիական խնդիրներին լուծումներ գտնել, նպաստել բնակչության աճին եւ այլն:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը անվերապահորեն չի ընդունում իր իշխանական գործընկերների հայտարարություններն ու համաձայնությունները` հուշագրի տեսքով:
Ամեն դեպքում, այն, որ երկու քաղաքական ուժ փորձում են համագործակցել, ասում է`«երեւի ողջունելի է, միասնություն լինի, փորձեն անել»: Կարեւորում է, որ հուշագրում նաեւ նշել են`պատասխանատվությունն են կիսելու: Այսինքն, եւ հաջողությունների եւ անհաջողությունների համար այս անգամ երկուսն էլ պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա, հավանաբար: Ընդհանուր առմամբ, ցանկացած հուշագրի, մեր զրուցակիցը նայում է ինչպես բարի ցանկությունների ամփոփում:
Իսկ ավելի կոնկրետ, նկատում է, որ օրինակ, ժողովրդագրությանը, բնակչության աճին վերաբերվող նախաձեռնությունները ֆինանսական բաղադրիչ են ունենում. «Պետք է տարբեր հնարավորություններ եւ գումարային օժանդակություններ ապահովվեն երիտասարդ ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, չբերության խնդիրներ ունեցող զույգերին եւ այլն: Բայց մենք գիտենք, թե մեր բյուջեն իրենից ինչ է ներկայացնում, մեզ էլ ասացին, որ ցավոք, այս տարի չենք ունենալու նոր ծրագրեր, միայն հներն ենք պահպանելու»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանը հարց է հնչեցնում`արդյոք, վաղն, ըստ ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի, նոր ֆինանսներ են առաջանալու կամ կառավարությունն իր ծրագրերն է փոխելու, քանի որ նմանօրինակ հարցերի համար կառավարության ծրագրում նախատեսումներ արված չեն: Նշյալ խնդրի մասով, մեր զրուցակիցը ոչ պակաս կարեւորում է համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը, ինչը հնարավորություն կտա սոցիալական ուղղվածության հարցեր լուծել, ավելի ապահով լինել, հնարավորություններ կստեղծեն Հայաստանը լքած մարդկանց ետ վերադարձի համար եւ այլն:
«Այս տեսանկյունից, առնվազն այս տեսակի խնդիրները առավելապես սոցիալական ոլորտի նախարարություններն են միշտ կառավարել, բայց ՀՅԴ-ն կարծես ընտրել է կրթությունը, տնտեսությունը եւ տարածքային կառավարումը: Շատ հարցերում, միգուցե իրենք ունեն իրենց նոր մոտեցումները բերելու հնարավորություն, բայց սոցիալական ոլորտում, առնվազն ժողովրդագրության հետ կապված, ես կասկածում եմ, որ կկարողանան միանգամից այնպիսի փոփոխություններ անել, որ…համենայնդեպս, մինչեւ 2017-ը»,- ասում է մեր զրուցակիցը` նկատելով, որ ժողովրդագրական խնդիրների լուծման առումով ՀՀ պետական ինստիտուտների կողմից հաճախ անգամ միջազգային փորձից բխող առաջարկները չեն ընդունվում կամ կյանքի չեն կոչվում: Բայց եթե ՀՀԿ-ՀՅԴ այս համագործակցությունը կնպաստի, որ Հայաստանի բնակչությունը դառնա հինգ, յոթ եւ ավելի միլիոններ, ունենաք փայլուն տնտեսություն եւ երջանիկ ընտանիքներ, Թեւան Պողոսյանը միայն ուրախ կլինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ