Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանություն ներս թողեցին նախագահական նստավայրի դիմացից բերման ենթարկված ակտիվիստներ Մաքսիմ Սարգսյանի եւ Տիգրան Մազմանյանի փաստաբաններ Հայարփի Սարգսյանին եւ Արա Ղարագյոզյանին:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բաղրամյան 26-ից բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ: Նրանք ցույց էին իրականացնում ի պաշտպանություն կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի:
Բերման ենթարկված ակտիվիստ Տիգրան Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել էր, որ իրեն շորերից քաշելով դուրս են հանել Արաբկիրի ոստիկանությունից եւ պնդել, որ թույլ կտան տեսակցել իր պաշտպանյալին, երբ վերջինս գրավոր դիմում գրի այդ մասին:
Որոշ ժամանակ անց Արաբկիրի ոստիկանության դիմաց հավաքված քաղաքացիներին միացավ նաեւ Մաքսիմ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանը: Նրան նույնպես թույլ չէին ներս մտնել, պատճառաբանելով, որ ոստիկանությունում խորհրդակցություն է ընթանում:
Կարդացեք նաև
Րոպեներ առաջ Արաբկիրի ոստիկանություն եկավ նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրան անմիջապես թույլ տվեցին ներս մտնել ոստիկանության շենք, եւ մի քանի րոպե անց ներս մտան նաեւ փաստաբանները:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ