Ամիրյան 2 հասցեի Ավ.Իսահակյանի անվան գրադարանը, որը 19-րդ դարի կառույց է, եղել է արական գիմնազիա, պետության կողից պահպանվող հուշարձանների ցանկում ներառված շենք է, իրարամերժ հայտարարությունների տեղիք է տվել:
Այդ տարածքի սեփականատեր եւ կառուցապատող «ԷՅՋԻԱՅ-ԻՆՎԵՍՏ» ընկերության պատվերով կատարվող շինաշախտանքների ժամանակ եւ քանդվեց շենքի մի հատվածը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրել էր մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, քանդվող մասը հուշարձան չէ, այն կառուցվել է 1980-ական թվականներին:
Aravot.am-ի հետ զրույցում հուշարձան շենքի՝ 1980-ականներին վերականգնողական աշխատանքների ճարտարապետ Բորիս Քոչարյանն էլ վստահեցրել էր, որ այն ժամանակ իրենք ոչ մի նոր բան չեն կառուցել, այլ 19-րդ դարի կառույցը՝ գիմնազիային կից, վերականգնել են, երկաթբետոնյա ծածկեր են կառուցել:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը կրկին պարզաբանում խնդրեց նախարարության պաշտոնյա Կարո Այվազյանից: Նա մեզ ցույց տվեց հուշարձանի 1986 թվականի անձնագիրը, որտեղ նշած էր 1980-ական թվականներին կատարվել են վերականգնման աշխատանքներ: Կարո Այվազյանն ասաց, որ հենց այդ տարիներին էլ գիմնազիային կից շենքի մի հատվածը քանդվ է, որովհետեւ վատ վիճակում էր, եւ նորից են կառուցել, այդ հատվածը կրկին 19-րդ դար կառույց է եղել, բայց գիմնազիային չի պատկանել:
Կարդացեք նաև
Այվազյանն ասաց, խորհրդային տարիներին այդ հարակից շենքը վերականգնվել է տրվել գրադարանին. «Բայց այդ շենքի հեղինակը հայտնի չէ: Բակային կողմից էլ են ընդլայնել: Շատերը շփոթում են: Կարող է այդ շենքը սեւ տուֆով չլիներ, այսպես չարձագանքեին, խնդիրն այն է, որ սեւ տուֆով է եւ նույն լուծումով է շենքը կառուցված, շփոթեցնում է: Այդ շենքը ոչ թե վերականգնել են, այլ վերստեղծել են»:
Նախարարության պաշտոնյան ցույց տալով գրադարանի եւ հարակից շենքի բակային կողմի լուսանկարը, ասաց, որ պատերի հաստությունից, նյութերից եւ պանելներից ապացուցվում է, որ քանդելու ենթակա շենքը կառուցվել է 1980-ականներին. «Այդպես չէին կարող 19 դարում կառուցել: Այս երկու շենքերի ճարտարապետներն էլ տարբեր մարդիկ են»:
1980-ականներին գրադարանի շենքի վերականգնման աշխատանքների ճարտարապետ Բորիս Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում, մեկ անգամ եւս հաստատեց, որ այն ժամանակ 19-րդ դարի հին, վթարային շենք է եղել, եւ իրենք դա վերականգնել են. «Այնտեղ նոր կառույց չի եղել: Հիմա ուզում են քանդեն՝ թող քանդեն: Ես իմ իմացածն եմ ասում, նրանք ստում են: Եթե ասում են՝ 1980-ականներին նոր շենք ենք կառուցել, դա եթե հուշարձան չէ, հին չէ, ապա կարո՞ղ են ասել՝ ինչո՞ւ պիտի այդ տարիներին սեւ տուֆով, նույն տիպի, նույն լուծումով սարքեինք, ի՞նչ իմաստ ուներ: Այն պահին, որ մեզ տվել են վերակառուցելու, դա եղել է վթարային, այդ ֆասադը նոր չէր, 19-րդ դարի էր, քանդել ենք՝ նորացրել ենք, բետոնով ծածկեր ենք արել: Այդ ֆասադը ոչ 70-ականների է, ոչ՝ 80-ականների, դա հին Երեւանի շենքերից էր»:
Պարոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 1982 թվականին գրադարանի շենքի վերականգնման էսքիզը (տես՝ լուսանկարը), եւ գրառում կատարել՝ «Սա էլ 1982 թվականի մեր նախնական էսքիզներից մեկը, որ մի կերպ գտա… կարող էք խոշորացնել ու տեսնել ձախ կողմի կառույցը` բնակելի տունը իր բալկոնով, առաջին հարկի խանութով, որն, իհարկե, այն ժամանակ արդեն խանութ չէր, այլ գրադարանի սրահներից մեկը…երեւում է նաեւ փայտե ցուցափեղկը/վիտրինան/` իր ժամանակի տիպիկ երեւանյան»:
Գրադարանի տարածքում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի ճարտարապետ Իսահակ Ներսիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քանդման ենթակա կառույցն ու հուշարձան շենքն միասնական կառույց չէ. «Դա չի կարելի համարել հուշարձան, քանի որ հիմնովին քանդել են՝ նորը կառուցել: Դա հնի նման նոր բան է, հուշարձան չէ»:
Մեր այն հարցին, որ պարոն Քոչարյանը վստահեցնում է, որ այդ շենքը 19-րդ դարի է եղել, եւ իրենք վերականգնել են, ինչու նախագծով այդ շենքը չեն պահպանում, եթե անգամ հուշարձան չէ, Ներսիսյանն ասաց. «Դա խանգարում է բուն հուշարձանի ընկալմանը: Այդ հատվածի քանդելու նպատակն այն է, որ 19-րդ դարի կառույցն երեւա: Քանդման ենթակա շենքը վատացնում է տեսքը, չի լավացնում»:
Aravot.am-ի այն հարցին էլ՝ հանրությունը պահանջում է չքանդել այդ կառույցը, հնարավո՞ր է այլ լուծում գտնել եւ այն պահպանել, Ներսիսյանն ասաց. «Եթե բովանդակալից եւ հիմնավորված լինի պահանջը: Մենք 1 տարի տարբեր եղանակներ ենք քննարկել, եւ գտել ենք, որ պետք քանդվի: Եթե ընդդիմադիր կողմը, որը կողմ է, որ պետք է մնա այդ հատվածը, ավելի պրոֆեսիոնալ առումով ապացուցի, որ պետք է մնա՝ թե քաղաքի համար է լավ, թե՝ հուշարձանի, միգուցե մենք դա ընդունենք: Ես չգիտեմ ինչպես կգնան զարգացումները, ես որպես ճարտարապետ, գտնում եմ, որ իմ առաջարկած լուծումը ամենաճիշտն է: Եթե կընդունվի ոչ մասնագիտական, այլ՝ քաղաքական որոշում, որպեսզի կրքերը չբորբոքվեն, ավելի վատ արդյունք կունենա: Ճարտարապետությունը կդառնա քաղաքականության զոհ»:
Նշենք, որ այդ բազմաֆունկցիոնալ կառույցում է լինելու նաեւ հյուրանոցների ցանցի 4 աստղանի Holiday In հյուրանոցը: Ինչպես նաեւ այդ համալիրում նախատեսվում է հանգստի, ժամանցի վայր, կոնֆերանս սրահներ, դահլիճներ, գրասենյակներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ