«Ես գործի նյութերից տեղյակ եմ՝ մի հարված Կարենն է հասցրել, մի հարված՝ Հայկազը, եւ սենյակի տղաները բաժանել են»,- փետրվարի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի նյութերով առանձնացրած Կարեն Բաղրամյանի գործով դատական նիստից հետո Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բարսեղյանի հայր Արկադի Բարսեղյանը:
Ըստ նրա, մեղադրական եզրակացությունը, թե Կարեն Բաղրամյանը հարվածել է Հայկազ Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին, հնարավորություն է տալիս Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալների փաստաբաններին պնդել, որ նրա մարմնի վնասվածքները Կարեն Բաղրամյանն է հասցրել. «Թո՛ղ ճիշտը լինի եւ հանվի այդ մեղադրանքը, եթե Կարենի վրա նման մեղադրանք է դրված, որ ինքը տարբեր մասերի հարվածներ է հասցրել: Դա հանվի եւ նշվի ճիշտը, որ մի հարված է եղել, եւ Հայկազի կողմից էլ է մի հարված եղել, եւ ծեծկռտուքը բաժանվել է»:
Արկադի Բարսեղյանը համարում է, որ Կարեն Բաղրամյանի հետ միջադեպը ընդամենը հիմք է եղել. «Նրանց առիթ էր պետք, որպեսզի Հայկազին գան, բռնեն, եւ սպանություն լիներ: Դրա մասին վկայում է հենց ճաշարանում տեղի ունեցած խոսակցությունը, երբ որ Վաչեն գալիս է տղաներին՝ 6 հոգու, հարցնում է, երբ արդեն Կարենը ուրիշ սեղանի է նստել, ի՞նչ է եղել, ուրիշ կուրսանտ պատասխանում է՝ փնթի ուտելու համար են սենց արել, ինքը նորից է հարցը տալիս՝ զուտ այն բանի համար, որ Հայկազը պատասխանի, երբ որ Հայկազն է պատասխանում, ինքն ասում է՝ լավ, ճաշարանից դուրս կգանք, կխոսենք: Եթե այդպես է, թո՛ղ առաջին կուրսանտի պատասխանը իրեն բավարար լիներ, բայց իրեն պետք էր, որ Հայկազն ասեր դա: Եվ հենց այդ առիթով էլ վեճը շարունակվել է»:
Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ 24236 զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մակտկոցի կուրսանտ, կոչումով շարքային 2015թ. հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Կարդացեք նաև
Բացի այդ 2015թ.հունվարի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ.Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ