Այսօր ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել: Մի քանի ակտիվիստներ պառկել էին նախագահական նստավայրի դիմաց եւ փողոցի երթեւեկելի հատվածում:
Ոստիկանները սկզբում նրանց հերթով բարձրացրեցին ավելի վերեւ՝ նախագահականի ընդունարանի մոտ: Նրանք շարունակում էին պառկած մնալ: Մոտավորապես 10 րոպե անց ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել պառկած անձանց:
Ոստիկանությունը նաեւ փորձում էր բերման ենթարկել մի քաղաքացու, որը բղավում էր, թե ակցիայի հետ կապ չունի: Ցույցի մյուս մասնակիցները նույնպես պնդում էին, որ այդ քաղաքացին ակցիայի հետ կապ չունի: Սակայն ոստիկանությունը տեղի չտվեց եւ նրան նույնպես ոստիկանության մեքենայով տարան:
Բերման ենթարկվածների մեջ են Միքայել Նազարյանը, Տիգրան Մազմանյանը, Արտակ Գեւորգյանը, Փայլակ Թեւանյանը, Սիփան Փաշինյանը, Անդրանիկ Վարդանյանը, Կարո Ղուկասյանը, Մաքսիմ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Լրագրողները նախագահականի դիմաց կանգնած ոստիկաններից հետաքրքրվեցին, թե ո՞ր բաժին են տարել ակտիվիստներին: Ոստիկաններն արձագանքեցին, որ տեղյակ չեն:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ