Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 24-ին շարունակվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի նյութերով առանձնացրած Կարեն Բաղրամյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում քննարկվեց Հայկազ Բարսեղյանի հոր՝ Արկադի Բարսեղյանի որպես տուժողի իրավահաջորդ գործին ներգրավելու հարցը: Արկադի Բարսեղյանը եւ իր ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը այդ հարցը դատարանի հայեցողությանը թողեցին: Իսկ մեղադրողը դեմ էր գործով Արկադի Բարսեղյանին որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվելուն. «Այս պայմաններում տուժողի իրավահաջորդի հարց չպետք է քննարկվի, իրավաչափ չէ»:
Կարեն Բաղրամյանի ներկայացուցիչ Ռուզաննա Սիրեկանյանը հայտարարեց, որ կողմը առարկություններ չունի, եւ ցանկալի կլինի լսել տուժողի իրավահաջորդի կարծիքը, քանի որ իմ պաշտպանյալի անունը այլ գործով շատ է շոշափվում:
Դատարանը որոշում կայացրեց ներգրավել Բարսեղյանին՝ որպես տուժողի իրավահաջորդ, եւ Գարիկ Գալիկյալին՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Կարդացեք նաև
Չնայած այն հանգամանքին, որ կողմը պնդեց, որ ծանոթ է գործի նյութերին, Արկադի Բարսեղյանը հայտարարեց, որ իրեն ուղարկված ծանուցագրի մեջ գրված է, որ ըստ մեղադրանքի Կարեն Բաղրամյանը հարվածներ է հասցրել Հայկազ Բարսեղյանի մարմնի տարբեր մասերի. «Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ քննության ընթացքում վկաներն ասում են, որ հարվածը եղել է 1 հատ՝ շրթունքին, եւ 1 հատ էլ Հայկազն է հարվածել»:
Գործի քննությունը հետաձգվեց, որպեսզի վերջինս կարողանա ծանոթանալ գործի նյութերին: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 22-ին:
Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ 24236 զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մակտկոցի կուրսանտ, կոչումով շարքային 2015թ. հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները , բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ 2015թ.հունվարի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ.Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ