Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի «վերջին խոսքն»՝ ԱԺ-ում. «Չեմ ուզում զվարճացնել Աստծուն» (Տեսանյութ)

Փետրվար 24,2016 18:11

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց դպրոցների վարկանշավորման մասին ցուցակների մասին, որը մի շարք հարցադրումների տեղիք է տվել. «Ըստ ուսուցիչների, տնօրենների, տեսչության ստուգումների արդյունքում իրենց դպրոցի ցուցանիշները շատ ավելի բարձր էին, բայց վարկանշավորման արդյունքում ցածր արդյունք են գրանցել»:

Պատգամավորը հարցրեց՝ տեսչավորում, վարկանշավորումն իրար հետ կապ ունե՞ն, տեսչավորման արդյունքը վարկանշավորման համար հի՞մք է, թե՞ ոչ:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Որպես գործիք՝ վարկանշավորումը լավագույններից է համարվում՝ համակարգի հանդեպ հանրության վստահության բարձրացման տեսակետից: Եթե ինչ-որ մի դպրոց, որը նախկինում իրեն համարում էր շատ լավը, կամ ինչ-որ մի տնօրեն, որ մի քիչ ավելի ծանոթ մարդ ուներ, կամ մեծ համբավ ուներ շրջապատում, հանկարծ իր դպրոցը չի տեսնում 10, 20, 30 դպրոցների շարքում, դա չի նշանակում, որ մենք խաթարել ենք այդ տնօրենի մանկության երազանքը: Դա նշանակում է, որ մենք հաշվել ենք եւ տնօրենին քարտեր ենք տվել շուրջ 60 ցուցանիշով, որպեսզի նա հասկանա, թե դպրոցը որտեղ է կաղում: Այդ համակարգը գերազանցիկների հայտագրման համակարգ չէ, այն ախտորոշիչ համակարգ է, որը խելացի կիրառման դեպքում շատ օգտակար կարող է լինել տնօրենների համար»:

Ռուզաննա Մուրադյանը գովեստի խոսքեր ասաց նախարարին՝ նշելով, թե «Ձեր վերջին խոսքը պետք է դառնա այն հենքը, որից մենք տեսչավորման եւ վարկանշավորման գործընթացի մեջ ձեր մեթոդաբանությունը լավացնելու ճանապարհով հաստատենք հստակ կարգ»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց «Ինչ վերաբերում է վերջին խոսքին, ասում են, եթե ուզում ես զվարճացնել Աստծուն, պատմիր իրեն քո պլանների մասին: Չեմ ուզում զվարճացնել: Վստահաբար կարծում եմ, որ սա վերջին խոսքիս համար ճիշտ տարիք չէ»:

Որպես հետգրություն՝ նա շնորհակալություն հայտնեց ԱԺ պատգամավորներին, լրագրողներին:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց՝ Ի՞նչ վերջին խոսք, պարոն նախարար, սա նոր սկիզբ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29