Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի» վերաբերյալ հարցեր լսելուց հետո քննիչը Գասպարիին հոգեբուժարան ստուգումների է ուղարկել

Փետրվար 24,2016 17:44

Պարզվում է՝ դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու համար «Նորք» հոգեբուժարան տարված Վարդգես Գասպարիի հոգեկան առողջության վերաբերյալ լուրջ կասկածներ ունի նրան հարցաքննող քննիչը:

«Վարդգես Գասպարին ցանկացել է իմանալ իրեն հարցաքննող քննիչի լեգիտիմությունը, եւ նա քննիչին հարցրել է՝ արդյոք մասնակցե՞լ է մարտիմեկյան միջադեպերին, դրանց քննություններին, մի շարք ապօրինություններ գործե՞լ է, թե ոչ, որ շարունակի հարցաքննությունը, ու սա քննիչի համար հիմք էր դարձել կասկածելու, որ Գասպարին հոգեկան խնդիրներ ունի»,- Aravot.am-ին ասաց Գասպարիի պաշտպան՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշումը քննիչն ընդունել է Գասպարիի դեմ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակում հարցաքննության ժամանակ: Ըստ փաստաբանի. «Սա իր հանդեպ հարուցված մեկ այլ քրեական գործով է, հանրաքվեի ընթացքում համապատասխան տեղամասի հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու փաստի առթիվ դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու նպատակով, բայց միջնորդել ենք հետաձգել փորձաքննությունը, քանի որ մի շարք փաստաթղթեր մեզ չեն տրամադրվել»:

Պարոն Գյուրջյանը նաեւ պատմեց, որ Վարդգես Գասպարին արդեն երկու օր է խոշտանգումների է ենթարկվում բանտախցում իր համախցակիցների կողմից. «ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների միջոցով նվաստացուցիչ գործողություններ են նրա նկատմամբ կատարվել, վրան ջուր են լցրել, պատրաստվում ենք դիմել բոլոր հնարավոր ատյաններին, որ կանխարգելեն այդ խոշտանգումները»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց բռնությունների ու ճնշումների մասին տեղեկատվությունը. «Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը»:

Մեր հարցին՝ ինչու է հոգեբուժարան տարվել, ասաց՝ դատարան դիմեք, դատարանն է որոշում կայացրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» կողմից նշենք, որ խցակիցների հետ Գասպարիի լարված հարաբերությունների փաստն այսօր ԱԺ ամբիոնից հաստատեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29