Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներն ասել են՝ «Մենք մնացել ենք տկլոր»

Փետրվար 24,2016 17:37

ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյաննն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրներից: Նա հարցրեց, թե կառավարությունն այդ ուղղությամբ ի՞նչ ծրագրեր է իրականացնում:

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «ՀՀ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց խնդիրները լուծվում են համապատասխան օրենքի շրջանակներում: ՀՀ կառավարությունը մեր հնարավորության սահմաններում, նաեւ ՊՆ-ի առաջարկություններով համապատասխան ծրագրեր է իրականացնում՝ նրանց խնդիրները լուծելու համար: Այդ խնդիրները առաջին հերթին վերաբերում են ծառայության մեջ գտնվող զինծառայողներին: Բավականին մեծ ծրագիր է իրականացվում բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ»:

Նախարարն ասաց, որ այս պահին կան զոհված ազատամարտիկների, առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների մի մեծ հերթացուցակ: Նրանց ընտանիքները կամ անօթեւան են, կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն: Նախարարն ասաց, որ բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծել: Ազատամարտիկների բուժման համար էլ են ծրագրեր իրականացնում. «9900 հոգի զոհված ազատամարտիկների ընտանիք կա, 10530 ազատամարտիկ էլ հաշմանդամության տարբեր կարգեր ունեն. «Մեր հնարավորության սահմաններում փորձում ենք լուծում տալ նրանց խնդիրներին»:

Իշխան Խաչատրյանն էլ ասաց, որ ազատամարտիկների հետ հանդիպում են ունեցել, նրանք ասել են. «Մենք մնացել ենք տկլոր: Պետական հոգածությունը, ծրագրերը չեն կարողանում սոցիալական վիճակը բարելավել: Նրանք ունեին վարկեր, խնդրում էին, որ արտոնյալ գյուղատնտեսական վարկեր տրամադրեն: 14 տոկոս է, պետությունը սուբսիդավորում է 7 տոկոսը: Ասում էին՝ ունենք ազատամարտիկներ, որոնք արդեն հեռացել են հայրենիքից»:

Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, ՀՀ կառավարությունը չի կարող այսօր լուծել այն բոլոր խնդիրները, որ դրված են ազատամարտիկների առջեւ»:

Նախարարն ասաց, որ բնակարանային ապահովման ծրագրերում ամեն ինչ արել են, որ կոռուպցիոն ռիսկեր չլինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29