Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն արդեն տնտեսական աճ է գրանցում

Փետրվար 24,2016 17:33

2016 թվականի տնտեսական տարին Հայաստանում, համենայնդեպս, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, մեկնարկում է բարձր ակտիվությամբ։ ԱՎԾ-ի երեկ հրապարակած օպերատիվ տվյալներով, հունվարին Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական ակտիվություն։ Համեմատության համար հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարին տնտեսական ակտիվությունը կազմեց ընդամենը 2,1 տոկոս։ Ստացվում է ի հեճուկս բոլոր մասնագիտական եւ տրամաբանական կանխատեսումների, որ այս տարին ֆինանսատնտեսական առումով բավական բարդ է լինելու, Հայաստանում տարին մեկնարկում է տնտեսական բումով: Դատելով վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից՝ աննախադեպ բարձր աճ է գրանցվել հատկապես արդյունաբերության ոլորտում։ Այն հասնում է 15,7 տոկոսի։ Հատկանշական է, որ աճի այդ ցուցանիշն արձանագրվել է տարեսկզբին արտաքին հատվածում ստեղծված ոչ այնքան բարենպաստ իրավիճակի պայմաններում։ Ինչպես հայտնի է, համաշխարհային շուկայում անհամեմատ ցածր է մնում հանքահումքային ապրանքների գինը։ Վերջին շրջանում պղնձի տոննան տատանվում է 4,3-4,6 հազար դոլարի սահմաններում։ Այն առնվազն 1,2 հազարով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Էապես ավելացել են իրացման հետ կապված խնդիրները նաեւ հիմնական գործընկեր երկրներում եւ առաջին հերթին Ռուսաստանում։ Տարվա սկզբից արձանագրվող ռուբլու կտրուկ արժեզրկումն ուզած, թե չուզած ազդելու է  ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա։ Այդ պայմաններում այնուհանդերձ արդյունաբերությունը լուրջ աճ է գրանցել։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին տնտեսության այդ հատվածում դրսեւորումները բացասական էին։ Գրանցվել էր ավելի քան 6 տոկոսանոց անկում։ Տարվա առաջին ամսին դիտարկված բարձր ակտիվությանը զգալիորեն նպաստել են էներգետիկան եւ շինարարությունը։ Առաջինում աճը կազմել է 5,2, երկրորդում՝ 5,1 տոկոս։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՎԾ-ի տվյալները միանգամայն տեղավորվում են տնտեսական եւ տնտեսագիտական տրամաբանության շրջանակներում: Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ երկու հիմնավորումներ կան`տնտեսության մեջ առկա անցած տարվա դժվարությունները, վատ կանխատեսումները գործարարներին ստիպել էին բավական զուսպ լինել, բայց քանի որ տարին եզրափակվեց 3,3 տոկոս տնտեսական աճով, դա արդեն հուսադրող է: «Բացի այդ կային ծրագրեր, որոնք հենց 2016-ից պիտի կյանքի կոչվեին: Սա շատ հուսադրող է եւ միանգամայն համընկնում է իմ լավատեսության հետ: Ես կարծում եմ, որ մենք դեռ հեռու ենք մեր մարդկային, ֆինանսական եւ մնացյալ ռեսուրսները ճիշտ օգտագործելուց, բայց շատ կարեւոր է, որ դրական լիցքավորված նայենք տնտեսությանը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

ԱՎԾ-ի ցուցանիշներն առայժմ համեստ են գյուղատնտեսության ոլորտում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 1,5 տոկոսանոց աճ։ Թեեւ շարունակել է կրճատվել արտաքին առեւտրաշրջանառությունը, այնուհանդերձ կան նաեւ դրական միտումներ։ Խոսքը մասնավորապես արտահանման ոլորտում տեղի ունեցած դրսեւորումների մասին է։ Հունվարին Հայաստանից 5,6 տոկոսով ավելի շատ ապրանք է տարվել դուրս։ Գումարային արտահայտությամբ այն կազմել է 89 մլն դոլար։ Արտաքին առեւտրաշրջանառության անկումը պայմանավորվել է բացառապես ներմուծման կրճատմամբ։ Բացասական տարբերությունը նախորդ տարվա համեմատ կազմել է 44 մլն դոլար։ Այս տարվա հունվարին իրականացված ներկրումները կազմել են 153 մլն դոլար։ Ռուսական ռուբլու թուլացումը հանգեցրել է այս շուկայից ներկրվող բազմաթիվ ապրանքատեսակների մաքսային արժեքների անկման։ Ի տարբերություն արտաքին առեւտրաշրջանառության 13,8 տոկոս նվազման, ներքին առեւտուրը պակասել է 2,7 տոկոսով։ Այսինքն, ներքին սպառումը շարունակում է կրճատվել։ Մեր զրուցակիցը կարծում է, որ դրա վրա ազդող հիմնական գործոնը արտաքին տրանսֆերտներն են, որոնք շարունակում են պակասել։

Այսօր, խորհրդարանում գործարար-պատգամավորները, սակայն, չէին ցանկանում խոսել ԱՎԾ-ի տվյալների մասին: Պատճառաբանում էին, թե ծանոթ չեն: Գործարար-պատգամավորներն առայժմ վաղ են համարում գնահատականներ տալը, բայց հույս ունեն, որ դրական ընթացքով կշարժվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29