Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Մհեր Սեդրակյանը շատ հավասարակշռված մարդ է»

Փետրվար 24,2016 16:05

«Ես, ճիշտն ասած, չեմ խառնվել, չեմ տեսել եւ ոչինչ չեմ կարող ասել: Ճանաչում եմ պարոն Սեդրակյանին, ինքը շատ հավասարակշռված, շատ ծանրակշիռ մարդ է: Ես կարծում եմ, որ ցանկացած մարդու կարելի է հունից հանել կամ ինչ-որ պրովոկացիայի ենթարկել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրողի միջեւ եղած միջադեպին՝ ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

«Մեկ-մեկ լրագրողներ կան, որ հարց են տալիս, արդեն հարցի մեջ ագրեսիա կա, չես ուզում պատասխանել: Ինքը հարցը չի տալիս, որպեսզի պատասխանես, ինքը հարցը տալիս է, որ քեզ հունից հանի: Ես տվյալ պարագայում չգիտեմ՝ ինչ է եղել»,- ասաց պարոն Ախոյանը: Մեր հարցին՝ այսքան աղմուկից հետո՝ չի՞ ցանկացել տեսանյութը դիտել, պարոն Ախոյանը պատասխանեց. «Չեմ ուզում դիտել, որովհետեւ դա իմ թեման չէ, ես նման բաների ամեն օր հանդիպում եմ, փոքրուց հանդիպել եմ, լսել եմ, ուղղակի ժամանակ չունեմ, չեմ ուզում նայել: Բայց կարծում եմ, որ պարոն Սեդրակյանը դժվար հենց այնպես նման բան ասեր, կամ որ ընհանրապես նման բան է ասել»:

ԱԺ պատգամավորը կոչ արեց լրագրողներին հանդարտվել. «Եթե այսպես շարունակվի, մենք էլ շատ լրագրողների տերեր գիտենք, որոնք որ իսկապես խախտում են եւ՛ մեր իրավունքները, եւ՛ վիրավորում են իրենց հարցերով: Այնպիսի հարցեր կարող է տան, որ ուղղակի ապշես, թե ով է իրեն նման իրավունքն տվել, կամ ով է իրեն այդ արտոնությունը տվել»:

Նորից վերադառնալով մեր զրույցի բուն թեմային՝ պարոն Ախոյանը նշեց, որ դրա մասին ոչինչ չի կարող ասել՝ իր անտեղյակության պատճառով: Նշեց, որ

խորին հարգանքով է մոտենում մեր մեդիա դաշտի ծանր աշխատանքին, եւ կարեւորում է նրա անհրաժեշտությունը. «Առողջ քննադատությանը մենք կողմ ենք, որովհետեւ առանց դրա չի կարող որեւիցե երկրում ժողովրդավարություն տեղի ունենալ… Այս պարագայում, եթե նույնիսկ նման բան է եղել, ես զղջում եմ, իմ ավագ ընկերոջ կողմից ներողություն եմ խնդրում եւ կոչ եմ անում, որպեսզի բոլորը հանդարտվեն, զբաղվեն իրենց աշխատանքով: Կյանքը առաջ է գնում, սա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Այնպես որ մի քիչ գինիներին ջուր խառնեն, եկեք մեկս մյուսի հանդեպ լինենք հանդուրժող, ներողամտաբար վերաբերենք այդ ամեն ինչին»,- ասաց պարոն Ախոյանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29