Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ծննդաբերությունից մահացած կնոջ ամուսինը դիմել է դատարան

Փետրվար 24,2016 15:52

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում նախորդ տարվա մայիս ամսին 3-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ամուսինը՝ Սամվել Հովհաննիսյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր կնոջ մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճել են, եւ ինքը դիմել է դատարան՝ բողոքարկելու քննչական մարմնի այս որոշումը:

«Ես վրդովված եմ, որ գործը փակել են, եւ սա այն դեպքում, երբ ես շարունակում եմ բողոք ներկայացնել: Ամեն ինչ անելու եմ, որ բժիշկը՝ Վահագն Մադոյանը, բուժքույրը, քննչականն ու դատախազությունը պատասխան տան: Ես պնդում եմ, որ կնոջս մահվան մեջ մեղավորը բժիշկն է: Առաջին անգամ նշանակված դատաբժշկական փորձաքննությանը ես ներկա եմ եղել. չբավարարվելով արդյունքներից՝ բողոք եմ ներկայացել ու պահանջել եմ, որ երկրորդ փորձաքննություն նշանակեն ու ես դարձյալ ներկա գտնվեմ: Քննիչն ինձ անձամբ ասաց, որ անպայման դու ներկա կլինես երկրորդ փորձաքննությանը, հետո ինձ խաբար արեց, թե՝ արի, գործին ծանոթացի, փորձաքննությունն ավարտվել է: Իրենք այդ ձեւի գործը փակել են, առանց գործին ծանոթանալու, առանց իմ ստորագրության, դրել, գործ են փակել:

Իրենք այնքան «կռիսական» գնացին, երբ քննիչին ասի՝ ես ներկա պետք է լինեմ փորձաքննությանը, նա երաշխավորեց, որ այդպես էլ կլինի, հետո էլ պատճառաբանում են, թե դու դիմում չես գրել ներկա լինելու: Ահա այսպիսի խաբեբայություն, ես մի քանի օր առաջ նախագահականի անձնակազմին բողոք եմ գրել քննիչ Սեդրակյանի, քննչականի պետի դեմ՝ նշելով, որ խաբելով ու գործն առաջ տանելով չէ:

Իրենք արդարացնում են բժշկին, բայց ես փաստաթղթեր ունեմ, գինեկոլոգին էլ եմ տարել, ցույց տվել, որը պարտավոր է եղել անմիջապես ընդհատած լինի կնոջս հղիությունը, բայց չի ընդհատել: Ես հիմա նոր եմ այդ փաստաթուղթը ձեռքս վերցրել, ես դատարանում հենց առաջինն այդ հարցը պետք է առաջ քաշեմ, եթե նման պրոբլեմ է եղել, ինչո՞ւ չեն ընդհատել»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Սամվել Հովհաննիսյանը պնդում է, որ իր կնոջ մահվան պատճառը բժիշկ Մադոյանն է: «Բժիշկն այդ պահին անգամ հիվանդանոցում չի եղել, մինչև եկել է՝ խալաթը վրան քցած, կինս հոգին տվել է, պատասխան պետք է տան բոլորը: Ճիշտ է՝ ավստրիական հիվանդանոցից հեռացրել են այդ բժշկին, բայց պոլիկլինիկայում ինքը աշխատում է: 2-րդ պոլիկլինիկայից էլ կնոջս ամբուլատոր քարտը պահեցին, չտվեցին, այնտեղ այնպիսի բաներ կային գրված, ըստ որոնց, բժիշկը պարտավոր էր կեսարյան հատում անելու: Քննիչն ինձ ասում է, թե պոլիկլինիկայից այդ քարտը կնոջդ են տվել, ասում եմ՝ ո՞վ է տվել, ասում է իրավունք չունեմ անուններ տալու:

Առաջին փորձաքննությանը ես ներկա եմ եղել, ի օգուտ բժշկի էր, մտա, փորձագետները ինձ հարցնում էին, թե դեղը ե՞րբ է լեզվի տակ դրել, ես ասում եմ՝ նրա  օրգանիզմը դեղ չէր վերցնում, ո՞վ էր թույլ տալիս դեղ տալ: Հետո ասացին՝ ի՞նչ հարցեր ունես, եթե չունես, մենք շատ գործեր ունենք: Նման արտահայտությամբ իրենք գլխառադ արեցին, գնաց, դրա համար էլ բողոք ներկայացրի՝ պահանջելով երկրորդ անգամ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ասի, որ պետք է ներկա լինեմ, այդ ժամանակ քննիչն ասաց, անպայման ներկա կգտնվես, բայց փաստորեն մեկ ամիս անց ինձ զանգահարեց, թե գործերը եկել են, արի ծանոթացի: Շատ վրդովվեցի, թղթերը դրեցին դեմս, որ ծանոթանամ, ասի՝ բոլորովին, ես չեմ ծանոթանա, փորձաքննությանը ներկա չեմ եղել, հնարավոր է փորձաքննություն չեք էլ արել՝ նույն բժշկի անուն-ազգանունով նորից թուղթ եք գրել: Թողեցի ու դուրս եմ եկել քննչականից, որոշ ժամանակ անց, նամակ ուղարկեցին, թե գործը կարճված է:

Հիմա բողոքարկում եմ, մարտի 4-ին, ժամը 14.00-ին դատ է նշանակված: Բժիշկը ցուցմունք է տվել քննիչի մոտ, թե կնոջս բացվածքը եղել է 6 սանտիմետր, բայց 8 սանտիմետր է եղել, այդպես մորս է ասել, բայց էնտեղից փաստաթղթեր են գալիս, թե 3 սանտիմետր է եղել: Մորս տված ցուցմունքը՝ գրիչով գրածը ու քննիչի տպածը բացարձակ իրար չեն համապատասխանում, ես հատիկ-հատիկ կարդացել եմ: Մորս ցուցմունքը երբ տպել են, ընդամենը գրած էր, թե 15 րոպե հետո բժիշկը եկել է, էլ ուրիշ բան չկար իր գրիչով գրած ցուցմունքից, մինչդեռ նա գրիչով հատիկ-հատիկ գրել էր ամեն ինչ:

Իրենք գիտեն, թե ես դեռ ուշքի չեմ եկել, ոնց ուզեն, այնպես անեն: Ես ջրի երես պիտի հանեմ բժշկին: Անկեղծ ասած, ես բուժքրոջ դեմ բան չունեի, ջահել աղջիկ է, բայց կեղծ ցուցմունք է տալիս, նա էլ պատասխան պիտի տա: Մեկ տարի 9 ամիս է անցել կնոջս մահից, բայց ինձ համար նոր է վերքը, չի էլ անցնի»,- լացակումած ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Raffi_Aslanyan

Այս թեմայի շուրջ Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից: «Քրեական գործի նախաքննության ընթացքում փորձաքննություններ են նշանակվել, այդ թվում` կրկնակի, ՀՀ բոլոր փորձագիտական հիմնարկներում, սակայն բոլոր եզրակացություններում փորձագետները հանգել են հետևության, որ բժշկի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, վերջինս իր մասնագիտական պարտականությունները կատարել է պատշաճ, դրանց կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք չի դրսևորել, ուստի վարույթն իրականացնող անձը քրեական գործով վարույթը կարճել է: Հետևաբար` այս պայմաններում վարույթն իրականացնող քննիչի գործողությունների իրավաչափությունը որևէ կերպ չէր կարող կասկածի տակ դրվել:

Ինչ վերաբերվում է հղիի մինչծննդաբերական քարտին, ապա փորձագետների պնդմամբ, այն որևէ նշանակություն չէր կարող ունենալ ծննդաբերության ընթացքում հանկարծակի ծագած բարդության` պտղաջրային էմբոլիայի զարգացման համար, ինչը մինչ ծննդաբերությունը, ըստ փորձագետների, որևէ ախտանշան չունի, որը կարող էր հայտնաբերվել»,- պարզաբանեց Շիրակի մարզի դատախազը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դանա says:

    Էդ երկրորդ պոլիկլինիկան փակել է պետք, տեսել եք հակասանիտարական վիճակը? էս մեր մարզը երբևէ մարզպետ ունեցել է ? մենակ իրանց գովալով ման գան, էլ չեմ խոսա առբաժնի վարիչի մասին, թող հըլը իրա հարազատին տանի էդ պոլիկլինիկա, մարդ օր ժիվոյ էղնի, 7 օր բլուտեն կընկնի, խո փող տաշելով չէ մենակ

    • Հասմիկ says:

      Համաձայն եմ Դանայի հետ:Այդ պոլիկլինիկայի տնօրենը կառկառուն ՀՀԿ-ական է:Մաման թալանում է պոլիկլինիկան,որ տղու պառտքերը փակի:Թալանչիների բույնն է այդ պոլիկլինիկան:

  2. Կլարա says:

    Հաշմանդամության կարգ տալու համար էս ՀՀԿ մորքուրը կթալնե է մարդկանց.Հեչ մարդ չի փստա ըսոր ձեռքից.Կառավարությունը վաղուց էդ պոլիկլինիկան բդի փակե……..խայտառակություն է.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29