Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացի արվեստագետ. «Հենց իմ երկիրը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Փետրվար 24,2016 15:05

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Սայմոն Ուիլքինսոնը հանդիպեց լրագրողների հետ և հանդես եկավ վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով: Սայմոն Ուիլքինսոնի աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն: Նա պատմեց, որ հաճախ համատեղում է այդ միջոցները:

«Սկսել եմ ստեղծագործել որպես երաժիշտ: Երբ երաժշտություն ես գրում մարդկանց համար, չես կարող օգտագործել նրանց այլ զգայարանները, բացի լսողականից: Հետո սկսեցի ֆիլմեր ստեղծել` հասկանալով, որ դրանց միջոցով հնարավոր է «գրկել» հանդիսատեսին եւ տանել քեզ հետ: Այդպես կարող ես զրուցել հանդիսատեսի հետ` հնարավորության դեպքում առանձին հանդիպել մարդու հետ եւ խոսել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետը:

Britanakan_film_5 Britanakan_film_4 Britanakan_film_2

Նրա բնորոշմամբ` նախկինում որոշ արվեստագետների առաջ խոնարհվում էինք, ինչպես եկեղեցու. «Իսկ հիմա դա հնացած ընկալում է, հիմա արվեստ նշանակում է զրույց: Այսօրվա աշխարհում մարդիկ հաղորդակցվելու համար օգտագործում են մեդիան, արվեստագետներն էլ պետք է այդպես անեն»:

Հետաքրքրվեցինք, թե ինչ է հասցրել իմանալ Հայաստանի մասին: Մեր զրուցակիցն ասաց, որ շատ է ընթերցել մեր երկրի, Հայոց ցեղասպանության եւ Արցախյան հակամարտության մասին. «Տեսա Հայոց ցեղասպանության լուսանկարները… Որոշ երկրներ, այդ թվում իմը(Մեծ Բրիտանիան), ինչ-ինչ պատճառներով դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մտածում եմ` հավանաբար հենց մենք պետք է ճանաչենք այն: Ի դեպ, այն, ինչ տեսա այստեղ, անսպասելի էր. երիտասարդների համար անհավատալի հնարավորություններ կան: Մի պահ տխրեցի, որ իմ երկրում այդպես չէ»:

Հանդիպման ավարտին լրագրողները հարցրեցին` հնարավո՞ր է, որ Ուիլքինսոնը ֆիլմ նկարի Հայոց ցեղասպանության մասին: «Երբեք չեմ կարող կանխատեսել, թե ինչ կնկարեմ»,-ասաց նա:

Փառատոնի հյուրը ներկաներին նաեւ պատմեց իր «Խորանարդ» ֆիլմ-ներկայացման մասին, որը 1959թ.-ին ԱՄՆ-ում մի խումբ դեռահասների առեղծվածային անհետացման դեպքն է ներկայացնում: Առաջիկայում Ուիլքինսոնը կդասախոսի «Թումո»-ում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29