Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է». իրավապաշտպաններ

Փետրվար 24,2016 15:02

«Օրենսդրության ոչ համաչափ կիրառման խնդիր կա: Գեւորգ Սաֆարյանի գործը շատ լավ ցույց է տալիս դա: Երբ ոստիկանությունն ակնհայտ բռնություն է կիրառում, որեւէ մեկը նույնիսկ իրենց ներքին պատասխանատվության չի ենթարկվում: Բայց երբ ոստիկանությունը սադրում է ինչ-որ քաշքշուկ ու հետո, եթե հանկարծ նույնիսկ ոստիկանին հրում ես, քեզ կարող են դատապարտել մինչեւ 5 տարվա ազատազրկման»,- «Մեդիա կենտրոնում» «Իրավական գնահատական Վարդգես Գասպարիի կալանավորմանը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանը:

Ըստ նրա՝ այս պահին խոշտանգման համար պատիժ կրող որեւէ ոստիկան չկա. «Բայց մյուս դեպքերում մարդկանց կարելի է 5 տարվա ազատազրկման դատապարտել, զուտ նրա համար, որ ինքը ոստիկանին հրել է ու երկու այլ ոստիկաններ տեսել են դա: Տեսանյութերը նայելիս տեսնում ենք, որ ոստիկանությունը սադրանք է սկսում, հետո կարող է ցանկացած անձի նստեցնել»:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ կարծում է, որ Վարդգես Գասպարին իրավապաշտպան է. «Նա հանդես է գալիս հանրային կարեւորություն, հասարակական հնչեղություն ունեցող, այլ ոչ թե անձնական խնդիրներ հետապնդող պահանջներով: Այժմ նա իրավական կարգավիճակով քաղբանտարկյալ է: Այդ կարգավիճակը, տրամաբանորեն, ելնում է մեր առաջին հարցադրումից»:

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում իրականում, Վարդգես Գասպարիի հարցը պետք է դիտել որպես համալիր խնդիր: «Սա եզակի դեպք չէ: Արդեն նշվեց Գեւորգ Սաֆարյանի դեպքը եւ բազմաթիվ այլ դեպքեր: Մեր հասարակությունը շերտավորված է եւ սոցիալապես բեւեռացված: Զավեշտալի է, որ նման շերտավորումը եւ բեւեռացումը տեղի է ունենում անգամ բանտարկյալների շրջանում»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29