2013թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում, «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի» մոտ միջադեպի հետեւանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են Դիլիջան քաղաքի բնակիչ Նավասարդ Աբգարյանը եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ Արտավազդ Թամազյանը: Գյուղապետի մյուս որդին՝ Արագած Թամրազյանը երկար ժամանակ գտնվում էր փախուստի մեջ: Նա ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Երեւանում հայտնաբերվել, բերման է ենթարկվել 2015թ. օգոստոսի 25-ին:
2016թ. մարտի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Արագած Թամրազյանի դատավարությունը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Թամրազյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Նավասարդ Աբգարյանին, դիտավորությամբ վնասել Համլետ Բադալյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով («Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաեւ տուժողի՝ պարբերաբար դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող իրավիճակի հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը») եւ 185 հոդվածի 1-ին մասով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել»): 105 հոդվածի 1-ին մասը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: 185 հոդվածի 1-ին մասը նախատեսում է 50-100 հազար դրամի չափով տուգանք, կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ