Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծեծված ԼԳԲՏ ակտիվիստին ասել են արյան անալիզ հանձնի, տեսնենք ինչ շեղումներ ունես»

Փետրվար 24,2016 14:44

Փետրվարի 15-ի երեկոյան ծեծի ենթարկված ԼԳԲՏ ակտիվիստները փողոցում չեն համբուրվել եւ իրար ձեռք չեն բռնել: Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը «Մեդիա կենտրոնում» նշեց, որ ակտիվիստներն ուղղակի քայլելիս են եղել եւ որեւէ տեսարան չի եղել, որը կարող է զայրացնել հասարակությանը:

«Այդ շոկային օրը որեւէ տեղ չեն դիմել: Հաջորդ օրը, երբ եկան մեր գրասենյակ, մենք առաջարկեցինք անպայման դիմել բուժհաստատություն, որը գտնվում է Բժշկական համալսարանից վերեւ: Բուժհաստատությունում բավականին խտրական են վերաբերվել, սկսել են ծաղրանքի ենթարկել, նվաստացնել: Մեր աշխատակցին, որն ուղեկցում էր նրան, չեն թողել մտնել: Ծաղրանքների փուլից հետո ասել են, որ եթե գլուխդ նկարենք կամ որովայնդ ստուգենք, պետք է վճարես: Նա գումար չի ունեցել եւ հրաժարվել է»,- տեղեկացրեց Մամիկոն Հովսեփյանը:

Բուժհաստատությունում ակտիվիստին նաեւ ասել են, որ եթե գումար չունի՝ կարող է անվճար անալիզ տալ. «Ասել են՝ կարող ես արյան անալիզ տալ, ստուգենք տեսնենք ինչ շեղումներ ունես: Այստեղ ակնհայտ ատելության խոսքով համեմված, ծաղրանքներով մարդուն փորձել են նվաստացնել: Դրանից հետո անմիջապես դիմեցինք ոստիկանություն, արդեն ես ուղեկցեցի: Այնտեղ փորձեցին համեմատաբար ավելի կիրթ գտնվել: Թեթեւ քմծիծաղներին սովոր ենք, բայց ոնց որ ամեն ինչ նորմալ ընթացավ: Ուղղակի ձգձգվում է գործը: Այժմ վկաների բացատրություն տալու փուլն է ընթանում»:

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանն էլ ասաց, որ Հայաստանի հասարակության շրջանում գնալով սերմանվում է խտրական դրսեւորումը խոցելի խմբերի, հատկապես՝ նույնասեռական անձանց հանդեպ: «Դա մեր, այսպես ասած, ռազմավարական գործընկեր Ռուսաստանից վերցված օրենքների վերաձեւակերպումն ու ներդրումն է: Միանշանակ բացասական է այն, ինչ կատարվում է հասարակությունում»:

Սերգեյ Գաբրիելյանը նշեց, որ այդ երեւույթը չի տեղավորվում որեւէ միջազգային եւ տեղական իրավական ակտերում. «ՀՀ-ն վավերացրել է բազմաթիվ միջպետական եւ տեղական շատ օրենքներ, որով պաշտպանվում է հասարակությունը ու մարդը: Այս երեւույթը կշարունակվի այնքան, քանի դեռ Հայաստանը չի ընդունի հակախտրականության մասին օրենքը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը` PHOTOLUR-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29