«Մենք գիտենք, որ Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին: Մենք փաստ չունենք, որ նա խախտել է խափանման այդ միջոցը: Նա առնվազն պետք է Հայաստանից հեռանար, դատաքննության եւ հետաքննության մարմիններից խուսափեր: Չկա այդպիսի փաստ»,- «Մեդիա կենտրոնում» «Իրավական գնահատական Վարդգես Գասպարիի կալանավորմանը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ Գասպարիի հայտարարությունները եթե դատարանի դեմ համարվեին որպես անհարգելի վերաբերմունք, ապա առավելագույնը կարող է վարչական պատասխանատվություն կիրառել եւ ուրիշ ոչինչ. «Առանց մարդու, նրա նկատմամբ խափանման միջոց է քննում: Նա չի գտնվում հետախուզման մեջ: Մարդը չի թաքնվել, այսինքն՝ իր տեղը հայտնի է եւ կարող են առնվազն ապահովել նրա ներկայությունը դատարանում, որպեսզի նա կարողանա պատշաճ պաշտպանություն իրականացնել»:
Ելնելով վերոնշյալից՝ Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ ակնհայտ անհիմն, չպատճառաբանված որոշում է կայացվել. «Այդ որոշումը նպատակ ունի մարդուն պատժելու եւ պահելու անազատության մեջ, հնազանդեցնելու միտում կա: Դա քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ Գասպարին բռնություն չի կատարել որեւէ մեկի նկատմամբ: Նա չէր կարող նախաքննության եւ դատաքննության մարմինների վրա ճնշում գործադրել, որը կարող էր հանդիսանալ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու հիմք: Մենք տեսնում ենք, որ մարդուն պատժում են իր դիրքորոշումների, կարծիքների, քաղաքացիական գործողությունների համար: Դա արտառոց է»:
Նա պնդում է, որ պետք է Գասպարիի խափանման միջոցն անհապաղ փոխեն եւ ազատեն կալանքից:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի