Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Սարգսյանը՝ քաղաքապետարանի հաղորդագրության մասին. «Ապուշություն է»

Փետրվար 24,2016 13:37

Ի պատասխան մտավորականության եւ ակտիվ քաղաքացիների ընդվզումներին, որոնք ուղղված են Հին Երեւանը ջնջելուն, Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել , որը մասնավորապես վերաբերում է Ամիրյան 2 հասցեի երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման շուրջ առաջացած աղմուկին:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն չի բավարարում այդ հաղորդագրությունը:

«Ապուշություն է… Իհարկե, ինձ չի բավարարում, եւ ընդհանրապես մեր սկզբունքն այն է, որ բավական է քանդել՝ այն էլ մի քաղաքում, որտեղ ընդամենը մի քանի շենք է մնացել: Մենք դեմ ենք առհասարակ քանդելուն, դեռ աղյուսի շենքներն էլ պետք է պահպանել: Շատ ուշ են ձայն հանել…: Ես լավ գիտեմ այդ շենքի մասին, այն մեր բակում է»,-ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը:

Ինչ վերաբերում է կցակառույցին, որն, ըստ Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության, 1896թ. կառուցված արական գիմնազիայի երկհարկանի հուշարձան շենքի պահպանված ճակատամասին կից է, եւ 1980-ական թվականներին է կառուցվել, Զավեն Սարգսյանը նշում է, որ իմաստ չունի քանդելը, որը ինչ-որ մեկի քմահաճույքն է:

Հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ո՞րն է երեւանցի լինելու չափանիշը: «Երեւանցու չափանիշը Երեւանում ծնված լինելը չէ, հիմա իմ հայրն էլ Երեւանում չի ծնվել, բայց մարդը գալիս է, ընդունում է քաղաքի բարքերը ու դառնում երեւանցի: Չմոռանանք, որ Երեւանը կառուցվել է 40-50-ականներին, դա է մեր Երեւանը՝ վարդագույն քաղաքը, սրբատաշ քարերով շենքերը: Հիմա այն մարդիկ, որ հետո եկան գյուղերից, այդ ամենը տեսան, բայց իրենց համար դա ոչ մի արժեք չունի, որովհետեւ իրենք այդ բակերում չեն խաղացել, օպերայի բակում հեծանիվ չեն քշել, ու կարող են էդտեղ սրճարան սարքել: Օրերս ասուլիսի ժամանակ մի օրինակ բերեցի: Մեր բակը, որ 1956 թվականից է, եկանք բարեկարգեցինք, բոլորը մեքենա ունեին, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում այդտեղ ավտոտնակ կառուցել, բայց մի նոր մարդ եկավ, եւ երկրորդ օրն իսկ որոշեց այդտեղ ավտոտնակ դնել, մինչդեռ մենք ապրում էինք 50-ականներից, ոչ մեկս նման բան չէր մտածել: Չէ՞ որ մեր երեխաներն էդտեղ խաղում են, բայց ինքը եւ նրա նմանները թքած ունեին, հիմա բոլորը զզվում են էդ մարդուց»,-ասաց պարոն Սարգսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29