Վերջերս հրապարակվեց Ամիրյան 2 հասցեում կառուցվելիք շենքի նախագիծը։ Այն հրապարակել է ճարտարապետ Դավիթ Մկրտչյանը, իսկ հեղինակը «NST Architects» ընկերությունից Իսահակ Ներսիսյանն է։ Արդեն հայտնի է, որ գրադարանի շենքի փոխարեն կառուցվելու է 6-7 հարկանի հյուրանոցային համալիր։ Կամարանցումից հնարավոր է լինելու մուտք գործել ներքին բակ, իսկ բակում գտնվող գիմնազիայի առաջին մասնաշենքը, հնարավոր է, վերածվի ռեստորանի։
Ամիրյան 2-ի շենքի ապագա տեսքը, սակայն, քաղաքացիներից շատերի կարծիքով բացարձակ ներդաշնակ չէ պատմական շենքի ֆասադի հետ։ Համացանցում թեմայի շուրջ արդեն ծավալվել են բուռն քննարկումներ, որոնցում մեծ մասամբ շեշտվում է ճարտարապետական անճաշակ լուծումների մասին։
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Մշակութային արժեքը պահպանելը՝ շենքի ֆասադը որպես զարդ կամ շքանշան կպցնելով լրիվ ուրիշ ոճի շինությանը, զուտ ձեւականություն է։ Ինձ այդ նախագիծը հիշեցրեց Բրեժնեւի կուրծքը՝ մեդալներով։ Մեր վերեւներում ինչ-որ մարդիկ կան, որոնք միանգամից երկու հատկություն են իրենց մեջ կրում՝ իշխանություն եւ անճաշակություն։ Հետեւանքները տեսնում ենք։ Եվ, ընդհանրապես, քաղաքը չի կարելի կտոր-կտոր կառուցել, ընդհանուր պատկերից է պետք ելնել։ Այն, ինչ կատարվում է, շատ տխուր է»։
Մեկ այլ բլոգեր՝ Իզաբելլա Աբգարյանն էլ իր հերթին նշեց. «Ասել, որ հանրությանը ներկայացված կառուցվելիք շենքը որեւէ կերպ ներդաշնակ չէ Իսահակյանի գրադարանից մնացած հատվածին, կնշանակեր ոչինչ չասել։ Անհետաքրքիր, հսկայական այդ «տուփը» կուլ է տալիս պատմության փոքրիկ կտորը։ Հնի եւ նորի հրաշալի համադրություններ կան եվրոպական մայրաքաղաքներում, բայց սա այդ դեպքը չէ։ Ամիրյաև 2-ը պետք է ամբողջովին պահպանվեր։ Երեւանի հին շենքերից գրեթե բան չմնաց… Կենտրոնը հոշոտեցին։ Իսկ արվարձանները որեւէ մեկին չեն հրապուրում, թեպետ նորաոճ այդ շենքերից ամբողջական թաղամասեր ավելի կսազեին արվարձաններին։ Բայց, դե, պարզ է, որ կառուցապատողը ոչ թե քաղաքի մասին է հոգ տանում, այլ սեփական շահի»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում