Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն արդեն մի քանի օր է՝ վերսկսել է իր աշխատանքային գործունեությունը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։ Մեր այս տեղեկությունը հաստատեց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը (լուսանկարում). «Իհարկե, աշխատում է, բա հիվանդներին ո՞վ է նայելու: Մեր մոտ օրենքն ասում է, որ մարդը՝ բուժօգնություն ստացողը, ինքն է ընտրում իր բժշկին, երբեք դու ոչ մի հիվանդանոցում իրավունք չունես ասես՝ քեզ նա պետք է բուժի։ Իսկ Շուշանիկ Բախշյանի մոտ բազմաթիվ հղիներ կան հաշվառման կանգնած, որոնք .անգամ հեռավոր գյուղերից նպատակային եկել են Շուշանիկ Բախշյանի համար, ինչպե՞ս կարող է չաշխատել»։ Միաժամանակ տեղեկանում ենք, որ երեկ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ երեք տղա է լույս աշխարհ եկել։
Ծննդկան Մերի Մարգարյանի եւ վերջինիս նորածին դստեր մահվան գործով ներառված փաստաբան Մարինե Թովմասյանը, որը պաշտպանում է տուժող կողմի շահերը, նշեց, որ իրենց այս պահին չի մտահոգում այն հանգամանքը, որ բժշկուհին անցել է աշխատանքի. «Նշեմ, որ այդ հարցով ոչ մի միջնորդություն չենք ներկայացրել քննչական մարմիններին, ոչ էլ առողջապահության նախարարությանը։ Այս առումով որեւէ տեսակետ չենք հայտնում զուտ այն առումով, որ այս պահին մեզ դա չի մտահոգում, այսպես ասած՝ նա աշխատում է, թե ոչ։ Եթե համապատասխան բժշկական կենտրոնն ու քննչական մարմինները գտնում են, որ նրա աշխատանքին որեւէ ձեւով չեն կարող խոչընդոտել, մենք նման դիրքորոշումն ընդունում ենք, եւ թող ինքը շարունակի աշխատել։ Տուժող կողմն այս առումով ներկա պահին որեւէ միջնորդություն կամ որեւէ բողոքով պաշտոնապես քննչական մարմիններին եւ նախարարությանը չի ներկայացրել»։ Փաստորեն, խնդիրը ոչ թե մարդու մահվան մեջ մեղադրվող բժշկուհու հաջորդ սխալը կանխելն է, այլ կոնկրետ դեպքով պատժելը։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում