Հասարակական տրամադրությունները նման են ճոճանակի՝ 25 տարում միեւնույն գործիչը (օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը) կարող է արժանանալ խնկարկման, հետո անեծքների, հետո՝ դարձյալ խնկարկման եւ այլն: Դա անկայուն ժամանակներում սովորական բան է, չնայած անձամբ ինձ թվում է, որ առանձին գործիչների նկատմամբ պետք չէ լինել չափից դուրս տաք կամ սառը՝ ավելի լավ է պահպանել «տնային գոլ ջերմաստիճանը»: Թե չէ՝ առնվազն հարբուխն ապահովված է:
Գաղափարների, սկզբունքների նկատմամբ, հակառակը՝ ցանկալի է դրսեւորել որոշակի «կայուն տաք» վերաբերմունք: Բայց այստեղ էլ է հասարակական ճոճանակը տատանվում: Օրինակ՝ այն, ինչին մարդիկ հավատում էին 80-ական թվականների վերջին, ինչին մենք Հայաստանում հասել էինք 90-ականների առաջին կեսին, հիմա դիտվում է խիստ բացասական լույսի տակ: Ի՞նչ Շարժում, ի՞նչ պատերազմ՝ խաբեություն, «ցուրտ ու մութ տարիներ» եւ վերջ: Ի՞նչ ազատություններ, ի՞նչ շուկայական հարաբերություններ՝ «կոմունիստների վախտ լավ էր»: Անդրեյ Սախարովը սրիկայի մեկն էր, ամերիկյան լրտես էր, Ձերժինսկին, Բերիան փայլուն պետական գործիչներ էին: Քադաֆին իր ժողովրդին լավ էր նայում, կուշտ էր կերակրում: Վստահ եմ, որ վաղ թե ուշ ճոճանակը հետ կգնա եւ «կպարզվի», որ 90-ականներին Հայաստանը ղեկավարում էին «երկնային հրեշտակները», որ կոմունիստների ժամանակ ոչ մի լավ բան չի եղել, կամ որ Քադաֆիին արժեր դաժանորեն սպանել:
Ճոճանակի այդ՝ չափից դուրս մեծ քայլի, «ամպլիտուդի» հետեւանքով հասարակությունը զրկվում է որոշակի կողմնորոշող «փարոսներից» եւ «նավարկում է» մթության մեջ: Երբ չկան բացարձակ արժեքներ, երբ ամեն ինչ 15-20 տարին մեկ փոխվում է, կարելի է էլեկտրաէներգիա գողանալ (ինչով Խորհրդային Հայաստանի բնակչության մեծ մասը զբաղվում էր, երբ կիլովատն արժեր 2 կոպեկ), ընտրություններ կեղծել, ընտրակաշառք տալ եւ վերցնել, պատմական շենքեր քանդել եւ այլն:
Իսկ ինչպե՞ս վարվել, երբ ամեն ինչ այդքան արագ փոխվում է: Կա՞ն արդյոք ինչ-որ անփոփոխ բաներ: Կարծում եմ՝ կան: Նախեւառաջ, ինձ թվում է, պետք է մերժել մարդակերությունը, չփառաբանել ակնհայտ դահիճներին, նրանց անուններով փողոցներ չկոչել, արձաններ չդնել, ինչպես նաեւ մերժել խոշտանգումները` նույնիսկ, եթե դրանք ուղղված են Քադաֆիի դեմ: Դրանց, կարծես թե, բոլորը պետք է որ համաձայն լինեն: Երկրորդ` եւ այստեղ շատերը կարող են վիճել. Հայաստանում չի կարող լինել, «ինչպես որ Սովետում էր» («երկաթե վարագույրով» տոտալիտար երկիր), «ինչպես որ Լիբիայում էր» (հսկայական նավթային պաշարներով արաբական երկիր), «ինչպես որ Սինգապուրում էր» (չինական ավանդական հոգեբանության եւ մշակույթի լավագույն դրսեւորումը):
Հայաստանում կարող է լինել միայն… Հայաստանի նման: Եվ վստահ եմ՝ մոդելը պետք է լինեն առաջադեմ եվրոպական երկրները` շուկայական հարաբերություններով եւ ժողովրդավարությամբ: Եթե մեր պատկերացումների ճոճանակը շարժվի այս սահմաններում, մարդիկ կունենան որոշակի կողմնորոշիչ «հանգույցներ»: Առայժմ դրանք չկան:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«տնային գոլ ջերմաստիճան» = գաղջ ????????
Փաստորեն, գաղջը ցրելու փոխարեն, այն պահպանելու կոչ եք անո՞ւմ, լավ չի…. բա շեֆը ի՞նչ էր ասել. թե՞ վիճակն այնքան վատ է, որ երեկվա գաղջին այսօր երանի ենք տալիս…
.
Ի՞նչն է հետաքրքիր. սովորաբար այն մտքերը, որոնց հետ համաձայն չէի լինում, գրված էին լինում վերջին պարբերությունում, իսկ այսօր ճիշտ հակառակն է: Ինչպես երևում է, ճոճանակը թևակոխել է տատանումների նոր փուլ, ուստի սկսեմ նախաբանից:
Երբ ասվում է, թե Տեր-Պետրոսյանը նախ ՛՛խնկարկվեց՛՛, հետո ՛՛քարկոծվեց՛՛, իսկ հետո նորից ՛՛խնկարկվեց՛՛, տպավորություն է ստեղծվում, թե՝ հեղհեղուկ հասարակություն ենք, էլի, ինչ ասես՝ սպասելի է; Մինչդեռ՝
*երբ Տեր-Պետրոսյանը բարդ ու արագ փոփոխվող և հասարակարգային խզման պայմաններում կարողացավ ճիշտ ձևակերպումներ անել՝ գործնականում դնելով անկախ պետականության հիմքերը, իսկ այնուհետև իր օրոք ստորագրվեց հրադադար, հանրության մեջ նրա վարկանիշը բնականաբար բավականին բարձր էր:
*երբ Տեր-Պետրոսյանը, չկարողանալով դիմանալ փառքի գայթակղությանը, ինչպես նաև տեղի տալով Վանո-Վազգեն Սարգսյանական հովերին, թե՝ մեր դեմ խաղ չկա, իրականացրեց 1995, ապա նաև 1996 թ.թ. ընտրությունները, իսկ հետ էլ նրանց հետ միասին շամպայն խմեց՝ դեռ պաշտոնական արդյունքները չհրապարակած, սկսվեց շատ բնական ՛՛քարկոծման ՛՛ փուլը:
*երբ Պետրոսյանը 9 տարի շարունակ լռություն պահպանելուց հետո / անկեղծորեն ասեմ՝ այդ ընթացքում անձամբ ես դեռ շարունակում էի ՛՛քարկոծումը՛՛ / հայտարարեց, որ անհրաժեշտ է դեֆակտո ստեղծված ավազակապետությունը կազմաքանդել, հասկացա, որ լռության այդ 9 տարիները եղել են սեփական սխալները գիտակցելու և իր հաջորդներ սխալները վերլուծելու տարիներ, դե իսկ մարտի 1-ի բռնություններից ու դրան հետևած գնդակահարություններից հետո պարզ դարձավ, որ ավազակապետություն եզրույթը չափազանցություն չէր:
Այնպես որ, հարգելի հեղինակ, կոնկրետ ա՛յս դեպքում, մենք գործ ունենք ոչ թե հասարակական ընկալման ճոճանակի փուլի փոփոխության հետ, այլ հենց քաղաքական գործչի հասունացման հետ, չէ՞ որ 1988-89 ից սկսած լինելով անվիճելի լիդեր, նա, ինչպես և մենք՝ բոլորս յուրովի, իր մեջ ևս կրում էր / և չէր կարող չկրել/ բոլշեվիզմի թողած խաթարումները:
Այսպիսով՝ հույսեր ունենալ, թե այսօրվա ՛՛գաղջի ճարտարապետը՛՛ օրերից մի օր կարող է այլևս չքարկոծվել, սին երազների կամ միգուցե և ՛՛ուղեղների լվացման՛՛ ոլորտից է:
Եկեք չզլանանք և միասին վերհիշենք 2007 թ. քարոզարշավից հետո մեզ պատուհասած և օր-օրի խտացող ձախողումները.
.
Չէ, լավ, եկեք զլանանք ու մտովի վերհիշենք. առանց այդ էլ մի լավ օրի չենք…
Փոխանակ յատուկ պարագաներու անդրադառնալու – եւ խնդրոյ առարկայ անձնաւորութիւններու վրայ խորհրդածութիւն եւ ժամանակ մսխելու -, թոյլ տուէք որ յօդվածին արծարծած հիմնական մտքին արձագանգեմ:
Ճոճանակի պատկերը ճիշդ չեմ գտներ, որովհետեւ, ըստ էութեան, ժողովուրդի աղմկոտ փոքրամասութեան մը պարագային (որուն կը հակադրվի լուր մեծամասնութիւնը), բնաւ ու երբեք չկայ որեւէ յարգանք, որեւէ վստահութիւն կամ որեւէ դրական գնահատանք, որեւէ իշխանութեան նկատմամբ: Այս պահին իսկ որ մէկը հասնում է իշխանութեան, այդ տեւապէս դժգոհ ու դժբախտ հատվածին համար, ան արդէն լիովին դատապարտված է որպէս անբարոյ, անպարկեշտ, գարշելի եւ զզվելի էակ: Եւ հետեւաբար՝ պէտք է անպայման զայն հեռացնել եւ գտնել նոր մէկը, իր տեղը: Որպէսզի յետով անոր փոխարինողին դէմ սկսին գանգատիլ, բողոքել, հայհոյել եւ անիծել: Եւ այսպէս յաջորդաբար:
Այս հոգեբանութիւնը այնքան սաստիկ է, որ բնաւ կարեւոր չէ թէ – ժամանակաւոր -«փրկիչը» ինչ է եղել, ով է եղել, ինչ է արել կամ ինչ չի արել, նախապէս… Կարեւորը այն է որ, տուեալ պահին, ան դէմ է իշխանութեան: Կամ գոնէ խօսում է այդպէս: Մնացեալ ամէնը անհետանում է յիշողութիւնների մէջ, կամ ել՝ յանկարծ արժանանում է արդարացումների: Այս կէտի կապակցութեամբ, կայ նաեւ «խեղդվողը-օձին-անգամ-կը-գրկէ» հոգեվիճակը (չնայած թէ անպայման այդ աստիճան խեղդվող ալ չկայ, սակայն կան անձիք որ ընդմիշտ կարծում են թէ խեղդվում են, ինչ որ այս նիւթին մէջ՝ նոյնին կու գայ, մէկ ա) :
Այս լարի վրայ է որ կը խաղան քաղաքական գործիչները, աշխարհի ամէն կողմ – բացի անշուշտ այն երկիրներում ուր իսկական ամբողջատիրութիւն է, եւ ուր աղմուկ հանելու հակամէտ անձերի լեզուն կտրուած է – ի հարկին՝ բառացիօրէն… – :