Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բազմաչարչար հայ-իրանական երկաթգծի ապագան

Փետրվար 24,2016 14:00

Կոնկրետ քայլեր` հայ-իրանական երկաթգծի կառուցման համար

«Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»,- 2008թ. հոկտեմբերին ժողովրդին եւ Ազգային ժողովին հղած իր ուղերձում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Այս ընթացքում երկաթգծի ապագայի մասին իրարամերժ հայտարարությունների պակաս չզգացվեց:

Սակայն օրերս հուսադրող հայտարարություն հնչեց իրանական կողմից: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ-իրանական երկաթգծի կառուցման ուղղությամբ` լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Նա վստահեցրեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական կանդրադառնա Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա, ու տեղեկացրեց, որ առաջիկայում Իրանից Երեւան են ժամանելու մասնագետներ՝ տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու: «Հայ-իրանական երկաթգծի հետ կապված պետք է նշել, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի ու Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարները բանակցել են այդ հարցի շուրջ, եւ մոտ ապագայում նախատեսվում է, որ Իրանից մասնագետների պատվիրակություն է այցելելու Հայաստան՝ տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու համար»,- ասել էր դեսպանը։ «ԻԻՀ-ն եւ ՀՀ-ն համարվում են հարեւան երկրներ, եւ որեւէ սահմանափակում չունենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով: Վերջին ժամանակահատվածում ակտիվացել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ փոխադարձ այցերը, մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել ընդլայնմանը: Կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից»,- հավելել էր դեսպանը:

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարների թեմայով ուշագրավ հայտարարություն էր արել նաեւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն` 1in.am-ին տված հարցազրույցում նշելով, որ որոշ չինական ընկերություններ հետաքրքրված են երկաթգծի կառուցմամբ: Հնարավո՞ր է, որ Չինաստանը ֆինանսավորի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, դեսպանը պատասխանել է. «Ես այսպես կպատասխանեմ այդ հարցին. այսօր կան չինական ընկերություններ, որոնք հետաքրքրված են՝ ուսումնասիրելու այդ նախագծի շուրջ հետագա համագործակցության հնարավորությունը»:

Պարզ է, որ գլխավոր խնդիրը նախագծի ֆինանսավորումն է, որը գնահատվում է շուրջ 2.5-3 միլիարդ ԱՄՆ դոլար, եւ հայկական կողմը փորձում է գտնել ֆինանսական միջոցներ հայ-իրանական երկաթուղին կառուցելու համար, իսկ հնարավոր ֆինանսավորողներից մեկը Չինաստանն է:

Նկատենք, որ հունվարին Թեհրանում բանակցություններ վարած տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սեւ ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ: Իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի-Վայոց ձոր-Սեւան տարբերակի փոխարեն՝ Մեղրի-Վայոց ձոր-Երասխ, եւ փաստորեն այս տարբերակի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները ուսումնասիրելու են նաեւ իրանցի մասնագետները:

Ռուսաստանը չի՞ խոչընդոտում երկաթգծի կառուցմանը

Հայ-իրանական ծրագրերում ոչ միայն շահագրգիռ, այլեւ նախաձեռնող կողմն ակնհայտորեն իրանական կողմն է, որն այսօր նախատեսում է 45 մլրդ դոլար օտարերկրյա ներդրումներ ներգրավել` պատժամիջոցների չեղարկումից հետո: Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Ալի Թայբենիան օրերս հայտարարեց, որ այս տարի արդեն Իրանը մտադիր է մոտ 15 մլրդ դոլար օտարերկրյա ներդրումներ ներգրավել:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Իրանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, կոնկրետ ծրագրերի վերաբերյալ բանակցությունները դեռ երաշխիք չէին, որ իրանական կողմը կցուցաբերի այն հետաքրքրությունը, որն այսօր նկատվում է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի փետրվարին հետաձգվեցին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների` ճանապարհային քարտեզի ցանկի եւ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները՝ այդ մասին հայտնել էր Գագիկ Բեգլարյանը` պայմանավորելով կոնցեսիոների կողմից բացասական դիրքորոշումը: Փետրվարին կառավարության նիստում որոշվեց, որ բանակցելով կոնցեսիոների հետ՝ մինչեւ 2015թ. մայիսի 30-ը ՀՀ կառավարությանը պետք է ներկայացվի առաջարկություն՝ Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման սկզբունքների եւ մեխանիզմների վերաբերյալ: Այդ օրը Գագիկ Բեգլարյանը նշել էր, թե հույս ունեն: «Հույսով հո չե՞նք ապրի հարյուր տարի»,- ի պատասխան նկատել էր Հովիկ Աբրահամյանը:

Իսկ անցյալ տարի հունիսին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը նշեց, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար. «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատը»: Մինչդեռ 2014-ին նույն Յակունինը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է:
Մի քանի ամիս անց վերոնշյալ հայտարարությունից հետո, սակայն, Վլադիմիր Յակունինի հոռետեսական մոտեցմանը ռուսական կողմից այլ գնահատական հետեւեց: Արդեն սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը անհավանական չէր համարում. «Իրատեսական եմ համարում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ ՀՀ վարչապետն առաջիկայում Չինաստանում իր գործընկերոջ հետ քննարկելու է այդ երկաթգծի շինարարության ֆինանսավորման հարցը»:

Աշնանն արդեն Գագիկ Բեգլարյանը վստահեցրեց, թե Ռուսաստանը դեմ չէ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, թեեւ խոստովանում էր, որ այդ հարցում կան նաեւ աշխարհաքաղաքական խնդիրներ: Մի քանի ամիս առաջ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը, անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, ընդգծել էր, թե Ռուսաստանը խստորեն դեմ է այս ծրագրին։ Դրա իրականացման արժեքը կազմում է 3 միլիարդ 700 միլիոն դոլար: «Այդտեղ խանգարելու ոչինչ չկա, բավականին մեծ ծավալով ծրագիր է, մեծ գումարների մասին է խոսքը։ Եթե Հայաստանն ունենար այդ գումարները, մենք վաղուց կառուցած կլինեինք։ Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ մենք կարողանանք ձեռք բերել համապատասխան պարտնյորներ, որոնք մեզ հետ այդ երկաթգիծը կկառուցեն եւ կշահագործեն։ Դա ընթացքում է։ Ես ինչի՞ համար կոնկրետ ոչինչ չեմ հայտարարում. որովհետեւ ամեն այցի ժամանակ ինչ-որ մի բան է փոխվում, բայց կարող եմ ասել, որ դրական շարժ կա»,- նշել էր Բեգլարյանը։ Անդրադառնալով «Ստրատֆոր»-ի վերլուծությանը՝ նա նկատել էր. «Ես չէի կարող ասել՝ աշխարհաքաղաքական չկա, ես ասել եմ՝ առաջին խնդիրն այսօր ֆինանսականն է, մնացած բոլորը ձեռք են բերվում քաղաքական պայմանավորվածությունների մեջ»։ «Ռուսաստանը խոչընդոտո՞ւմ է այդ երկաթգծի կառուցմանը»՝ այս հարցին Բեգլարյանը պատասխանել էր. «Այդպիսի բան չկա»։

Փաստորեն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պաշտոնական դիրքորոշումը մի քանի անգամ փոփոխության ենթարկվեց վերջին մի քանի տարիների ընթացքում: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրով Պեկինի հետաքրքրվածությունը, թերեւս, որոշակի շահագրգռվածություն առաջացրեց նաեւ ռուսական կողմի մոտ։

Ի՞նչ անել, որպեսզի ՀՀ-ն դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի

Փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի մոտ քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերը: Խորհրդակցությունը նվիրված է եղել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգային հարցերին, ընթացիկ ծրագրերին, նոր նախաձեռնություններին, ինչպես նաեւ կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքին, որոնց մասին զեկուցել է Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Դիմելով Ա. Թումանյանին՝ Ս. Սարգսյանն ասել է. «Կցանկանայի, որպեսզի Դուք հանգամանալից զեկույց ներկայացնեք բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօրվա մեր հարաբերությունների վիճակի եւ այդ հարաբերությունների ապագայի մասին՝ շեշտադրելով առաջին հերթին տնտեսական բաղադրիչը:

Կցանկանայի, որպեսզի Դուք մեզ տեղեկացնեք հետեւյալ խնդիրների մասին. առաջին՝ բնական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նախկինում գործադրված պատժամիջոցները կամ խոչընդոտները վերացնելուց հետո մեծ հնարավորություններ են բացվում, եւ բազմաթիվ ոլորտներում նախանշվում են նոր ծրագրեր: Կուզենայի հասկանալ, թե ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը՝ դառնալու տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստների հետ կապելու այդ ճանապարհին»:

Ս. Սարգսյանն այդ օրը նշել է, որ Հայաստանի ոչ մեծ հնարավորություններով արդեն իսկ հատկացվել են հարյուրավոր միլիոններ, որպեսզի մոտակա 3-4 տարիների ընթացքում կառուցվի Հյուսիս-հարավ մայրուղին, որը Վրաստանի հյուսիսային սահմանը կկապի Իրանի հարավային սահմանի հետ: «Կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում իրանական կողմը, ի՞նչ հավելյալ քայլեր կարող ենք անել, որպեսզի, ինչպես ասացի, Հայաստանը դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի, որովհետեւ, կարծում եմ, շատ-շատերը գիտեն, որ սա ոչ միայն իրանական տրանսպորտի անցում է Հայաստանի ճանապարհներով, այլեւ շատ լուրջ խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»:

Հաջորդ խնդիրը, ըստ Ս. Սարգսյանի, համագործակցությունն է էներգետիկ ոլորտում. «Այստեղ եւս մենք մեր անելիքը գիտենք: Գիտենք, որ պետք է ստեղծենք հավելյալ ենթակառուցվածքներ, ստեղծենք հավելյալ գեներացիոն հնարավորություններ: Դուք գիտեք, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Կցանկանայի տեսնել՝ կա՞ն արդյոք խոչընդոտներ: Ինչպես եւ նախանշվում էր, մենք երկու տարվա ընթացքում կունենանք մեծ թողունակության ենթակառուցվածքներ: Այս ծրագրերը շատ մեծ ազդեցություն կունենան ինչպես մեր էներգետիկ անվտանգության, այնպես էլ սոցիալական առումով»:
Պաշտոնական Երեւանի կողմից կրկին կարեւորվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները` որպես ԵԱՏՄ անդամ երկիր, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Այս դեպքում էլ Ս. Սարգսյանը հարց է բարձրացրել, թե որո՞նք են Իրանի գործարար շրջանակների ակնկալիքները, եւ հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի նրանք շահագրգռված լինեն Հայաստանում ներդրումներ կատարելու եւ իրենց արտադրանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՏՄ եւ նաեւ՝ ԵՄ տարածքներում իրացնելու նպատակով:

Այսօր Իրանում ներդրումներ կատարելու լուրջ նախաձեռնություններով են հանդես գալիս աշխարհի զարգացած երկրները` բազմամիլիոնանոց ու բազմամիլիարդանոց ներդրումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելով: Հարեւան Իրանի հնարավորություններից Հայաստանը որոշակիորեն կարող էր օգտվել, եթե իրապես Հայաստանի իշխանությունները բավարար պայմաններ ստեղծեն, որպեսզի Հայաստանը շահագրգիռ կողմերի համար հանգրվանային հարթակ դիտարկվի: Ամեն ինչ կախված է քաղաքական կամքից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29