Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» ուրվականը», կամ՝ «Չկա մարդ, չկան պրոբլեմներ»

Փետրվար 24,2016 13:30

Վերջերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Ազգային ժողովի նիստում պաշտոնապես հայտարարեց. «Նաիրիտցիները աշխատավարձի հետ կապված պարտքեր չունեն»:

Ես՝ Կարեն Հակոբյանս, աշխատել եմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում 01.09.08 մինչեւ 17.11.14 որպես գլխավոր մասնագետ (մեխանիկ), պաշտոնապես հայտարարում եմ. «Ունեմ աշխատավարձի պարտք` հաստատված ԵՇԴ/4259/02/14 դատարանի կայացված որոշմամբ եւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հաստատված 28.12.2015 որոշմամբ»:

Բառացի մեջբերում եմ Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը. «Կարեն Հակոբյանի իրավունքները խախտված են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) պատճառով»:
Հիշեցնեմ նաեւ ՀՀ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի տված հանձնարարականը ՀՀ էներգետիկայի նախարար Ե. Զախարյանին, համաձայն որի՝ «Նաիրիտ» գործարանի զուտ աշխատավարձի պարտքերը մարել 01.08.2015թ.-ին։

Օրինական աշխատավարձս ստանալու բոլոր փորձերը տանում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղից ասում էին՝ սպասել անորոշ ժամկետով, մինչեւ լուծվի «Նաիրիտ» եւ ՀՀ էլեկտրական ցանցերի դատական հարցը։
Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է իմ հանդեպ անհատական վերաբերմունք ցուցաբերվում՝ այն դեպքում, երբ իմ բոլոր գործընկերներն արդեն ստացել են իրենց աշխատավարձերը։

Մեր երկրում որեւէ նորարարություն ներդնելիս, որին դեմ է լինում հասարակությունը, մենք հաճախ ենք լսում պատճառաբանություններ, թե «զարգացած կապիտալիստական երկրներում դա արդեն վաղուց ընդունված է»: Իսկ ինչո՞ւ զարգացած երկրներում գործող փորձը, որն առնչվում է դատարանի որոշման կատարմանը, կառավարության ղեկավարի որոշումը կատարելուն կամ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմանը, որը ենթադրում է չափանիշների կիրառում՝ վերացնելու համար իրավունքների խախտումը, ոչ մի կերպ չի գործում մեր երկրում:

Իմ դիմումին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հերթական մերժումը եղավ: Նախարարությունն ասաց, որ «Նաիրիտ» գործարանում չունի որոշումների կայացման մեջ բաժնետիրոջ որոշիչ ձայնի իրավունք։ Ո՛չ ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակիցները, ո՛չ ներկայիս «Նաիրիտի» գործադիր տնօրենը չպատասխանեցին իմ հարցին, թե ո՞ւմն է գործարանի որոշիչ ձայնը։ Ես՝ որպես համառ եւ հետեւողական մարդ, արդեն կես տարի չեմ կարողանում գտնել «Նաիրիտի» ուրվականին», որից տառապում եմ ես եւ ոչ միայն, այլեւ աշխատազուրկ նաիրիտցիները։
Լինելով օրինապաշտ քաղաքացի՝ ես վճարում եմ հարկեր, որդիս ծառայել է ՀՀ բանակում, իսկ պետությունը չի վճարում օրինական ճանապարհով՝ դատարանով շահած գումարը, որը հետագայում ես պետք է վերադարձնեմ հետ՝ պետությանը, երեք ուսանող երեխաների ուսման վարձով։ Ստացվում է՝ պետությունը զրկում է իմ երեխաներին ուսման սահմանադրական իրավունքից հենց պետության անվճարունակության եւ դատարանի, ՄԻՊ եւ կառավարության ղեկավարի որոշումները չիրականացնելով։ Իսկ մեր ժամանակ բուհում սովորելիս նույնիսկ թոշակ էին ստանում։

Երբ սառեցվեցին խորհրդային շրջանում եղած ներդրումները, հայրս երկար ժամանակ դիմում էր բազմաթիվ ատյաններ՝ խնդրելով հնարավորության դեպքում վճարել իր քառասուն տարվա աշխատանքով վաստակած գումարը։ Հայրս մահացավ՝ չհասնելով իր նպատակին։ Ֆիզիկայի օրենքներից գիտենք, որ մատերիան չի չքանում, այն վերափոխվում է մի ձեւից մյուսի։ Համապատասխանաբար իմ հոր փողերը նստեցին ինչ-որ մի երջանիկ ուրվականի հաշվին։

Ես ունեմ հիպերտոնիկ հիվանդություն երկրորդ աստիճանի եւ չեմ կարող առանց բժշկի դուրս գրված դեղորայքի։ Իսկ ի՞նչ գումարով ես պետք է գնեմ այդ դեղորայքը, երբ «Նաիրիտն» ինձ պարտք է 1,5 տարվա աշխատավարձ, որի ստացման համար ես մեկ տարի փաստաբանների, իրավաբանների, դատական ատյանների եւ ՄԻՊ-ի դռներն եմ թակում։ 2,5 տարի առանց երեխաների ուսման վարձի, առանց դեղորայք գնելու միջոցների հնարավորության, ունենալով պարտքեր՝ հաստատված եւ հիմնավորված բոլոր հնարավոր ատյաններում։ Մի կողմից՝ մենք կառուցում ենք օրինավոր պետություն, մյուս կողմից էլ՝ պետական մարմինները չեն անտեսում Ի. Վ. Ստալինի սիրած արտահայտությունը. «Չկա մարդը՝ չկան պրոբլեմներ»։ Էներգետիկայի նախարարությունը կարող է հետաձգել իմ հասանելիք պարտքը մինչեւ բռնապետի ասված մեջբերումը՝ կիրառված հորս հանդեպ խնայողության գրքույկի դեպքում, կդառնա հնարավոր իմ հանդեպ եւս՝ «Նաիրիտի» պարտքով։

ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29