Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիանալի արտիստ՝ մարդկային բարձր որակներով»

Փետրվար 24,2016 12:30

Բալետի արտասահմանցի պարողները՝ Արսեն Մեհրաբյանի մասին

Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացած ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել Շվեդիայի արքայական բալետի առաջատար մենապարողներ Մինջի Նամը, Ադիլիջիանգ Աբդուռեհմանը եւ Արսեն Մեհրաբյանը (լուսանկարներում):

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում 2009-ից Ցյուրիխի, ապա 2011-ից Շվեդիայի արքայական բալետում հանդես եկող Արսեն Մեհրաբյանը հավաստիացրել էր, որ առաջին իսկ հնարավորության եւ անգամ փոքր «պատուհանի» դեպքում գալիս է Երեւան, տարբեր աշխատանքներ տանում հոր ղեկավարած «Բարեկամություն» անսամբլում, հաճախ էլ հանդես գալիս հայ հանդիսատեսի առջեւ: Հերթական նախագիծը Գրիգոր Հախինյանի «Լոռեցի Սաքոն» խորեոգրաֆիկ ներկայացումն էր՝ կրտսեր Մեհրաբյանի խորեոգրաֆիայով, որի հանդիսատեսը եղանք Ն. Մեհրաբյանի հոբելյանական երեկոյի առաջին բաժնում («Լոռեցի Սաքոն» հայերիս մինչ այժմ ծանոթ էր Նորայր Մեհրաբյանի բեմադրությամբ): Գլխավոր դերապարով հանդես եկավ Արսեն Մեհրաբյանը, ներկայացմանը մասնակցեցին «Բարեկամություն» ստուդիայի սաները, մենապարերով էլ՝ անսամբլի առաջատար արտիստները՝ Տաթեւիկ Մանուկյանը, Աննա Կլեկչյանը, Սարգիս Նավասարդյանը:

Arsen_Mehrabyan_3

Արսեն Մեհրաբյանի արվեստի մասին, նաեւ որպես բեմադրիչի, քանիցս անդրադարձել ենք: Ինչ վերաբերում է հոր եւ որդու նույնանուն բալետի բեմադրություններին, կարող ենք ընդամենը հայտնել, որ, անխոս, «Լոռեցի Սաքոյի» երկու բեմադրություններն էլ, լինելով իրարից տարբեր, բարձրարվեստ են, իսկ կրտսեր Մեհրաբյանի դեպքում՝ «Լոռեցի Սաքո»-ում գլխավոր կերպարը փոքր-ինչ կրքոտ էր: Դատելով հանդիսատեսի արձագանքից, այն ստացված էր:

Հոբելյանական երեկոյի երկրորդ բաժնում «Բարեկամություն» անսամբլի համարների կողքին իրենց արվեստը ցուցադրեցին Մինջի Նամը, Ադիլիջիանգ Աբդուռեհմանը: Հակիրճ ներկայացնելով գործընկերներին, Արսեն Մեհրաբյանը նշեց, որ ծնունդով Կորեայից պարուհի Մինջի Նամը մասնագիտական կրթությունը ստացել է Պերմի բալետային ակադեմիայում, ապա կատարելագործվել Գերմանիայում, 2007-ից էլ անդամագրվել է Շվեդիայի արքայական բալետային խմբին, ունի բազմաթիվ մրցանակներ: Մեր զրուցակիցը շեշտեց հատկապես ԱՄՆ-ում կայացած Օռլանդի միջազգաjին մրցույթը, որտեղ պարուհին արժանացել է բրոնզե մեդալի: Ինչ վերաբերում է Ադիլիջիանգ Աբդուռեհմանին, արտիստը ծնվել ու մեծացել է Չինաստանում, մասնագիտական կրթությունը ստացել է իր երկրում ու դարձյալ 2007-ից աշխատում է Շվեդիայի արքայական թատրոնում: Երկու արտիստներն էլ, ինչպես հայտնեց Արսենը, զբաղված են թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում:
Հատկանշական է, որ կորեացի ու չինացի արտիստները հանդես եկան Արսեն Մեհրաբյանի խորեոգրաֆիայով Ֆրանկ Սինատրայի «Անծանոթների գիշերային հանդիպում» ստեղծագործության երաժշտության ներքո եւ, դարձյալ իրենց գործընկերոջ բեմադրությամբ, Շոստակովիչի «Տեւական ձմեռ» երկի հնչյուններով:

Arsen_Mehrabyan_1
Մեհրաբյանական երեկոյի ավարտին ընդամենը մեկ հարց ուղղեցինք արքայական բալետի առաջատար մենապարողներին՝ երբեւէ մտադի՞ր են վերադառնալ իրենց երկրներն ու գործունեություն ծավալել այնտեղ: Մինջի Նամը եւ Ադիլիջիանգ Աբդուռեհմանը «ձայն-ձայնի տված» պատասխանեցին այո՝ ասելով, որ Շվեդիայից մի փոքր կտոր կտանեն իրենց հայրենիք: Երկու արտիստներն էլ գործընկերոջ՝ Արսեն Մեհրաբյանի հասցեին դրվատանքի խոսքեր շռայլեցին՝ եւ որպես պարողի, եւ խորեոգրաֆի: Դարձյալ Մինջին հավելեց. «Հայաստանը, ի դեմս Արսենի, ունի հիանալի արտիստ, օժտված նաեւ մարդկային բարձր որակներով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29