Բյուրոկրատիան կրճատելու փոխարեն՝ որոշել են այն բազմացնել
Անցած շաբաթվա վերջին Ազգային ժողովը որոշեց տարանջատել ՏԿ եւ ԱԻՆ նախարարությունները՝ Դաշնակցության համար «տեղ բացելու» նպատակով: Ցայտուն օրինակ է, երբ իրար հետ հակասության մեջ են մտնում քաղաքական նպատակահարմարությունն ու պետական անհրաժեշտությունը: Վերջինս ենթադրում է հաշվարկել պետության՝ բյուրոկրատիա պահելու հնարավորությունները, ինչպես նաեւ տվյալ կառույցի գործառույթները, իսկ առաջինը՝ պաշտոն շնորհել այս կամ այն մարդուն կամ կուսակցությանը: Արտակարգ իրավիճակներով զբաղվող կառույց Հայաստանին հաստատ պետք է՝ անպայման չէ նախարարության կարգավիճակով, եւ պետք է ասել, որ վերջին տարիներին այդ կառույցն իրեն վատ չէր դրսեւորել: Իսկ արդյոք մեր երկրին անհրաժե՞շտ է տարածքային կառավարման նախարարություն:
Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ նոր Սահմանադրության հեղինակները արմատական եւ հետեւողական կգտնվեն ու ընդհանրապես կվերացնեն «տարածքային կառավարման» ինստիտուտը: Պարզ է, որ Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ Չինաստանում, որտեղ տարածքները հսկայական են, նման կառավարում պետք է: Հայաստանը նման երկրների նահանգից կամ մարզից էապես փոքր է: Այժմ հնարավորություն կար հրաժարվել 1995 թվականի մարզային բաժանման, իմ կարծիքով, սխալ գաղափարից եւ անցնել շատ ավելի պարզ մոդելի: Երեւանում կա կառավարություն՝ իր նախարարություններով, տեղերում կան համայնքներ՝ ընտրովի ղեկավարներով: Համայնքները, միեւնույն է, պետք է խոշորացվեն եւ դառնան խորհրդային շրջանների չափի: Էլ ինչի՞ համար են պետք հավելյալ օղակներ՝ մարզպետարանների եւ տարածքային կառավարման նախարարության տեսքով:
Ըստ երեույթին, այդ օղակներն ի սկզբանե «հղացել են» որպես տեղական ինքնակառավարումը ճնշող ինստիտուտներ, քանի որ կառավարման այս մոդելում ընտրված (գոնե տեսականորեն՝ ընտրված) գյուղապետը կամ քաղաքապետը «վիզ է ծռում» նշանակված մարզպետի առջեւ: Մարզպետարանները նաեւ ընտրություններ կեղծելու կարեւորագույն կենտրոններն են, եւ այդ միջոցառումների ժամանակ մարզպետարանները դառնում են, ըստ էության, իշխող կուսակցության ոչ պաշտոնական «շտաբը»: Ահա թե ինչի համար է պետք պահել տասնյակ բյուրոկրատներ՝ «կոռուպցիոն ռիսկերի» մեծ ներուժով:
Կարդացեք նաև
Կրկին տարանջատել այդ նախարարությունը եւ «ՏԿ բիզնեսը» հանձնել ՀՅԴ-ին (ի դեմս դաշնակցական օլիգարխ Դավիթ Լոքյանի), իհարկե, նշանակում է մեծ շնորհ անել այդ կուսակցությանը, եւ կոալիցիայից հաջորդ անգամ դուրս գալուց (եթե նման բան տեղի ունենա) պարոն Լոքյանը եւ նրա բերած դաշնակցական բյուրոկրատիան այս մի «փորձությունից» էլ դուրս կգան նյութապես «ավելի ամրացած»:
Բայց այստեղ, ի վերջո, հարցը ոչ թե անձն է կամ կուսակցությունը՝ կարեւոր չէ՝ ով է «ամրանալու»՝ ՀՀԿ-ակա՞ն, թե՞ ՀՅԴ-ական բյուրոկրատը: Հարցը նախարարությունների քանակն է, որն անթույլատրելիորեն մեծ է: Այդքան նախարարներ, փոխնախարարներ, վարչություններ, բաժիններ, մեքենաներ, կաբինետներ, քարտուղարուհիներ, գործուղումներ մեր փոքր երկրի համար շատ ծանր բեռ են: Ինձ թվում է՝ միանգամայն հնարավոր է միավորել էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունը (դուրս բերելով հարկայինն ու մաքսայինը որպես ծառայություններ), ինչպես նաեւ մշակույթը, սպորտը, գիտությունը, կրթությունը եւ բնապահպանությունը: Առայժմ փոխանակ կրճատեն՝ շատացնում են նախարարությունները:
Հարգելի ՕԵԿ-ականներ եւ ԲՀԿ-ականներ, խնդրում եմ, կոալիցիա մի մտեք: Թե չէ՝ ձեզ համար ստիպված կլինեն եւս մի 5-6 նոր նախարարություններ բացել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.02.2016