Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ միջոցներ՝ գլխացավերի, նյարդային լարվածության դեմ

Փետրվար 24,2016 11:30
glux

Մեղրի հրաշագործությունների մասին բազմիցս է խոսվում: Այն իր օգտակարությամբ եւ բուժիչ հատկություններով առաջնային տեղ է զբաղեցնում բնաբուժության մեջ: Ժողովրդական բժշկության մասնագետները տարբեր խնդիրների դեպքում առաջարկում են ընդունել մաքուր մեղր: Օրինակ՝ գլխացավի, գլխապտույտի, հոգնածության դեպքում խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 50-100 գրամ բնական մեղր, ինչը նաեւ արյան բաղադրությունը կարգավորող եւ ինքնազգացողությունը բարձրացնող միջոց է։ Այն պետք է ընդունել ամեն օր, 2 ամիս անընդմեջ։

Մեղրը հրաշալիորեն ամրացնում, կոփում է երեխաների նյարդային համակարգը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ամեն գիշեր` քնելուց առաջ, տալ նրանց 1 թեյի գդալ մեղր։ Այս միջոցը կանխում է նաեւ երեխաների գիշերամիզությունը։

Գլխացավերը երբեմն տարբեր ախտանիշների ահազանգ է մեր օրգանիզմի կողմից, որի բուն պատճառը պետք է պարզել:

Տնային պայմաններում գլխացավը մեղմելու համար կարող եք պատրաստել կանաչ կամ սեւ թեյախոտով թեյ, ավելացնել մեկ պտղունց անանուխ, խմել 1 բաժակ։ 15-20 րոպեից գլխացավն անցնում է։

Նյարդացավերի, սրտխառնուքի ու փսխումների դեմ առաջարկվում է օգտագործել անանուխի թուրմ։ Անանուխի տարբեր տեսակների տերեւների վրա 1:20 հարաբերությամբ լցնել 70%-անոց սպիրտ, թրմել 1 շաբաթ։ Ընդունել 10-15-ական կաթիլ։ Իսկ գլխացավերի ու սրտխառնուքի դեպքում` թուրմի 20-25 կաթիլը լուծել 1 բաժակ սառը ջրում եւ խմել։

glxacav8-2

Անքնության դեպքում առաջարկվում է. կարմիր գինու մեջ մարմանդ կրակի վրա եփել սամիթի սերմ եւ որպես քնաբեր, ընդունել երեկոյան։ Խորհուրդ է տրվում ընդունել նան մեղրի, գինու եւ օշինդրի խառնուրդ։

Անքնության դեմ արդյունավետ միջոց է նաեւ հետեւյալ դեղամիջոցը. 25 գրամ եղեւնու կոների վրա լցնել 100 միլիգրամ սպիրտ, մութ տեղում թրմել 1 շաբաթ։ Ամանը երբեմն-երբեմն թափահարել։ Ընդունել օրը 2-3 անգամ, երեկոյան ժամերին` մեկական թեյի գդալ։

Գրգռված նյարդերը հանգստացնելու համար լավ օգնում են հետեւյալ դեղամիջոցները, բանկայի մեջ 3 բաժակ բռինչին խառնել 2 լիտր եռացրած ջուր, ծածկել այն սովորական կափարիչով, փաթաթել շալով եւ հինգ ժամ պահել մութ, տաք տեղում։ Այնուհետեւ քամել որեւէ ամանի մեջ, հատապտուղները եւս տրորել փայտե գդալով եւ նորից քամել։ Ստացված թուրմին ավելացնել կես լիտր մեղր։ Այս բաղադրությունը օգտագործել օրը 3 անգամ, ուտելուց հետո։

Նյարդերը հանգստացնում է նաեւ 20 գրամ ալոճի տերեւի, 20 գրամ մորու տերեւի, 20 գրամ խնկենու տերեւի, 15 գրամ առյուծագիի, 10 գրամ մասուրի, 10 գրամ նարնջի կեղեւի, 5 գրամ վաղենիկի ծաղիկների խառնուրդով պատրաստված թեյը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29