«Որ արատավոր երեւույթներն այլեւս տեղ չունենան ու հնարավորինս նվազեն, պետք է հիմքեր նախապատրաստվեն, որովհետեւ կան մարդիկ, որոնք ընդհանրապես պետք է չգտնվեն ԱԺ-ում, նրանք ԱԺ պատգամավորի չափանիշին չեն համապատասխանում»,- ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողներին ուղղված վիրավորանքի դեպքին անդրադառնալով՝ ասաց Զարուհի Փոստանջյանը:
«Իհարկե, կա խնդիր նաեւ, թե ովքեր են ներկայացնում տվյալ անձին, ինչ կուսակցություն են ներկայացնում: Պետք է քաղաքական կազմակերպություններն իրենց մեջ այս արատավոր երեւույթին գնահատական տան»,- շարունակեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների պնդումներին, թե տեսանյութերում չեն տեսնում պատգամավորի կողմից վիրավորանք, հայհոյանք, Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Առաջին անգամ չէ, տարիներ շարունակ նույն վարքագիծն է դրսեւորվում»:
Մեր հարցին, թե լրագրողների պահանջը՝ հրապարակային ներողություն խնդրել, խմբակցությունների կողմից դատապարտող հայտարարություններ տարածելը բավարա՞ր է, էլ ի՞նչ պետք է պահանջեին լրագրողները, պատգամավորն ասաց. «Ես գտնում եմ, որ դրական է, որ դուք պահանջ եք ներկայացնում, որովհետեւ նման պահանջների դեպքում փոխվում է նաեւ հանրային ընկալումը, մարդկանց վարքագիծը, ձեր ուշադրության ներքո պահանջներին պետք է հետամուտ լինել ու հասնել ինչ-որ հանգրվանի: Այն, որ պահանջում եք, որ պատգմավորը ներողություն խնդրի, դրական եմ գնահատում, շատ ցանկալի է, որ մարդիկ, որոնք սխալվել են, ուժ գտնեն իրենց մեջ ու հայցեն ներողություն»:
Կարդացեք նաև
Հարցին, իսկ միայն ներողություն խնդրելը բավարա՞ր է, ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի պատգամավորը, Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Պատիժը պետք է լինի արդարացի, իսկ արդարացի պատիժն այն է, որ նման անձինք, որոնք չեն համապատասխանում իրենց պաշտոնին, չներգրավվեն որպես ԱԺ պատգամավոր, պետք է կարողանանք հասնել նրան, որ նման մարդիկ մուտք չգործեն խորհրդարան»:
Զարուհի Փոստանջյանի համար, երբ պատգամավորը հինգ տարի ԱԺ ամբիոնից գոնե մի հայտարարություն չի անում, դա էլ է վիրավորանք. «Դա ավելի կոպիտ վիրավորանք է, քան որ վիրավորական արտահայտություն է արել, քանի որ, եթե ժողովրդի ներկայացուցիչը ձայն չի հանում, դա նույնպես պետք է դիտարկվի որպես վիրավորանք»:
Մեր հարցին, ԱԺ-ում հայհոյելու համար պատգամավորն ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի, ասաց. «Հայհոյելը քրեորեն հետապնդելի արարք է, եթե հասարակական կարգը խախտում ես, խուլիգանություն է, պետք է դրան այդպես պատասխան տրվի, նույնիսկ քրեական հետապնդում կարելի է հարուցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
գերիրական է… ուղղակի՝ գերիրական…
Տիկին Փոստանջյանը վիրաւորական վարքագծի մասին քննադատական կարծիքներ է տալիս…
Թէեւ, ձեւով մըն ալ հասկնալի է, քանի որ ինք գերագոյն մասնագէտ, անմրցելի փորձագէտ է այդ մարզում: