Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսանենգության գործով կալանավորները հայտնվել են անդունդում. նրանցից մեկն էլ ծայրահեղ ծանր է

Փետրվար 23,2016 21:00

Վրաստանից 2013 թվականին բեռնատարներով մաքսանենգ ճանապարհով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով ամբաստանվողներից մեկի՝ Վարուժան Վարդանյանի փաստաբան Հրանտ Անանյանն Aravot.am-ի հետ զրույցում այս գործը համարեց զավեշտալի:

Հիշեցնենք, որ գործը բազմադրվագ է, կան 11 ամբաստանյալներ, այդ թվում ազգությամբ վրացիներ: Սակայն նրանց մեղադրանք է առաջադրվել ոչ թե մաքսանենգություն կատարելու, այլ պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մաքսանենգությանը օժանդակելու համար: Սա պատժվում է 6-10 տարվա ազատազրկմամբ, մինչդեռ մաքսանենգությունը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

«Ընդհանուր գործն ավելի շատ զավեշտալի է այն պատճառով, որ եթե անգամ մեղադրանքները, փաստերը դիցուք դիտարկենք, թե հաստատված են, փաստերի վրա խիստ ուռճացված մեղադրական, իրավական գնահատական է դրված: Այսինքն` առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում եւ չի էլ կարող համապատասխանել այն փաստերին, որոնք որ մեղսագրվում են այս մարդկանց: Եւ սա է պատճառը, որ այս անձիք գտնվում են կալանքի տակ ու այսքան երկար ժամանակ: Այլ կերպ ասած, եթե նրանց մեղադրանքը օբյեկտիվորեն վատագույնը պետք է լիներ միջին ծանրության, ներկայումս մեղադրվում են անձիք ծանր հանցագործության մեջ, դրա համար իրենց կալանքի տակ են պահում: Զավեշտությունը հետեւյալն է, մեղադրում են, ասում են՝ լավ, դիցուք դուք մաքսանենգություն եք արել, բայց դուք մաքսանենգություն չեք արել, դուք օժանդակել եք մաքսային ծառայողի կողմից իր պաշտոնական դիրքի օգտագործմամբ, իր պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով մաքսանենգություն իրականացնելուն:

Այսինքն՝ եթե մաքսանենգը պիտի պատասխան տա մաքսանենգության կատարելու համար, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, հիմա ասում են՝ չէ, դու մաքսանենգություն չես կատարել, դու պաշտոնատար անձ մաքսային ծառայողի մաքսանենգությանը օժանդակել ես: Սա իրավական տեսանկյունից զավեշտ է: Վառ համեմատական բերեմ. կա կաշառք ստանալ հանցատեսակ ու կաշառք վերցնել հանցատեսակ, կաշառք տվողը, բնականաբար, կաշառք է տալիս, որպեսզի իր շահերին համապատասխան ինչ-որ գործողություն կատարվի կամ գործողություն կատարելուց ձեռնպահ մնա, ամեն մեկը իր յուրովի նպատակն է հետապնդում: Մյուսն էլ՝ կաշառք վերցնողը նպատակ է հետապնդում իր պաշտոնական դիրքի չարաշահմամբ հարստանա, հիմա ոնց որ ասեն, գիտեք ինչ, քանի որ կաշառք տալը շատ ավելի մեղմ է, քան թե կաշառք ստանալը, իրականում սանկցիաների տեսանկյունից շատ մեղմ է, եկեք ասենք, որ դու կաշառք չես տվել, դու կաշառք ստացողին օժանդակել ես կաշառք ստանալ ու նրան գումար ես տրամադրել: Պատկերացնո՞ւմ եք զավեշտը ուր է հասնում, այսինքն` ուղիղ համեմատականն այստեղ է, դու մաքսանենգություն չես կատարել, դու պաշտոնական դիրքը օգտագործելու եղանակով մաքսային ծառայողի մաքսանենգության կատարմանը օժանդակել ես: Սա աբսուրդ է, իրավական պարադոքս է: Սա դատական պրակտիկայի չլսված մոտեցում է», -ասում է փաստաբան Հրանտ Անանյանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում էլ դատական նիստերի շարունակ հետաձգվելու, չկայանալու պատճառներից մեկը, ըստ փաստաբանի, ամբաստանյալներից մեկի առողջական ծանր վիճակն է:

«Ամբաստանյալներից մեկի՝ շուրջ երկու տարի կալանքի տակ գտնվելու հետեւանքով առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, այն աստիճան, որ նա մահամերձ է եւ դատական նիստեր չեն կարողանում հրավիրել հենց նրա առողջական վիճակի պատճառով: Չի լինում նրա ներկայությունն ապահովել դատարան «Դատապարտյալների հիվանդանոց»-ից: Նույնիսկ հիմա, իմ տեղեկություններով, քաղաքային հիվանդանոցում՝«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում ստացիոնար պայմաններում բուժում է ստանում: «Դատապարտյալների հիվանդանոց»-ը ի վիճակի չէ ապահովել նվազագույն պահանջները, որ անձի փրկվելու համար անհրաժեշտ է, չնայած նվազագույն չէ, հիմա պահանջները բավական մեծ են, որովհետեւ վիճակը շատ է վատացել», -ասում է մեր զրուցակիցը: Փաստաբանը նշում է, որ այդքան շատ ամբաստանյալների, դատավարության մասնակիցների մեծաքանակությունը դժվարացնում է գործի արդյունավետ քննությունը, առավել եւս կան վկաներ, որոնք գտնվում են Վրաստանում ու պարզ չէ՝ կներկայանա՞ն նրանք դատարան,թե՞ ոչ:

«Եւ այս բոլորի կալանքի տակ գտնվելը անհասկանալի ձեւով շարունակաբար երկարում է: Նիստերը, ինչպես ասացի, հնարավոր չէ գումարել ամբաստանյալներից մեկի վատառողջ լինելու պատճառով, կալանքի տակ առողջական վիճակը կտրուկ վատանալու հետեւանքով, այսինքն` ոչ թե ինքնին ինքը վատ է եղել, վատ վիճակում կալանավորել են, այլ կտրուկ սրվել է վիճակը, երբ գտնվել է կալանքի տակ, այսինքն` կալանքն է դարձել պատճառ: Եւ մարդիկ ունեն ընտանիքներ, ունեցել են աշխատանք, ունեցել են իրենց առօրյա խնդիրները, ինչ-որ վարկեր են, որոնք իրենց առօրյա աշխատանքով կարողացել են մարել: Հիմա այդ ամբողջը ճակատագրական ձեւով անդրադառնում է, եւ մարդիկ անդունդի մեջ են հայտնվել այս պահին: Գործով նախագահող դատավորը պարոն Հարություն Մովսիսյանն է, դատական նիստերը հրավիրելու հետ կապված դատավորին էլ չի լինում շատ մեղադրել ստեղծված իրավիճակի մեջ: Դատական նիստերի չկայանալու պատճառը, երեւի թե, մեկ-երկու անգամ է եղել, որ դատարանի պատճառով է եղել, մյուս դեպքերում ռեսուրսներ չեն եղել, օրինակ՝ ավտոմեքենա չի եղել, որ Երեւանից կալանավոր տեղափոխի, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մեկ կալանավոր կա, եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մի ամբաստանյալ էլ պահվում, որի վիճակը, ինչպես ասացի, շատ վատ է, տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Այսինքն` նյութատեխնիկական, առողջական վիճակի պատճառով չի լինում նիստեր գումարել»:

Փաստաբանը այս գործի ելքը պատկերացնում է հետեւյալ կերպ. այն փաստերը ու գործողությունները, որոնք վերագրվում են այս մարդկանց, պետք է ապացուցվեն դատաքննության ընթացքում կամ չհաստատվեն: «Եթե չհաստատվեն, բնականաբար, իրավական գնահատականի մասին խոսք լինել չի կարող, պետք է հաջորդի արդարացման դատավճիռը: Եթե անգամ ապացուցվեն այդ փաստերը, ես ակնկալում եմ դատավորի կողմից ճիշտ իրավական գնահատական, այսինքն` վերաորակում արարքի, գոնե 215 հոդվածի 3-րդ մասից 1-ին մասով: Ես սա եմ տեսնում, ուրիշ բան չեմ տեսնում, տեսականորեն էլ միայն սա կարելի տեսնել կամ լուծման տարբերակներից կարող է լինել. գործն ավելի քան ողջամիտ ժամկետից դուրս է, որ քննվել ու քննում է, սպառվել են բոլոր տեսական հնարավորությունները գործի ընթացքի վրա ներազդելու, դատարանը հանգիստ կարող է ամբաստանյալների խափանման միջոցները փոխի,այս լարվածությունից, անդունդից հանի իրավիճակը, քանի դեռ գործում է անմեղության կանխավարկածը, քանի դեռ վերագրվող փաստերը, գործողություններն դեռեւս ապացուցված չեն, ավելի հանգիստ մթնոլորտում ՝չխաթարելով մարդկանց բնականոն կյանքը, չխառնելով ամեն ինչ, հնարավորություն տա մարդիկ գան իրենց տուն, գան, էդ եղանակով նիստեր գումարի: Այդ ժամանակ գործի տեւականությունն էլ չի ազդի մարդկանց կյանքի որակի վրա ու նաեւ նրան ընտանիքների կյանքի որակի ու նրանց տառապանքի վրա: Այսինքն` տառապանքի չի վերածվի քննությունը, խափանման միջոցը փոխվի մինչեւ հնարավոր լինի նիստեր գումարել, մինչեւ հնարավոր լինի գործը իր պատշաճ, որակին համապատասխան քննել, համապատասխան արդարացի ակտ կայացնել»,-առաջարկում է փաստաբանը:

Նշենք, որ վաղը ամբաստանյալներին դարձյալ տանելու են ԱԱԾ-Ի քննչական վարչություն: Հրանտ Անանյանը մեզ ասաց, քանի որ գործում անջատված մաս կա, նախաքննական մարմինը նրանց նորից է տանում ԱԱԾ քննչական գործողություններ կատարելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29