Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ի վարկն ուղղված է էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավմանը

Փետրվար 23,2016 19:20

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը պատասխանում է Aravot.am-ի հարցերին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Էներգետիկ համակարգի առողջացման ծրագրում ընդգրկված են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են ապահովելու բաց եւ թափանցիկ գնագոյացում էլեկտրամատակարարման շղթայի բոլոր օղակներում: Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող բաղադրիչն անդրադառնում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավմանը: Այս մասին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հաղորդագրություն է տարածել դեռեւս փետրվարի 19-ին։ Սակայն հաշվի առնելով վարկի շուրջ առկա թյուրըմբռնումը՝ մեկ անգամ ևս հայտարարում ենք.

Սակագնի հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրության եւ սպառման կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝ նախորդ երեք տարիներին ՀԷՑ-ում առաջացել են ժամկետանց պարտքեր՝ պետական մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ։ Պարտքերի առաջացման պատճառներն են՝ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը։

Մեկ անգամ եւս արձանագրենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններում ճեղքվածքի մի մասը (22,4 մլրդ դրամ), որն առաջացել է մինչեւ սեփականատիրոջ փոփոխությունը՝ 2013-2015թթ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) կողմից արտադրող ընկերություններին՝ առաքված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումների պատճառով, ներառվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված սակագներում եւ վճարվում է յուրաքանչյուր ամիս: Ամբողջ գումարը կփակվի մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը: Չվճարումների հետ կապված էներգետիկ համակարգի պետական ընկերություններում առաջացած ֆինանսական խնդիրները որեւէ կապ չունեն ՀԷՑ-ի նոր գնորդի հետ։

Այդ պայմաններում էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններն իրենց բնականոն գործունեությունն ապահովելու համար ներգրավել են կարճաժամկետ առեւտրային վարկեր եւ կուտակել չվճարված պարտավորություններ: Դրանք վերակառուցելու նպատակով անցած տարի աշխատանքներ կատարվեցին Համաշխարհային բանկի հետ և մշակվեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է ցածր տոկոսներով և երկարաժամկետ վարկային միջոցներ ներգրավել՝ համակարգի պետական ընկերությունների առեւտրային վարկերը վերակառուցելու եւ չվճարված պարտավորությունները մարելու համար։ ՀԲ տրամադրած վարկի գումարը կազմում է 30 մլն դոլար։

Հարկ է նաեւ նշել, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների բոլոր պարտքերի վերադարձը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական գործընթացների իրականացման ճանապարհով եւ որեւէ կերպ չի կարող ընդգրկվել ընկերությունների սակագներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29