Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացված շախմատի 2016 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով առաջնության մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիշեցրել է, որ այս տարի ևս երկու շախմատի դպրոց կբացվի Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ու մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մարզաձևի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ մայրաքաղաքում տարվող ծրագրային քաղաքականությունը կլինի շարունակական:
«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով, որոնք, ի դեպ, գործում են անվճար և հնարավորություն են ընձեռում բացահայտելու բազմաթիվ տաղանդաշատ երեխաների: Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ մեր այս քաղաքականությունն իսկապես հաջողվեց ու ես, թե որպես Երևանի քաղաքապետ, և թե որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը: Նաև համոզված եմ, որ ինչպես այս, այնպես էլ բոլոր մյուս մրցաշարերը հրաշալի հնարավորություն են մեր շախմատիստ փոքրիկների և պատանիների համար, որ էլ ավելի կատարելագործեն իրենց շախմատային հմտություններն ու նաև միջազգային հարթակներում շարունակեն բարձր պահել Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը», – ընդգծել է քաղաքապետը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն իր հերթին շնորհավորելով առաջնության մասնակիցներին, առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի հստակ ու նպատակային քաղաքականությունն՝ ուղղված մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ու ծրագրերի իրականացմանը:
Կարդացեք նաև
«Մարզաձևի զարգացման մասով մայրաքաղաքում վերջին տարիներին գրանցված զգալի փոփոխություններն իսկապես ողջունելի են ու կարևոր: Եվ կարող եմ միանշանակ փաստել, որ այս տաղանդաշատ ու շախմատասեր փոքրիկների համար այսօր մայրաքաղաքում հարմարավետ պայմաններ են ապահովված առաջ գնալու և նորանոր բարձունքներ նվաճելու համար»,- ընդգծել է Սմբատ Լպուտյանը:
Չորս տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 216 երեխա։ Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:
Շախմատի 2016 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Առաջնությունը սպասարկող մրցավարներն ու մայրաքաղաքի մի շարք շախմատի դպրոցների տնօրեններ էլ արժանացել են պատվոգրերի ու շնորհակալագրերի:
Հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձևի զարգացման ու մասսայականացման, ինչպես նաև մրցաշարերի անցկացման հարցում ցուցաբերած մշտական աջակցության ու հետևողական քաղաքականության համար, մասնակիցների անունից «Երևան քաղաքի պատանեկան առաջնություն» խորհրդանշական հուշամեդալ է հանձնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն