Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնիքը բացահայտվեց. Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի 25 տոկոսը գնել է 8,25 միլիոն դոլարով. (Տեսանյութ)

Փետրվար 23,2016 18:40

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունն  այն մասին, որ կառավարությունը նոր վարկ է վերցնում ՀԷՑ-ի էլեկտրաէներգիա արտադրող կայաններին չվճարած գումարները փակելու համար որոշ քաղաքական գործիչների եւ տնտեսագետների մոտ կասկածներ է հարուցում:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած քննարկման ժամանակ, վկայակոչելով Հայաստանի էլեկտրական ցանցերի հրապարակած մամլո հաղորդագրությունը, ասաց, որ, մասնավորապես այն կետը, թե ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առուվաճառքի գործառույթում իր համար վիճահարույց է. «Նշանակում է, որ նախկինում հաշվիչ էին հետ տալիս, զեղծարարություններ էին լինում դա կանխվել է: Հիմա ես սկսում եմ չհասկանալ, եթե դա այդպես է, մենք ունեինք աուդիտ, որի արդյունքները դեռ որեւէ կերպ չեն եղել, եւ արդեն իսկ այստեղ խոսվում է, որ չարաշահումներ են եղել, որի պատճառով վերահսկողությունն է բարելավվել, տեխնիկական կորուստները նվազել են: Հիմա այստեղ պետք է լինեն մեղավորներ: Ակնհայտ է, որ հայտարարությունը չի փորձում որեւէ կերպ հանրությանը տեղեկացնել, թե ովքեր են եղել այդ մեղավորները: Երբ խոսում ենք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հայտարարության մասին, մենք պետք է ընդունենք, որ այստեղ որեւէ դասական տնտեսագիտական օրենքները, կամ ընդհանարապես, թե ամբողջականացնենք, տրամաբանություն չկա»:

Արտակ Մանուկյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որը նույնպես «Մեդիա կենտրոնի» հյուրն էր, համոզված է, որ վարկ վերցնելու պատճառով էլեկտրաէներգիայի մասով հերթական թանկացումն է լինելու, այն դեպքում, երբ ողջ աշխարհում էներգակիրների գների 40-50 տոկոս էժանացում է տեղի ունենում: Ըստ պարոն Մանուկյանի, իրականությանը չի համապատասխանում Երվանդ Զախարյանի ասածն այն մասով, որ վարկը վերցնում են ՀԷՑ-ի պարտքերը մարելու նպատակով. «ՀԷՑ-ի պարտք հասկացողություն այն ցույցերից եւ որոշումներից հետո պետք է չլիներ, գինը թանկացավ եւ 49 դրամի իմաստը հենց նա էր որ այդ պարտքերը մարվեր: ՀԷՑ-ի մասնաբաժնի նոր տերը խնդիր դրեց խնայողությունների եւ այդ խնայողությունները եղել են, եղել են նաեւ հավելագրումներ, որոնցով եւս պետք է այդ պարտքերը փակեին, եւ հայտարարություն եղավ, որ ՀԷՑ-ը պետք է աշխատի շահույթով: Եվ հանկարծ խաղաղ երկնքում ամպրոպ, գալիս են ասում պարտք կա, այդ պարտքի համար վարկ ենք վերցնում, վարկը վերցնում ենք, որ հին վարկերը փակենք, անհասկանալի բաներ»:

Արտակ Մանուկյանն ուսումնասիրել է ՌԱՕԵԷՍ-ի ֆինանսական հաշվետվությունները, հասկանալու համար, թե գործարքի ձեռքբերումն ինչ կերպ է անդրադարձել եւ արդյոք ՀԷՑ-ի այն պնդումը, որ շահույթով է աշխատում իրականությանը համապատասխանում է: Ըստ տնտեսագետի. «Գործարքի գինը չէր բարձրաձայնվում եւ Սամվել Կարապետյանն ասում էր, որ 220  միլիոն դոլարի կարգի պարտքերն է, սակայն իննը ամսվա հաշվետվությունում նշված է, որ 25 տոկոսի համար վճարվել է 8,25 միլիոն դոլար, եթե բազմապատկենք, մոտ 33 միլիոն դոլար է լինում, բացի պարտքերը, այսինքն այս է գործարքի գումարը, որը որ ներկա դարում դժվար է ծածուկ պահել»:

Արամ Մանուկյանն արձագանքելով հարցրեց, եթե 25 տոկոսն է գնել Սամվել Կարապետյանը, ստացվո՞ւմ է, որ մենք պարտք ենք վերցնում ՌԱՕԵԷՍ-ի պարտքերը մարելու համար:

Արտակ Մանուկյանի խոսքերով, վարկը վերցնում են ռազմավարության համար. «Ես կհասկանամ, որ իրենք ասեն մենք վարկ ենք վերցնում այլընտրանքային էներգիան, որը սկզբնական փուլում կարող է սակագնի վրա դեպի բարձրացնող ազդեցություն ունենա, բայց հաշվի առնելով, որ օգոստոսին, ըստ էության, մենք պետք է սակագնի նվազում ակնկալենք որովհետեւ մենք այդ պարտքն, ըստ էության վճարել ենք, մենք վարկ ենք վերցնում եւ երկարաժամկետ աճի գործոն ենք ստեղծում»:

Արամ Մանուկյանի խոսքերով, «ցանկացած վարկ ուտելու հնարավորություն է ստեղծում»:
Արամ Մանուկյանը նաեւ մտահոգություն հայտնեց օր օրի աճող երկրի արտաքին պարտքի վերաբերյալ, որն, ըստ նրա հասնում է 6 միլիարդ դոլարի, ինչը մեր ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմին է մոտենում: Պարոն Մանուկյանն ասաց, որ այդ պարտքը ավելացել է մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք 1,5 միլիարդ դոլարից հասնելով 6 միլիարդի:

Մանրամասները` տեսանյութում

Նշենք, որ «Մեդիա կենտրոնն» այս հարցի քննարկմանը հրավիր էլ նաեւ ՀՀ էներգետիկայի նախարարության մասնագետին, որը սակայն չէր եկել:
Aravot.am-ը նախարարության մամուլի ծառայությանը փոխանցելով Արամ Մանուկյանի եւ Արտակ Մանուկյանի մտահոգությունները, հարցրեց, եթե վարկ վերցնելու կարիքը չկար եւ իրականում Սամվել Կարապետյանն այն գնով է ՀԷՑ-ը ձեռք բերել, որի վճարած գումարը մարում է նաեւ ՀԷՑ-ի պարտքն, ապա ինչո՞ւ են կրկին երկիրը պարտքի տակ գցել: Հետաքրքրվեցինք նաեւ, թե 25 տոկոս բաժնեմասի պարագայում չի՞ ստացվում, որ, ինչպես Արամ Մանուկյանն է ասում, «վարկը վերցրել ենք ՌԱՕԵԷՍ-ի պարտքերը մարելու համար»:
Նախարարության մամուլի ծառայությունից ասացին, որ մասնագետների հնչեցրած մտահոգություններին կպատասխանեն ավելի ուշ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29