ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրերով՝ Վազգեն Ռշտունին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, իսկ Դավիթ Հարությունյանը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Փետրվարի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ու աշխատակազմին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ նախագահ Վազգեն Ռշտունուն:
Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներին ու աշխատակազմին է ներկայացվել նաև դատարանի նորանշանակ նախագահ Դավիթ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Արման Մկրտումյանը, շնորհավորելով Վազգեն Ռշտունուն և Դավիթ Հարությունյանին, նշել է, որ նրանց աշխատանքային փորձը, հմտություններն ու մարդկային որակները լրիվ բավարար են դատարանի նախագահի պարտականությունները գերազանց կատարելու և նշված դատարաններում դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ մի շարք հարցերի:
ՀՀ դատական դեպարտամենտի Հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչություն